2020 թվականի պատերազմը արցախցի 14-ամյա տղային ստիպեց իր ուսերին կրել ընտանիքի հոգսը։ Բորիսի տարիների երազանքը՝ ունենալ սեփական բիզնես, կատարվեց ժամանակից շատ շուտ։
Մինչ պատերազմը Բորիսի ընտանիքը ապրել է Հադրութի շրջանի գյուղերից մեկում։ Ծնողներն աշխատել են, ինքը սովորել է իններորդ դասարանում, իսկ ընտանիքի փոքրիկի՝ 4-ամյա եղբոր միակ զբաղմունքը խաղալն է եղել։
Բորիսն անհամբեր սպասել է, թե երբ պիտի իններորդ դասարանն ավարտի ու գա Երևան՝ ուսումը մայրաքաղաքում շարունակելու։ Թեև իններորդ դասարանը չավարտած Երևանում է, բայց ամենևին էլ ուրախ չէ. «Որոշել էի, որ պետք է ավարտեմ, գամ ու ինչ–որ բան սովորեմ, կոնկրետ չգիտեի, թե ինչ, բայց այնպիսի բան, որ հետո դառնամ բիզնեսմեն։ Չհասցրի…»։
Պատերազմի հենց առաջին օրը հայրը մեկնել է ռազմաճակատ։ Իրենք մի քանի օր մնացել են գյուղում, հետո տեղափոխվել են Թաղուտ գյուղ՝ տատիկի տուն, սակայն Թաղուտն էլ է հայտնվել հակառակորդի արկերի տակ ու ստիպված փախել են Ստեփանակերտ, այնտեղից էլ Երևան։
«Երևան գալու որոշումը ես եմ կայացրել։ Մաման չէր ուզում, բայց մնալը վտանգավոր էր, ու ես համոզեցի, որ գանք»։
Երևանում սկզբում ապրել են հորաքրոջ տանը, բայց ինչպես Բորիսն է ասում՝ չգիտեին, թե ինչ է լինելու, ու պետք էր քայլեր ձեռնարկել։
Հորաքրոջ խորհրդով ու օգնությամբ Բորիսը բացում է օնլայն խանութ. «Ես դեռ փոքրուց էի որոշել, որ երբ մեծանամ, խանութ եմ բացելու, բայց դա պետք է լիներ մթերային խանութ ու Հադրութում եւ ոչ թե օնլայն խանութ Երեւանում»։
Բորիսը խոստովանում է՝ բիզնես սկսելն այնքան էլ հեշտ չէ. թե՛ սկզբնական շրջանում, թե՛ հիմա ֆեյսբուք սոցիալական ցանցից այնքան էլ գլուխ չի հանել ու ամեն ինչ արել է հորաքրոջ օգնությամբ։ Դժվար էր նաեւ ապրանք գտնելը, որի հարցում նույնպես հորաքույրն է օգնել։
Ապրանք գտնելու ու վաճառելու գործընթացը տեղի է ունենում մի քանի փուլերով. Բորիսը նախ շրջում է քաղաքի խանութներով, փորձում է գտնել մատչելի ու որակյալ ապրանք։ Բայց գնումների հիմնական մասը կատարում է առեւտրի կենտրոններից՝ Սուրմալու, Փեթակ, Առինջ մոլ։
Այս ընթացքում հասցրել է տիրապետել բիզնեսի մի քանի հմտությունների. «Այն ապրանքները, որոնք վստահ եմ, որ վաճառվելու են, առնում, բերում եմ, իսկ որոնք կասկածում եմ, չեմ առնում. խանութում նկարում, տեղադրում եմ էջում»։
Պատերազմի օրերին պատվերները շատ-շատ էին. Բորիսի խոսքով՝ մարդիկ, իմանալով, որ տղան Հադրութից է, փորձում էին խանութից գնումներ կատարելով օգնել. «Պատերազմից հետո սկսեցին քիչ գնումներ կատարել, ու հիմա գործերն այնքան էլ լավ չեն։ Բայց միևնույն է, ես մտածում եմ խանութն ընդլայնելու մասին ու, եթե որոշեմ այլ իրեր էլ վաճառել, ապա դրանք կլինեն գրքեր»։
Պատերազմի ընթացքում վաստակած ամբողջ գումարով Բորիսը հոգացել է տան ծախսերը։ Սակայն հիմա, երբ հայրն արդեն վերադարձել է, իրենք տեղավորվել են ու փորձում են հարմարություններ ստեղծել, Բորիսը իր աշխատանքից վաստակած գումարի մի մասով շարունակում է օգնել ընտանիքին, իսկ մյուս մասն էլ հավաքում է. «Հատուկ նպատակով եմ հավաքում, բայց հիմա չեմ ասի՝ ինչ նպատակով։ Հետո բոլորն էլ կիմանան»։
Աննա Պալաքյան
3-րդ կուրս