«Հայ ուսանողներն այնտեղ լավագույնն էին…»

«Հայ ուսանողներն այնտեղ լավագույնն էին…»

921

Կրթությունը շատ կարևոր է։ Շատերն են ցանկանում գոնե մեկ անգամ ուրիշ երկրում սովորելու հնարավորություն ունենալ

Journalist.am-ի զրուցակիցը erazmus plus ծրագրի մասնակից Վիկտորյա Բաբախանյանն է։

-Ինչպե՞ս իմացաք ծրագրի մասին:

-Ծրագրի մասին իմացել եմ մեր համալսարանի կայքից, չնայած մինչ այդ գիտեի, որ ԵՊՀ-ում շատ են լինում նման ծրագրեր:

Երբ ԵՊՀ-ի հայտարարություններ բաժնում կարդացի, որ նոր ծրագիր են հայտարարել, և ցանկացողները կարող են դիմել, որոշեցի մասնակցել։ Նշված էր նաև, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Հավաքեցի  բոլոր փաստաթղթերս  և ուղարկեցի։

Հե՞շտ էր հարցազրույցի փուլը։

-Ճիշտն ասած, երկու ծրագրի համար եմ դիմել, հետևաբար երկու հարցազրույցի եմ մասնակցել։ Հարցազրուցների ժամանակ կազմերը  տարբեր  էին, բնականաբար, արդեն  մարդկանցից էր կախված հարցազրույցի ձևը։

Առաջինի ժամանակ լարվածությունս մի քիչ շատ էր, իսկ  երկրորդի ժամանակ արդեն շատ հեշտ էր, ինձ էլ  հիշում էին այն անդամները, ովքեր նախորդին տեսել էին։ Ավելի քիչ էի կաշկանդված, հարցերը պարզ էին ու հստակ, պետք էր ուղղակի չլարվել և կոնկրետ հարցին պատասխանել։ Միշտ փորձում ենք այնպես անել, որ պատմելուց չափազանցված ներկայացնենք, բայց հարցազրույցի ժամանակ պետք է կոնկրետ հարցին պատասխանել։ Երկրորդի ժամանակ հենց այդպես էլ արեցի, դրա համար շատ հեշտ էր։

Ի՞նչ խնդիրներ առաջացան։

-Շատ-շատ էին խնդիրները, անընդհատ խնդիրներ էի ունենում։ Չնայած, չէի ասի, որ հենց առաջին փուլում։ Խնդիր կար դեսպանատան  հետ կապված ու  այն համալսարանի, որտեղ դիմել էի։ Խնդիրը պայմանագրի կնքման հետ է շատ լինում, քանի որ  առարկաները ընտրելու դժվարություն է լինում: Կարող է սխալմունք լինել, իսկ դա շատ կարևոր է հետո տարբերությունները հանձնելու համար։ Բայց միջազգային կապերում, երբ դիմում ես, այնտեղ օգնում են, տեղեկություն տալիս։ Խնդիր է եղել նաև թարգմանությունների հետ կապված։ Կան փաստաթղթեր, որոնք համալսարանն է տրամադրում, և պետք է թարգմանել։

Մոտիվացիոն նամակում ու CV-ում խնդիրներ չկային, պետք էր  կառուցվածքը ճիշտ հասկանալ և շարադրել, դրանց ծանոթ էի, հեշտ է ստացվել։ Հիմնականում տեխնիկական խնդիրներ են եղել։

Արդյո՞ք դժվար էր 4 ամիս հայրենիքից դուրս, միայնակ ապրել։

-Իրականում ոչ, ընդհանրապես դժվար չէ: Չնայած մարդու տեսակից է կախված։ 4 ամիսների ընթացքում  հետ վերադառնալու կամ զղջալու մտքեր չեմ ունեցել։ Շատ-շատ  գոհ եմ եղել, և ընդհակառակը, չէի ուզում հետ վերադառնալ, ուզում էի էլի երկարեցնել։ Նրանք ամեն ինչ անում էին, որ մենք չնեղվենք։

Քաղաքը շատ լավն էր, շատ էի հավանել, երևի հենց դրա համար էլ կարոտ կամ հետ վերադառնալու ցանկություն չեմ ունեցել։

Իսկ միայնակ ապրելու հետ կապված` միշտ ինքնուրույն եմ եղել։ Անընդհատ որոշ ժամանակով ծնողներիցս հեռու եմ եղել, թեկուզ մի քանի ամսով, դրա համար շոկային որևէ բան չկար։ Սովոր էի և կարողանում էի ամեն ինչ անել։ Բացի այդ, հետս ուրիշ մարդիկ էլ էին ապրում, այդ թվում հայեր, դրա համար մենակություն չես զգում, և դժվարություններ չեն առաջանում։

Ինձ թվում է՝ նույնիսկ ավելի լավ է միայնակ ապրելը, սովորում ես շատ խնդիրներ ինքդ լուծել, ավելի հետաքրքիր է: Կարծում  եմ, որ դա ավելի շատ դրական է, քան՝ բացասական։

Որքա՞ն ժամանակ պահանջվեց, որպեսզի ընտելանաք օտար միջավայրին։

-Շատ քիչ, երևի երկրորդ շաբաթից ինձ զգում էի այնտեղի բնակիչ։ Շատ հեշտ եմ հարմարվել: Դժվար չի եղել ընտելանալը, ու երբ հետ էի վերադառնում, արդեն ամեն ինչ գիտեի թե՛ քաղաքում, թե՛ երկրում, չնայած նրան, որ այնտեղ այն լեզվով էին խոսում, որը ես բացարձակ չէի հասկանում, բայց երբեք չեմ կաշկանդվել դրանից։

Կպատմե՞ք այնտեղի կրթական համակարգի մասին. ինչո՞վ է տարբերվում մեր կրթական համակարգից։

-Առաջին հերթին տարբերվում է տևողությամբ։ Այնտեղ 3 ամիս է սովորելու տևողությունը, ինչը Հայաստանում ավելի շատ է։ Տարբերվում է նաև գնահատման չափորոշիչներով, եթե Հայաստանում թվերով է, այնտեղ տառերով է A-F , A-ը լավագույնը, F-ը՝ ձախողումը։ Նաև քննությունների մասով կան տարբերություններ, Հայաստանում  հիմնականում տարվա մեջ երեք անգամ քննություն ենք տալիս, այնտեղ մեկ անգամ՝ վերջում։

Կարծում էի, որ այնտեղ քննություններ հանձնելը շատ բարդ է լինում, չնայած, որ այո, տրվող նյութը շատ էր, բայց այդ նյութերը սովորելը հետաքրքիր էր։ Դասախոսներն այնպիսի նյութեր չէին հանձնարարում, որոնք քեզ երբեք պետք չէին գա, այլ այն՝ ինչը ուսանողին հետաքրքիր է և անհրաժեշտ։ Իսկ քննությունները հանձնելը շատ հեշտ էր, բնականաբար, եթե սովորում ես, հեշտ է լինում։ Հայաստանում ավելի բարդ է, քան այնտեղ։

-Ինչպե՞ս էիր կառավարում ազատ ժամանակդ։

-Ազատ ժամանակ շատ ունեի։ Քանի որ դասացուցակը ես էի կազմում, այնպես էի անում, որ ինձ հարմար լինի։ Միշտ ճանապարհորդել եմ, տարբեր երկրներ եմ գնացել։ Հենց  Չեխիայի մեջ էլ եմ շատ ճանապարհորդել։ Երեկոները զբոսնում էինք։ Համալսարանը շատ միջոցառումներ էր կազմակերպում, դրանց էինք մասնակցում։ Հիմնականում նպատակս ճանապարհորդելն է եղել, ժամանակս դրան եմ հատկացրել։

Վերադառնալուց հետո հե՞շտ էր վերադառնալ նախկին կյանքին։

-Շատ դժվար եմ վերադարձել, կարելի է ասել, դեռ չեմ էլ վարադարձել։ Ընդհանրապես չէի հարմարվում, անընդհատ կոնֆլիկտների մեջ էի։ Շատ դժվար եմ տարել վերադարձս։ Հիմա էլ դեռ ամբողջովին չեմ ինտեգրվել հին կյանքիս, բայց դրա հետ մեկտեղ հետաքրքիր բան կա։ Երբ վերադարձա, չէի էլ հիշում՝ ինչպես եմ այնտեղ եղել, չէի հավատում, որ այդ ամենն ինձ հետ էր եղել։

Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք այն ուսանողնորին, ովքեր մտածում են դիմել կրթական ծրագրերի և որոշ ժամանակահատված սովորել այլ երկրում։

-Միանշանակ պետք է դիմել։ Նույնիսկ, պետք չէ մտածել՝ արժե՞, թե՞ չէ, կկարողանա՞մ, թե՞ ոչ։ Ոչ մի դժվարություն չկա։ Այստեղից ամեն ինչ շատ մեծ է երևում, մեզ թվում է, որ Հայաստանը շատ բաներով տարբերվում է, բայց դա այդպես չէ։ Ես կարծում եմ, որ հայ երեխաներն ավելի խելացի են, քան Եվրոպայում ապրող երեխաները։ Հայ ուսանողներն այնտեղ լավագույնն էին, անգամ իրենց  բալերով։ Այնտեղ ոչ ոք չուներ այն ցուցանիշները, որոնք մենք ունեինք։  Ուղղակի չպետք չէ կաշկանդվել, անպայման պետք է դիմել։ Պետք է ամեն  ինչ ուսումանասիրել, ամեն ինչի մեջ խորանալ՝ քաղաքը, ուր գնալու են, շրջակա երկրները։ Եվրոպան հրաշք է՝ իր ճարտարապետությամբ և ամեն ինչով։ Այնտեղ ուսանողներին մեծ տեղ են տալիս, ամեն ինչ արվում է ուսանողների հարմարավետության համար։ Այնտեղ  շատ ապահով է,  հանգիստ կարող ես դուրս գալ, որ ժամն էլ որ լինի:

Լուսանկարները՝ Վիկտորյա Բաբախանյանի

Իզա Ասծատրյան

3-րդ կուրս

Կիսվել