Գայա Ասոյանը այս տարի ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Նա Բերձոր քաղաքից է, սակայն պատերազմից հետո տեղափոխվել է Երևան: Գրական գործունեությունը սկսել է հենց Բերձորում և այժմ հանդիսանում է «Երիտասարդ գրողների ընտանիքի» անդամ:
«Սկսել եմ ստեղծագործել 13-14 տարեկանից: Հիմնականում գրում եմ արձակ: Սկզբում գրում էի այլ ժանրի ստեղծագործություններ, բայց դրանց բանաստեղծություն չեմ ուզում անվանել»:
Երիտասարդ գրողը ուներ ֆեյսբուքյան էջ «Հեղինակային մտքեր» անվամբ և այնտեղ էլ հրապարակում էր իր ստեղծագործությունները, բայց ոչ իր անվան տակ: Նա հրապարակում էր, բայց չէր ցանկանում, որ մարդիկ իմանան, թե ով է այդ տողերի հեղինակը:
«Պատճառը, որ չէի ցանկանում հանրությանը ներկայանալ իմ անունով, այն էր, որ չէի ուզում ինչ-որ մեկը իմանար, որ ես եմ այդ տողերի հեղինակը, քանի որ դրանք հաճախ բխում էին իմ հույզերից և ապրումներից: Բայց հետո նկատեցի, որ մարդիկ կարդում են, մարդկանց դուր է գալիս, ու պահանջարկը մեծանում է: Բացի այդ նկատեցի՝ գրերս շատ են վերցնում ու հեղինակային իրավունքի խախտում են անում: Ես շատ-շատ էի տխրում, որ իմ մասնիկը ինձնից տանում են ու իրենցը դարձնում: Այսպիսով սկսեցի ներկայանալ իմ անուն ազգանունով, նկարս հրապարակեցի, այդ դեպքում իմ շահերը պաշտպանելը ավելի հեշտ դարձավ»:
Գայան պատերազմից ամիսներ անց սկսեց գրել իր առաջին գիրքը`«Երբ որոտաց պատերազմը»: Գրքում գրել է ոչ միայն իր ապրումների, այլ նաև մի քանի հերոսների մասին: Նա գիրքը սկսել է գրել 2020թ.-ի դեկտեմբերից և գրել է մոտ 6 ամիս: Գրողը իր առջև նպատակ էր դրել, որ ականատեսի աչքերով եկող սերունդներին պատմի, թե ինչ է եղել այնտեղ:
«Ես մինչև 2020թ. հոկտեմբերի վերջը եղել եմ Բերձորում, մնացել եմ ապաստարանում և սեփական մաշկիս վրա պատերազմը զգացել եմ: Պատերազմից հետո ես լիովին փշրվել էի, այն ինձ կարողացավ կոտրել: Իմ ներսում եղածը հիմնականում գրելով եմ դուրս հանում, սակայն իրականում դժվար է վերապրել գրելով այն, ինչ տեսել ես ու զգացել»:
«Երբ որոտաց պատերազմը» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2021թ.-ի հոկտեմբերի 5-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում: Շնորհանդեսին ներկա էին Գայայի հարազատները, ընկերները, ուսուցիչները: Շնորհանդեսից հետո առաջին տպագրության տրված գրքերը շատ արագ վաճառվեցին, և Գայան գիրքը հանձնեց երկրորդ տպագրության:
Հարցին, թե իր հարազատները և ընկերները ինչպես էին վերաբերվում և ինչպես էին արձագանքում, երբ նոր էր սկսել գրել` Գայան պատասխանեց.
«Ես երբ գրում էի, անմիջապես չէի հրապարակում, տալիս էի քույրիկներս էին կարդում, հետո ընկերուհիս էր կարդում, ու իրենց երեքի կարծիքը ինձ համար արդեն բավական էր: Լավը լինելու դեպքում հրապարակում էի, վատը լինելու դեպքում կատարում էի որոշակի շտկումներ ու էլի հրապարակում: Քննադատություններից չեմ վախենում, դա ինձ օգնել է ավելի լավը դառնալ»:
Այս պահին 18-ամյա Գայան գիրք չի գրում և չգիտի՝ ապագայում երբ կգրի, բայց տպագրելու դեպքում այն կլինի ստեղծագործությունների հավաքածու:
Սյունե Սարգսյան
2-րդ կուրս