Բարմենը, ստատուսագիրը, պատերազմի մասնակիցը մեկ մարդու մեջ

Բարմենը, ստատուսագիրը, պատերազմի մասնակիցը մեկ մարդու մեջ

465

Չարենցավանցի  Ստեփան Մանուկյանի մեջ ապրում է երեք մարդ. բարմենը, ստատուսագիրը և պատերազմի մասնակիցը կառուցում են նրա էությունը։ Ստեփանը թեև 23 տարեկան է, սակայն սուպերմարկետներում նրան ծխախոտ չեն վաճառում. տարիքով փոքր է երևում։

Անկեղծ եմ ասում՝ անձնագիրս միշտ մոտս եմ պահում, մինչև ցույց չտամ, ծխախոտ չեն տալիս։

Ստեփանը ֆեյսբուքում շատ ակտիվ է, պարբերաբար հումորային գրառումներ անելով՝ փորձում է ֆեյսբուքը դարձնել լուրջ հարթակ։

-Փորձել եմ կոտրել ֆեյսբուքյան լրջությունը իմ գրառումներով ու կատակներով, կարծես թե ստացվում է, բայցև ֆեյսբուքը լուրջ հնարավորություն է տալիս մարդկանց առաջ տանելու իրենց բրենդը, ապրանքը։

Ստեփանը ունի հազարավոր ֆեյսբուքյան ընկերներ, որոնց կարծիքը, անգամ մեկ «լայքը» շատ կարևոր է նրա  համար։

-Ֆեյսբուքում նաև ծանոթացել եմ շատ մարդկանց հետ, ովքեր հարազատ են դարձել, ու հենց ֆեյսբուքի մի լայքը պատճառ հանդիսացավ իմ այսօրվա աշխատանքի համար, կարելի է ասել՝ «լայքը» փոխեց կյանքս։

Ստեփան Մանուկյանը բարմենների ասոցացիայում միջազգային ստանդարտներին համապատասխան բարմենություն է սովորել, նրա կարծիքով բարմենի աշխատանքը ո՛չ մասնագիտություն է, ոչ էլ հոբբի, այն ապրելաոճ է, որը լուրջ հմտություններ և գիտելիքներ է պահանջում։

Նախ պետք է կարողանաս շփվել մարդկանց հետ, մանավանդ՝ գինովցած մարդկանց հետ, պետք է բոլոր մասնագիտություններից էլ մի քիչ -մի քիչ  տեղյակ լինես, որ բարի մոտ նստած հյուրի հետ կարողանաս դիալոգ պահպանել, բժշկի հետ բշկությունից խոսես, մատնահարդարի հետ՝ գելլաքից։

-Երեք պատճառ, որ Ձեզ ստիպում են ժպտալ։

Ինձ ժպտալու, երջանիկ լինելու համար շատ բան պետք չի, բայց գարեջուրը դրանցից մեկն է։

-Կյանքի կարգախոս ունե՞ք։

-Որպես էդպիսին կյանքի կարգախոս չունեմ, բայց ունեմ  սիրելի կարգախոս. «Все будет, но не сразу»։

Ստեփանը մեկն էր շատերից, որ 44-օրյա  պատերազմի օրերին կամավորագրվեցին և մեկնեցին առաջնագիծ, ռազմաճակատ մեկնելը անընդհատ ձգձգվում էր, Բայց Ստեփանը հստակ որոշել էր, որ պիտի գնա։

«Զինկոմից զանգ ստացա, ներկայացա, որ գնամ, չստացվեց, չտարան, ինչ-որ խնդիր կար, հաջորդ օրը ասացին ներկայանամ, ներկայացա, մեքենայի խնդիր կար, էլի չստացվեց, չտարան, երրորդ օրը գնացի, ասացին, որ էսօր էլ չի լինում, պետք ա վաղը ներկայանամ, հաջորդ օրը առավոտ շուտ զինկոմում էի, պատրաստված, բոլորին հերթով կանչում էին, իմ անունը չկար, ինձ էլ արդեն դեմքով էլ գիտեին, էնքան էի գնացել-եկել, իմ անունը չէին տալիս ու չէին տալիս, մարդ կար պակասող, ասացի, որ ես կգնամ իր տեղը, ես էստեղ եմ, պատրաստ եկել եմ, նստեցի ավտոբուսը, որ գնանք, իջացրեցին, չէր կարելի էդպես, ու էլի ինձ չտարան, էդպես մինչև 7-րդ անգամ  վերջապես ստացվեց մեկնել։

-Ի՞նչ փոխեց պատերազմը քո մեջ։

-Թե ինչ փոխեց, դժվար է պատասխանելը, քանի որ փոխվեց ամեն ինչ՝ բառիս ուղիղ իմաստով։ Իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ պատերազմ մեկնելուց առաջ և պատերազմ մեկնելուց հետո։ Ուղղակի պատերազմից շատ չեմ ուզում խոսել, վերհիշել, վերապրել էդ ամենը, տհաճ ա, ցավոտ։

Պատերազմի ամենաթեժ օրերին Ստեփանը վիրավորվեց, նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել.

«Ապաքինվում եմ։ Հուսով եմ՝ պատերազմի ավարտի պայմանները կպահվեն ու մեր գերի ընկած տղերքը հետ կգան, անհայտ կորածներն էլ կգտնվեն։ Հույսս չի կորում»։

Մարիամ Հարությունյան

3-րդ կուրս

Կիսվել