«Ցանկանում եմ, որ իմ հարազատ ֆակուլտետի ուսանողները լինեն նպատակասլաց և աշխատասեր». Լիլիթ...

«Ցանկանում եմ, որ իմ հարազատ ֆակուլտետի ուսանողները լինեն նպատակասլաց և աշխատասեր». Լիլիթ Մկրտչյան

617

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ Լիլիթ Մկրտչյանն այժմ սովորում է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: Լիլիթի հետ խոսել ենք մասնագիտական աճի, երկու կիսամյակ արտերկրում ստացած կրթության և ունեցած ձեռքբերումների մասին:

-Լիլիթ ջան, գիտեմ, որ «Erasmus+» ծրագրի շրջանակում սովորել ես Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում՝ «Հաղորդակցության գիտություններ» (Communication Sciences) մագիստրոսական ծրագրում, հե՞շտ էր այնտեղ հարմարվելն ու սովորելը։

-Մինչև Պորտուգալիա հասնելը գիտակցում էի՝ որքան բարդ է լինելու օտար երկրում միայնակ ապրելը։ Դժվարություններն ու խնդիրները շատ էին հատկապես սկզբում։ Օտար էին մարդիկ, փողոցները, լեզուն, միջավայրը, անգամ չկար մեկը, ում հետ կարող էի մայրենի լեզվով խոսել մտահոգություններիս մասին։ Չնայած այս ամենին՝ «մշակութային շոկը» մեծ չի եղել, քանի որ մարդիկ ջերմ էին և օգնելու պատրաստ։

Ի սկզբանե ես մեկնել էի մեկ ուսումնական կիսամյակ սովորելու համար, սակայն ուրախությունս բազմապատկվեց, երբ առաջին կիսամյակի ավարտին Մինհոյի համալսարանն առաջարկեց կրթությունս շարունակել ևս մեկ կիսամյակ, ինչը սիրով ընդունեցի։

Սովորելու հետ կապված գլխավոր դժվարությունը լեզուն էր։ Ծրագրում որպես կրթական լեզու նշված էր անգլերենը, սակայն հետագայում պարզեցի, որ պորտուգալերենն է, ինչը մի քանի անգամ բարդացնում էր սովորելու ընթացքը․ անհրաժեշտ էր նյութը թարգմանել պորտուգալերենից հայերեն՝ կիրառելով մի քանի լեզուներ ու հարթակներ։ Սա միակ բանն է, որ կուզեի փոխել իմ փորձառության մեջ։

-Սովորեցի՞ր պորտուգալերեն ի վերջո:

-Միայն պորտուգալերեն որոշ խոսակցական բառեր ու արտահայտություններ գիտեմ:

-Գո՞հ ես այդ համալսարանից և նրա տված գիտելիքից։

-Համալսարանը բավականին լավ կրթություն է տալիս ուսանողներին։ Տեսական գիտելիքներից և գործնական առաջադրանքներից զատ՝ Մինհոյի համալսարանը սովորեցնում է գիտահետազոտական աշխատանք գրելու մեթոդներն ու հմտությունները։ Սա ինձ համար գիտելիքների հարստացման լավ աղբյուր էր, որը նպաստեց ուսումնառությանս ընթացքում հետազոտական աշխատանքներ գրելուն։

-Իսկ գիտելիքից բացի ի՞նչ է տվել քեզ ծրագիրը:

-Մոտ 9 ամիս օտար երկրում ապրելը լի էր հետաքրքրություններով ու բացահայտումներով, սակայն դժվարություններ ևս շատ են եղել, որոնք կոփել են ինձ՝ դարձնելով առավել ինքնավստահ և ինքնուրույն։ Ինձ համար շատ կարևոր էր շփումն իմ հասակակից օտարերկրացիների հետ, որի շնորհիվ հարստացրել եմ գիտելիքներս տարբեր մշակույթների վերաբերյալ՝ ձեռք բերելով նոր ընկերներ ու հարազատ մարդիկ։ Սա նաև հրաշալի տարբերակ էր Հայաստանի մասին պատմելու և իմ երկիրը ճանաչելի դարձնելու առումով, ինչն էլ փորձել եմ անել առավելագույնս։ Ես միշտ ունեցել եմ Եվրոպայում ճամփորդելու երազանք, և Էրազմուսի շնորհիվ իրականություն են դարձել իմ այս և այլ շատ երազանքներ։ Այս փորձառությունը նոր տեսանկյունից ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման հնարավորություն էր՝ լի անմոռանալի հուշերով ու վառ տպավորություններով՝ ամբողջ կյանքի համար։

-Ինչո՞վ են նման և տարբեր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և Մինհոյի «Communication Sciences»-ը։

-Երկու ֆակուլտետներում էլ կարևորվում է ուսանողների պրակտիկ փորձը, ինչի համար ստեղծված են տեխնիկական հնարավորություններ, սակայն «Communication Sciences»-ում շեշտը դրված է նաև ուսանողների գիտական մտածողության զարգացման վրա, ինչն ուղղակիորեն կապված է մագիստրոսական ծրագրի անվան հետ։ Մինհոյի համալսարանի բակալավրիատի առաջին կուրսից ուսանողներին ծանոթացնում են գիտական բառապաշարին, գիտահետազոտական աշխատանք գրելու մեթոդներին և հմտություններին, իսկ քննությունների 95%-ը հիմնված է ուսանողի անհատական կամ խմբային հետազոտական աշխատանքի վրա։

Ի տարբերություն «Communication Sciences»-ի՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասերն առավել ակտիվ են անցնում՝ լի քննարկումներով, բացի դրանից՝ ուսանող-դասախոս կապն առավել անմիջական ու գործընկերային է (չմոռանալով էթիկական սահմանները), ինչը ես շատ եմ գնահատում։

-Այժմ շարունակում ես սովորել ԵՊՀ «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսում։ Զուգահեռ որևէ բանով զբաղվու՞մ ես։

-Սովորելուն զուգահեռ աշխատում եմ Երևանի պետական համալսարանի հանրային կապերի և մարքեթինգի վարչությունում։

-Շատ լավ, որպես փորձառու ուսանող՝ ի՞նչ խորհուրդ կտաս Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին։

-Ֆակուլտետը նույն հնարավորություններն է ստեղծում բոլոր ուսանողների համար։ Թե ինչքան գիտելիք, փորձ, հմտություն ու ծանոթություն կտանենք այնտեղից, կախված է հիմնականում մեզնից։ Ուստի ցանկանում եմ, որ իմ հարազատ ֆակուլտետի ուսանողները լինեն նպատակասլաց և աշխատասեր, չվախենան խոչընդոտներից ու մարտահրավերներից, անեն առավելագույնը՝ մասնագիտական ու անձնական շարունակական աճ ունենալու համար։

Լիլիթ Ապրեսյան

2-րդ կուրս

Կիսվել