Երևանից Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնք հասնելու համար անձնական մեքենա չունեցող բնակիչը ծախսում է 2600 դրամ։ Երևանից Ապարան հեռավորությունը 3 անգամ մեծ է Ապարան-Մելիքգյուղ հեռավորությունից, բայց այս՝ ավելի փոքր ճանապարհն անցնելու համար բնակիչները ստիպված են եռակի ավելի վճարել և գյուղ հասնել տաքսիով։
Մելիքգյուղը 50 տարի է հասարակական տրանսպորտ չունի։ Գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհներն անբարեկարգ էին։
Համայնքապետարանը տրանսպորտի բացակայությունը միշտ հիմնավորել է ճանապարհի անբարեկարգությամբ և նրանով, որ ոչ մի կազմակերպություն չի համաձայնում այդ ճանապարհի համար երթուղայիններ տրամադրել։ Այս տարի՝ 2021-ին, գյուղի կենտրոնական ճանապարհը հիմնանորոգվեց։
Որոշ ժամանակ գյուղում որպես հասարակական տրանսպորտ օգտագործվում էին բնակիչներից երկուսի սեփական ավտոբուսները։ Նրանք օրը մեկ անգամ առավոտյան ուղևորվում էին Երևան և երեկոյան վերադառնում։ Հետո գյուղացիներին սկսեց ծառայել իր խանութի համար գնումների գնացող մեկ այլ համագյուղացի՝ իր ավտոմեքենայով, շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ։ Հիմա Մելիքգյուղ համայնքից մայրաքաղաք հասնող ոչ մի երթուղային չկա։ Նախկինում որպես վարորդ աշխատած բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասում է՝ անձնական մեքենա ունեցողները շատ են, ավտոբուսից քչերը կօգտվեն։
Մինչդեռ գյուղացիների շրջանում անցկացրած մեր առցանց հարցման արդյունքները ցույց են տալիս, որ տրանսպորտի առկայության դեպքում շատերը կօգտվեն։
Գյուղի 28 ուսանողներից 27-ը հարկադրված տեղափոխվել է Երևան կամ դրան մոտ այլ բնակավայր, քանի որ ամեն օր գյուղից Երևան հասնելու միակ տարբերակը տաքսիից, ապա հարակից բնակավայրերի երթուղայիններից օգտվելն է։ Անձնական մեքենա չունեցողները Ապարան քաղաք հասնելու համար ստիպված օգտվում են տաքսիներից՝ վճարելով նվազագույնը 2000 դրամ, ապա ևս 600 դրամ՝ Երևան հասնելու համար։
Ճանապարհի վերանորոգումից հետո էլ գյուղում հասարակական տրանսպորտի հարցը չլուծվեց։ Բնակիչների բանավոր դիմումներին ի պատասխան՝ համայնքապետարանից նշել են, թե գյուղի բյուջեն չի բավարարում սեփական միջոցներով հասարակական տրանսպորտի ծախսերը հոգալու համար։ Ըստ Արագածոտնի մարզպետարանի հայտնած տվյալների՝ 2021թ. Մելիքգյուղի տարեկան փաստացի բյուջեն կազմում է 38.518.400 դրամ, որն ամբողջությամբ օգտագործվում է գյուղի ընթացիկ կարիքների համար՝ լուսավորություն, մաքրող տեխնիկա, աշխատավարձեր և այլ ծախսեր։
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո Մելիքգյուղը միացավ Ապարան խոշորացված համայնքին։ Դիմեցինք Ապարանի քաղաքապետարան՝ ճշտելու՝ արդյո՞ք ընտրություններից հետո նախատեսվում է հասարակական տրանսպորտ տրամադրել այն գյուղերին, որոնք կընդգրկվեն Ապարան համայնքի մեջ։ Քաղաքապետարանից, սակայն, նշեցին, որ այս պահին որևէ հստակ պատասխան տալ չեն կարող։ Հարցը կքննարկվի ընտրություններից հետո՝ ավելի ուշ։ Համայնքի բնակիչները դեռ սպասում են և համաձայն են անգամ օրը մեկ անգամ աշխատող երթուղային ունենալ։
Նշենք, որ ընտրությունների արդյունքում Ապարան խոշորացված համայնքի ղեկավար է վերընտրվել Կարեն Եղիազարյանը, որը համայնքը ղեկավարում է 2017-ից և անկուսակցական է։
Օֆելյա Արսենյան
3-րդ կուրս