Այս տարվանից ատեստատները կդառնան էլեկտրոնային

Այս տարվանից ատեստատները կդառնան էլեկտրոնային

797

Այս տարվա շրջանավարտներն արդեն կստանան ոչ թե թղթե, այլ էլեկտրոնային ատեստատներ. այս մասին նշում է ԿԳՄՍ նախարարությունը և կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Մեր հարցմանը ԿԳՄՍ նախարարությունը պատասխանել է.«Հիմնական կրթության վկայականը և միջնակարգ կրթության ատեստատը լրացվելու են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ինքնաշխատ եղանակով և ստորագրվելու են կրթության կառավարման լիազոր մարմնի ղեկավարի և ուսումնական հաստատության տնօրենի կողմից՝ էլեկտրոնային ստորագրությամբ։ Վկայականները և ատեստատները պահպանվելու են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հասանելի են լինելու Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (e-verify.am)»։

Աշակերտները կստանան 16 նիշ ունեցող կոդեր և դրա հետ նաև տրման օրը ու տարին նշող թվեր, որոնցով էլ կկարողանան հատուկ համակարգում այդ կոդի միջոցով գտնել իրենց ատեստատները։ Այս մասին խոսել է կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը. «Գեներացվելուց հետո արդեն ավտոմատ եղանակով ատեստատը հայտնվում է e-verify.am կայքում, որը ՀՀ պաշտոնական փաստաթղթերի հավաստիությունը և իսկությունը ստուգելու պետական համակարգն  է»:

e-verify.am կայքում կոդը լրացնելու դեպքում  թե՛ ծնողը, թե՛ աշակերտը կարող է բացել և տպել իր ատեստատը։  Էլեկտրոնային ատեստատի տակ ստորագրում են տվյալ կրթական հատատության տնօրենն ու ՀՀ կրթության, գիտության նախարարության պատասխանատուն: Եթե ատեստատում որևէ բան է փոխվում, պետք է նորը ստեղծվի և նորից ստորագրվի համապատասխան անձանց կողմից։ Այս օրենքը վերաբերում է ինչպես 12-րդ դասարանցիներին, այնպես էլ 9-րդ դասարանի աշակերտների վկայականներին։

Արտակ Պողոսյանը նշում է, որ եթե անգամ մեկ տառ փոխվի, նախկին ատեստատը դառնում է անվավեր։ Իսկ նոր ատեստատների համար արդեն պետք են նոր ստորագրություններ, այսինքն՝ առանց տնօրենի և Կրթության, գիտության նախարարության  ստորագրության այդ փաստաթղթերը համարվում են կեղծ։

Բուհերի ընդունելության կամ աշխատանքի ընդունման համար կարելի է տրամադրված կոդը ներկայացնել համապատասխան հաստատությանը, ատեսատի հավաստիությունը ստուգելու համար։

Էլեկտրոնային ատեստատների կիրառման հիմնական նպատակը վարչարարության նվազեցումն ու կեղծ փաստաթղթերից խուսափելն է։ Միայն ատեստատների տպագրության վրա յուրաքանչյուր տարի ծախսվել է 40-ից 50 միլիոն դրամ. այս տարի հիմական և միջնակարգ կրթությամբ շուրջ 20 հազար շրջանավարտ կունենանք։

Աշակերտների հիմանական մասը գոհ չէ նոր օրենքից. 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիետա Պետրոսյանը նշում է. «Ասետատների հանձնման կարգը մեզ համար հիշարժան օրերից է, լավ կլիներ, եթե տրվեին ինչպես էլեկտրոնային տարբերակը, այնպես էլ թղթերով»։

Մանկավարժ Գայանե Հունանյանի խոսքով՝ կրթության առաջընթացի ապահովումը ոչ ֆորմալ ձևաչափով  դրական տեղաշարժ է. «Ես բավականին դրական եմ նայում էլեկտրոնային ատեստատների հանձման կարգին, այն կնվազեցնի կեղծ փաստաթղթերի կիրառությունը, բացի այդ նաև էկոլոգիական առումով այդքան թուղթ վատնելն անիմաստ է»։

Նախկինում տրված ատեստատները դեռ էլեկտրոնայինի չեն փոխվի, բայց նախկին ձևաչափով տրված ու կորցրած ատեստատների վերականգնումն արդեն կկատարվի նոր կարգով։

Անահիտ Քարամյան

3-րդ կուրս

Կիսվել