«2002 թվականն էր, 16 տարեկան էի, երբ ամուսնացա, ընտրյալս մեծ էր ինձանից 6 տարով: Փոքր հրապուրանք էր, բայց ես այն ժամանակ համոզված էի, որ դա է մեծ սերը։ Բայց գրեթե ամեն օր վեճ ենք ունեցել: Ինձ հանգստացնում էին, ասում էին` եթե ծեծում է, ապա սիրում է: Հերթական անգամ արտագնա աշխատանքի մեկնելուց առաջ ամուսինս ինձ զգուշացրել էր, որ անգամ մտքի ծայրով չանցկացնեմ ամուսնալուծության մասին՝ հակառակ դեպքում կսպանի ինձ»,-մեզ հետ զրույցում պատմում է Ա.-ն։
Ընտանեկան բռնությունը հանդիսանում է համակարգված գործողությունների ամբողջություն, որն արտահայտվում է պարբերաբար կրկնվող ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական ճնշումներով՝ ամուսին-կին, ծնող-երեխա այլ անձանց հարաբերությոգնների միջև՝ պարզաբանում է իրավաբան Շուշանիկ Խուրշուդյանը. «Բռնության ենթարկվող մարդը չի կարողանում զարգանալ, ինքնադրսևորվել, ինտեգրվել հասարակությունում և գործունեություն ծավալել: Ընտանեկան բռնությունը կարող է ունենալ ուղղակի և անուղղակի ազդեցություն, օրինակ՝ երեխաները, ականատես լինելով ընտանեկան բռնությանը, անուղղակի են ենթարկվում դրան»:
Հոգեբան Եվա Օհանյանի խոսքով` ընտանեկան բռնություններն ավելանում են հատկապես, երբ լարվում են քաղաքական, սոցիալական ոլորտները. «Դեռևս հետխորհրդային շրջանից առկա ներընտանեկան հարաբերություններն ավելի բարդացան՝ պայմանավորված քաղաքական, սոցիալ–տնտեսական, մշակութային անկայունությամբ: Սա էլ իր հերթին հանգեցրեց ընտանեկան հարաբերությունների ոչ կառուցողական, ագրեսիվ բնույթին՝ ընդհուպ մինչև ընտանեկան բռնությանը»:
ՀՀ մարզերի թե՛ քաղաքային, թե՛ գյուղական համայնքներում ընտանեկան բռնությունների իրականացման տեսակարար կշիռը և առանձնահատկությունները՝ ըստ դաստիարակության, կրթվածության, աշխատունակության, զբաղվածության աստիճանի, սոցիալական ապահովվածության, ընտանեկան հարաբերությունների կառուցման, ամուսնական կարգավիճակի, երեխաների թվի, տարբեր են: Ըստ Վիճակագրական կոմիտեի մեզ տրամադրած տեղեկատվության՝ մարզերի շարքում ընտանեկան բռնությունների առավել մեծ թվով աչքի են ընկնում Գեղարքունիքը, Լոռին, Արմավիրը, Վայոց ձորը, իսկ առավել նվազ քանակով՝ Տավուշը և Սյունիքը: Երևանում ընտանեկան բռնությունները նույնպես շատ են:
Եվա Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց ընտանեկան բռնությունների մի քանի հիմնական պատճառները. սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը: Մասնավորապես, որքան ցածր է ընտանիքի ամսական եկամուտը, այնքան մեծ է նվաստացումների, բռնությունների իրականացման հավանականությունը. «Ընտանեկան բռնությունը համարվում է ոչ միայն ներընտանեկան հիմնախնդիր, այլև իրավախախտում, մարդու իրավունքների ոտնահարում՝ ուղեկցվելով քրեական պատասխանատվությամբ» ։
Չնայած բազմաթիվ կազմակերպությունների, հոգեբանական աջակցման կենտրոնների և մարդկանց աջակցող այլ հաստատությունների գոյությանը՝ Հայաստանում ընտանեկան բռնությունների թվերը շարունակում են աճել.
Համաձայն ՀՀ ոստիկանության մեզ փոխանցած տեղեկության ՝ 2019 թվականին գրանցվել է ընտանեկան բռնության 485 դեպք՝ 4-ը մահվան ելքով, 2020 թվականին՝ 524 դեպք, 2021 թվականին 466 դեպքը՝ 2-ը մահվան ելքով, 2022 թվականի հունվարից մինչև մարտ՝ 55 դեպք։
Անահիտ Քարամյան
3-րդ կուրս