Թուրքական տեքստիլ ապրանքների հոսքը Հայաստան 2022-ին կտրուկ կաճի

Թուրքական տեքստիլ ապրանքների հոսքը Հայաստան 2022-ին կտրուկ կաճի

381

Հարցազրույց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

Պրն Պարսյան, Հայաստանի տնտեսության համար որքանո՞վ է կարևոր տեքստիլի ոլորտը։

-Խորհրդային շրջանում Հայաստանում գործում էին մի շարք խոշոր տեքստիլ արտադրանք արտադրող ընկերություններ, որոնք արտադրանք էին արտահանում ոչ միայն նախկին Խորհրդային միության երկրներ, այլև արտասահման։ Անկախացումից հետո գործարանների մեծ մասը դադարեց աշխատել։ 2000-ականներին սկսեց տեսքստիլ արտադրության նոր գործընթաց, նոր ծրագրեր և պետք է նշենք, որ վերջին տարիների ընթացքում տեքստիլ ոլորտը բավականին զարգացել է։ Սակայն այդ զարգացմանը մշտապես խոչընդոտել է ներկրվող` հատկապես թուրքական տեքստիլը, որը տարիներ շարունակ Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ` խոշոր վնաս հասցնելով տեղական արտադրողներին։ Թուրքական տեքստիլն ամբողջությամբ գրավել է մեր ներքին շուկան: Այնուամենայնիվ, վերջին տարիների դինամիկան բավականին տրամադրող է, դրական է, հատկապես 2021 թվականի ընթացքում այս ոլորտն էական աճ է գրանցել, որը հիմնականում պայմանավորված է թուրքական ներկրվող տեքստիլի սահմանափակմամբ։ Հիշեցնեմ, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին կառավարությունը վեց ամսով արգելեց թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան, այդ թվում` նաև տեքստիլի։ Դա նպաստեց տեղական տեքստիլի արտադրության խթանմանը, նոր արտադրություններ ստեղծվեցին։ Եվ պատահական չէ, որ 2021 թվականի թվերը բավականին լավն են։ Տարիներ շարունակ Թուրքիայից մենք ներկրում էինք պատրաստի արտադրանք և արտահանում էինք հիմնականում չմշակված կաշի, այսինքն` այդ կաշին գնում էր Թուրքիա, վերամշակվում էր, թանկ վաճառվում էր մեզ վրա։ Կառավարության ընդունած սահմանափակումը թույլ տվեց, որ այդ կաշին մնա Հայաստանում և վերամշակվի Հայաստանի վերամշակվող գործարանների կողմից: Դա նպաստեց, որ այդ ոլորտում էական աճ գրանցվի։ Տրիկոտաժի արտադրությունը կարող է էլ ավելի զարգանալ, կայունանալ, եթե կառավարությունը համարձակություն և քաղաքական կամք ունենա շարունակել թուրքական հագուստի ներկրման արգելքի քաղաքականությունը։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ 2022 թվականի հունվարի 1-ից արգելքը վերացավ, որի հետևանքով թուրքական ապրանքներն արդեն առանց խոչընդոտի կարող են ներկրվել Հայաստան։ 2021 թվականի ընթացքում թուրքական ապրանքները դարձյալ գալիս էին Հայաստան, բայց այլ երկրներից, լրացուցիչ ծախսեր էին կատարվում դա անելու համար, ներկրում էին այլ երկիր, հետո բերում էին Հայաստան կամ պիտակներն էին կտրում։ Հիմա այդ լրացուցիչ ծախսերը դուրս են եկել։ Այժմ ամեն մեկը կարող է Թուրքիայից ապրանք բերել, և թուրքական ապրանքների հոսքը Հայաստան 2022 թվականի ընթացքում կտրուկ կավելանա։ Թուրքական լիրան արժեզրկվել է, և թուրքական ապրանքներն էլ ավելի էժան են։ Սա կարող է մեծ վնաս հասցնել զարգացող տեքստիլ ոլորտին։ 

Կառավարությունն ի՞նչ պետք է անի տեքստիլի զարգացման համար, որ չի անում։

-Թուրքական տեքստիլի փոխարինման քաղաքականությունը պետք է պահպանվի։ Մենք պետք է տեղում արտադրենք, այլ ոչ թե գնենք Թուրքիայից։ Կառավարությունը պետք է աջակցություն տրամադրի տեքստիլ արտադրողներին, քանի որ թուրքական ապրանքներն էժան են նաև այն պատճառով, որ էներգակիրներն ավելի էժան են։ Համեմատության համար նշեմ, որ հոսանքը Թուրքիայում 6 ցենտ է, Հայաստանում` մոտ 12 ցենտ։ Գազը մոտ 20 անգամ բիզնեսի համար Թուրքիայում էժան է, քան` Հայաստանում։ Նաև թուրքական կառավարությունը աջակցության մեծ ծրագրեր ունի տեքստիլ արտադրողների և արտահանողների համար։ Մեզ մոտ այդ ծրագրերը բավականին թույլ են և տարերային, պետության կողմից չկա հստակ մշակված քաղաքականություն, որը թույլ կտա ներդրողին հավատալ, որ այս շուկան պաշտպանված կլինի թուրքական ներկրումից։ Գոնե 2-3 տարի հարկավոր է, որ տեքստիլ արտադրողները հավատան և ներդրում կատարեն Հայաստանում երկարաժամկետ առումով։ Ասեմ, որ մենք լավ հնարավորություններ ունենք ԵԱՏՄ շրջանակներում տեքստիլ արտադրանք արտահանելու ոչ միայն ԵԱՏՄ երկրներ, այլև ԵԱՏՄ երկրների հետ համաձայնագիր ունեցող երկրներ, բայց դա մենք չենք անում։ Այսինքն` կառավարության հաջորդ քայլը պետք է լինի մեր տեղական արտադրողներին ԵԱՏՄ հնարավորությունները մատնացույց անելը, օժանդակելը, որ նրանք օգտվեն ԵԱՏՄ մեխանիզմներից միջազգային շուկա դուրս գալու համար։ 

-Ո՞ր երկրների հետ կարող ենք աշխատել տեքստիլի արտադրության շրջանակներում, որ չենք աշխատում։

-Այն տեքստիլ ապրանքները, որոնք չենք կարող արտադրել, կարող ենք քննարկել Իրանից, Վիետնամից, Հնդկաստանից և այլ երկրներից ներմուծելու հնարավորությունները։ Բայց դրա համար պետք է բանակցություններ վարել, լոգիստիկայի հարցերը լուծել։ Սյունիքի ճանապարհն անվտանգային խնդիրներ ունի, որն է՛լ ավելի է դժվարացնում արտահանումն ու ներմուծումը լոգիստիկ առումով։ Կառավարությունը նաև այդ հարցը պետք է օր առաջ լուծի, որը թույլ կտա արտահանման և ներմուծման հարցերը կարգավորել։ Անցած տարի իրանցի արտադրողներ էին եկել Հայաստան և ցանկանում էին աշխատել այստեղի տեքստիլ ոլորտի կազմակերպությունների հետ։ Բայց այդ ոլորտի կազմակերպությունները չունեին այդ ցանկությունը` նոր մատակարար ու գործընկեր գտնելու։ Բայց, կարծում եմ, պետության համապատասխան աջակցության դեպքում նրանք կփոխեն իրենց գործընկերներին։

-Ինչու՞ հայկական ընկերությունները չցանկացան համագործակցել իրանցի արտադրողների հետ։

-Պատճառները շատ էին, սկսած ապրանքի գնից, որը թուրքականից համեմատաբար թանկ է, նաև ծանոթ չէին արտադրանքի որակին։ Եվ ամենակարևորը, իրանական հումքի հետ չէին աշխատել և վստահ չէին` կկարողանա՞ն աշխատել, թե` ոչ։ Այսինքն` սարքավորումների հետ չես կարող ցանկացած հումք օգտագործել, թուրքականը կարող է ստացվել, իրանականը` ոչ։ Եթե արգելք լինի, իրենք պատրադրված կգնան դեպի այլ երկրների հումքով գործունեության։  

-Հայաստանն ունի՞ հեռանկարներ` կապված տեքստիլ որոտի հետ։

-Հայաստանը միանշանակ ունի, բայց աշխարհում կան երկրներ, որոնց աշխատուժն անհամեմատ էժան է, և նրանք ավելի մեծ ծավալով արտադրանք են արտահանում։ Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանը կարող է դառնալ ինքնաբավ կամ կարող է հաղթել այնպիսի տեքստիլ արտադրողների, ինչպիսին են Թուրքիան կամ Չինաստանը։ Խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է փորձի պաշտպանել իր ներքին շուկան։ Այդ բոլոր երկրներն իրենց տեքստիլ արտադրողներին աջակցում են, նրանք ոչ միայն մասշտաբի էֆեկտ ունեն, այլ նաև` պետության աջակցությունը։ Անհավասար մրցակցային պայքար է։ Տեքստիլ ոլորտը կարող է զարգանալ միայն պետական կարգավորման պայմաններում։ 

Լուսինե Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել