Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հոկտեմբերի 18-ին բացվեց «Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցադրությունը ներկայացնում է արվեստի տարբեր ճյուղերում վերականգնողների աշխատանքները:
«Ներկայացնում ենք վերականգնողի գործը տարբեր դրսևորումներով և տարբեր բնագավառներում: Ցուցադրված են վերականգնված գրքեր, ձեռագրեր, ասեղնագործ վարագույրներ, գորգեր, գեղանկարներ, գրաֆիկա, հնագիտական առարկաներ: Այցելուները կարող են տեսնել, թե ցուցանմուշն ինչ վիճակում է եղել առաջ և ինչպիսին է դարձել վերականգնվելուց հետո»,- ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։
Մատենադարանի տնօրենի խոսքով՝ այնպես, ինչպես մարդն իր կյանքն է վստահում բժշկին, անչափ բարձր գնահատում նրա աշխատանքը, նույնքան էլ բարձր պետք է գնահատել այն մարդկանց գործը, որոնց վստահում ենք մեր մշակութային ժառանգությունը, որը մեր ինքնությունն ու էությունն է:
Ծրագրի ղեկավար Գայանե Էլիազյանի խոսքով վերականգնողներն այն օղակն են, որ կապում են անցյալն ապագայի հետ: «Սա մեր առաջին փորձն է, որի միջոցով ուզում ենք հանրությանը մասնակից դարձնել այն երկխոսությանը, որը տեղի է ունենում վերականգնողի և վերականգնվող նյութի միջև»,- ասաց Գայանե Էլիազյանը:
Նմուշները տրամադրել են Մատենադարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պահպանության ծառայությունը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային արխիվը, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանը։ Ցուցադրությունը բաց է լինելու մինչև 2023թ․ հունիսի 9-ը։
Նարինե Ղալամյան
2-րդ կուրս