Հոբբիից բիզնես․ Շուշան Մաթոսյանի ոչ սովորական լարային արվեստը

Հոբբիից բիզնես․ Շուշան Մաթոսյանի ոչ սովորական լարային արվեստը

737

21-ամյա Շուշան Մաթոսյանը կանացի նուրբ ձեռքին խորթ թվացող մեխերով ու մուրճով արվեստ է ստեղծում։ Նախ՝ մուրճի օգնությամբ մեխերով պատկեր է ստանում հարթ տախտակի վրա, ապա թելերը պտտեցնելով՝ «հագցնում է» դրանք մեխերին։

Լարային արվեստով (string art) զբաղվող Շուշան Մաթոսյանը հիմնել է Matosyan’s Art-ը, և իր աշխատանքները վաճառում է սոցիալական ցանցերում։

-Ինչպե՞ս իմացաք արվեստի այս ճյուղի մասին։

-12 տարեկանում հաճախում էի ձեռքի աշխատանքների խմբակ և հենց այնտեղ եմ առաջին անգամ պատրաստել string art նկար։ Հետո երբևէ չէի կիրառել այդ տեխնիկան, մինչ, որ 2021 թվականի փետրվար ամսին՝ ազատ օրերիցս մեկին, որոշեցի իմ նկարներից որևէ մեկը մեխերով և թելերով պատրաստել։ Հենց պատրաստման ընթացքում էլ գաղափար առաջացավ խորանալ այս ոլորտում, արվեստի տարատեսակ ոճերը արտահայտել հենց այս տեխնիկայով։ Եվ այն, որ ամբողջ Հայաստանում սա եզակի ոլորտ է, իսկ աշխատանքներս մեծ ճանաչում ստացան, ինձ պարտավորեցրին աշխատել լավագույն տեմպով։

-Մասնագիտությամբ սոցիալական մանկավարժ եք։ Որքանո՞վ են համատեղելի այս երկուսը։

-Սկզբնական շրջանում ինձ բարդ էր թվում, և դժվար էր հասկանալ, թե ինչ ընդհանուր հայտարար կարող եմ գտնել այս երկու ոլորտների միջև։ Երբ ժամանակի ընթացքում մասնագիտական ավելի խորը ուսումնասիրություններ կատարեցի և ավելի շատ կարողություններ ձեռք բերեցի, ինձ պարզ դարձավ, թե ինչպես կարող եմ մեկը մյուսին ծառայեցնել։

-Ասացիք, որ այս երկու ուղղությունները սովորեցրիք ծառայեցնել միմյանց: Փաստորեն օգնո՞ւմ են մեկը մյուսին։

-Միանշանակ օգնում են։ Իմ առջև դրել եմ նպատակ, որը դարձել է երազանք․ ստեղծել մի կենտրոն, որը կծառայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև բոլոր երեխաներին։ Այդ խմբակում, այլ դասերից զատ, երեխաները կուսումնասիրեն նաև լարային արվեստ, ինչն էլ ավելի կզարգացնի ճանաչողական, ստեղծագործական, շարժողական հմտությունները։

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում ստեղծագործել։

-Գերագույն մոտիվացիայի աղբյուր հանդիսանում է այն, որ Հայաստանում այն եզակի մարդկանցից եմ, որ զբաղվում եմ այս արվեստով։ Դա մեծ պատասխանատվության զգացում է և շարժիչ ուժ՝ առաջ գնալու համար։ Իսկ մյուս կողմից՝ մարդկանց գեղեցիկ, ոգևորող խոսքերի շարքն է, որ ինձ երջանկացնում է և ավելին կերտելու ուժ տալիս։ Բացի դա, այս գործն ինձ համար նաև ֆինանսական աղբյուր է, քանի որ նկարները նաև վաճառում եմ, ընդունում ցանկացած տեսակի պատվերներ։

 -Ի՞նչ դժվարություններ եք ունեցել։

-Ինձ թվում է՝ այս կյանքում չկա այնպիսի մի ճանապարհ, որը հարթ ու անխոչընդոտ կլինի։ Հետևաբար, անգամ այս գունագեղ ոլորտում, երբեմն, հանդիպում են որոշակի դժվարություններ՝ կապված նոր տեխնիկաների բացահայտման և դրանք սովորելու հետ։ Անկախ ամեն ինչից՝ չեմ կոտրվում, հակառակը՝ սիրում եմ պայքարել, հասնել ցանկալի արդյունքի, ինչ գնով էլ դա լինի։

-Գործի կեսն էլ նկարելն է: Հնարավո՞ր է՝ մի օր բիզնեսին միանա նաև գեղանկարչությունը։

-Տեխնիկայի զարգացած այս դարում հնարավորությունները շատ են, ու, երբեմն, դիմում եմ փոքր-ինչ հեշտ հնարքների՝ ժամանակ խնայելու համար: Գեղանկարչությամբ շատ չեմ զբաղվում։ Չեմ բացառում, որ միգուցե հետագայում ժամանակ տրամադրեմ գեղանկարչությանը, ուսումնասիրեմ և ավելի հմտանամ։

 -Որպես երիտասարդ աղջիկ, ով արդեն հաջողությունների է հասել, ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր նոր գործ են ուզում ձեռնարկել։

-Առաջին հերթին՝ լինել աշխատասեր, ձգտող ու չկոտրվել ձախողումներից։ Լինել ինքնուրույն, սպասումներ չունենալ դիմացինից։ Գծագրել այն,ինչին ուզում եք հասնել և ինչի համար սկսել ես ամենը։ Եթե չունեք նպատակի բացատրությունը, երբեք չեք կարող հասուն ու հստակ քայլեր անել։

Լիլիա Հախվերդյան

2-րդ կուրս

Կիսվել