Յուրաքանչյուր կատարումից առաջ աշխարհահռչակ դաշնակահար Շահան Արծրունին փոքրիկ տեղեկություն էր տալիս ստեղծագործության պատմության վերաբերյալ, որպեսզի ունկնդիրն ավելի հետաքրքրությամբ լսի երաժշտությունը: Օրինակ՝ կին կոմպոզիտորներից մեկը, չիմանալով ինչ նվիրել Սիլվա Կապուտիկյանին նրա 60 ամյակի կապակցությամբ, երաժշտական երկ է գրել և նվիրել:
Հոկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգային սրահում Շահան Արծրունու հերթական համերգն էր, որը կազմակերպել էին Հայ օգնության ֆոնդը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը: Դաշնակահարն իր «Մտորումներ ստեղնաշարի առջև» խորագրով ունկնդիրներին ներկայացրեց հայ կին կոմպոզիտերների գործերը. դրանց շարքում էին Գեղունի Չթչյանի, Գայանե Չեբոտարյանի, Ալիսա Թերզյանի, Սիրվարդ Գարամանուկի, Գոհարիկ Ղազարոսյանի, Լյուսի Հազարապետյանի և Մերի Գույումճյանի ստեղծագործությունները:
Համերգային երեկոն շատ բովանդակալից էր, և դա փաստում էին հանդիսատեսի բուռն ծափերը:
Շահան Արծրունին՝ ծնված 1943 թվականին Ստամբուլում, նաև կոմպոզիտոր է, ուսուցիչ, դասախոս, գրող-հեռարձակող, պրոդյուսեր և իմպրեսարիո, նաև բարերար։ Նա բազմաթիվ բարեգործություններ է կատարել և հիմա էլ շարունակում է: Այս հատկանիշը փոխացվել է մորաքրոջից՝ կոմպոզիտոր Սիրվարդ Գարամանուկից, ով նույնպես բարերար է եղել:
Azg.am-ից իմանում ենք, որ Վանաձորի տարեցների տունը, որը Հայ օգնության ֆոնդի սոցիալական ծրագրերից է, նվիրյալ բարեգործներ Գևորգ և Սիրվարդ Գարամանուկների անունն է կրում․ վերջիններս եղել են ծրագրի հովանավորը, իսկ այժմ նրանց գործը շարունակում է Շահան Արծրունին:
Հենց այս տարի՝ հոկտեմբերի 8-ին, Տարեցների տանը տեղի է ունեցել Գևորգ և Սիրվարդ Գարամանուկներին նվիրված հուշաքարի բացումը, որին ներկա է եղել նաև Շահան Արծրունին:
Շահան Արծրունու կայքէջից տեղեկանում ենք, որ նա 2003 թվականին Արամ Խաչատրյանի հարյուրամյակի կապակցությամբ նշանակվել է Սփյուռքում Հայաստանի մշակույթի նախարարության լիազոր ներկայացուցիչ։ 2017 և 2019 թվականներին դարձել է սփյուռքի առաջին արտիստը, որը շրջագայել է Հայաստանի մարզերում և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում՝ դասախոսական և բեմադրական շրջագայությամբ։
Այսօր էլ նա շարունակում է իր գործունեությունը:
Լիլիթ Ապրեսյան
2-րդ կուրս