Վարպետ Ալբերտի թառն ու խառնաշփոթ արհեստանոցը

Վարպետ Ալբերտի թառն ու խառնաշփոթ արհեստանոցը

651

«Թառ սկսել եմ նվագել 52 թվականից, գործիքների պատրաստմամբ զբաղվել եմ 62 թվականից»,- այսպես է սկսվել Ալբերտ Զաքարյանի ուղին, որին այսօր արդեն բոլորը ճանաչում են որպես վարպետ Ալբերտ։

Թե քանի գործիք է պատրաստել այս տարիների ընթացքում, չի կարող հիշել, բայց ասում է՝ չի եղել գործիք, որ ասի, թե ավելի թանկ ու կարևոր է մյուսից. «Միշտ իմ աշխատանքը փորձում եմ քրտնաջան ձևով անել ու ըստ դրա էլ հետո գնահատում եմ»։ 

Բոլոր երաժշտական գործիքներն էլ հետաքրքիր են, բայց դրանցից ամենահետաքրքիրը, որի մասին ցանկացավ պատմել Վարպետը, թառն է:

Թառ պատրաստելը հեշտ գործ չէ, պահանջում է երկար ու մանրակրկիտ աշխատանք. «Գործիքը բաժանվում է երեք մասի՝ գլուխ, վիզ, իրան ու, իհարկե, ականջները, որոնց միջոցով լարում ենք թառը, որն էլ ապահովում է երաժշտության տոնն ու ձայնը»։ 

Երբ բոլոր բաղադրիչները պատրաստ են լինում, դրանք միացնում ենք իրար՝ գործիքին տալով լիարժեք տեսք։ 

Թառ կարելի է պատրաստել տարբեր ծառերի փայտերից, բայց Վարպետի խոսքով՝ այդպես հնուց է եկել՝ քամանչան պատրաստել են ծիրանենուց, իսկ թառը՝ թթենուց։ 

Վարպետը սիրում է, երբ թառը զարդարում է սադափով, բայց սադափն էլ արժեքավոր նյութ է. ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ. «Ամենագեղեցիկ գործիքը սադափով զարդարված գործիքն է։ Սադափը մարգարիտների արտաքին ծածկույթը կազմող նյութ է։ Այն նվագողի վարպետությունը ընդգծող տեսք է տալիս երաժշտական գործիքին, բայց, ցավոք, թանկարժեք է, թեև ինքն իր գինն արդարացնում է»։ 

Ինչ վերաբերում է Վարպետի առօրյային, ասում է՝ օրվա մեծ մասն անցնում է շենքի նկուղային հարկում գտնվող արհեստանոցում։ Թեև Վարպետը վերադաս չունի, բայց ինչպես բոլոր աշխատավորները, այդպես էլ նա շարժվում է կարգ ու կանոնով։ Ունի նաև իր ընդմիջման ժամը ու երբ զանգում են, ասում է ՝ մեկից երկուսը ընդմիջում է, հետո կարող եք գալ։

Տարիների ընթացքում իր արհեստանոցը լցրել է ամեն տեսակի գործիքներով, ու թեև դրանք չափից շատ են, վարպետը տեղերը չի խառնում ու ոչ էլ մոռանում է. ամեն մեկն իր տեղում դրված է։ 

«Երաժշտական գործիք պատրաստելու համար պետք է լինես լավ արհեստավոր, լավ գծագրություն իմանաս, երկրաչուփություն, հանրահաշիվ ու մինչև անգամ քիմիա»,- կատակում է վարպետը ու եզրափակում, որ տարիների ընթացքում չափագրման թվերն են իրեն դարձել ընկեր։ 

Աննա Պալաքյան

3-րդ կուրս

Կիսվել