«Իջե՜ք, իջե՜ք, երազներ». Երևանի թիվ 4 դպրոցն արդեն Լևոն Շանթին հիշեցնող հուշաքար...

«Իջե՜ք, իջե՜ք, երազներ». Երևանի թիվ 4 դպրոցն արդեն Լևոն Շանթին հիշեցնող հուշաքար ունի

960

Մոտեցավ այն պահը, որին դպրոցը երկար տարիներ սպասել էր, և քանի որ քանդակագործը ներկա չէր, քանդակին մոտեցան փոքրերը. առաջին դասարանի տղաներից մեկը տնօրենի օգնությամբ քաշեց սավանը, և բոլորը տեսան Լևոն Շանթի հուշաքարը՝ «Իջե՜ք, իջե՜ք, երազներ» մակագրությամբ:

Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանի բացման խոսքով նոյեմբերի 30-ին  դպրոցի 100-ամյակի կապակցությամբ կայացավ Լևոն Շանթի հուշաքարի բացման արարողությունը․ «1991թ․  թիվ 4 դպրոցը վերանվանվեց  մեծ գրողի՝ Լևոն Շանթի անունով: Դպրոցի կենսագրության  առաջին բաժնի մասին կան վկայություններ. մենք դպրոցում ունենք Մաքսիմ Գորկու արձանը, որի անունը կրել է դպրոցը, և անհրաժեշտություն կար ունենալու նաև Լևոն Շանթին հիշեցնող հուշաքար»։

Ա․ Զուռնաչյանն ասաց՝ այս հարցում իրենց օգնել է  երեխաների ծնողներից մեկը՝ քանդակագործ Դավիթ Բադալյանը:  Նա է առաջարկել այդ միտքը կյանքի կոչել, բայց հայրենիքի պաշտպանության գործում գտնվելու պատճառով ֆիզիկապես չի կարողացել ներկա գտնվել արարողությանը։

Տնօրենի խոսքը լրացնելով՝ դպրոցի ուսուցիչներից մեկն ասաց, որ Դավիթ Բադալյանը սկզբում ցանկացել է այբուբենը քանդակել և հուշ թողնել դպրոցին, սակայն դպրոցի 100-ամյակի առիթով որոշել է հուշաքար նվիրել։

Հուշաքարի բացման արարողության հյուրերից էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, Համազգային հայ կրթական մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Արտաշես Շահբազյանը, Երևանի պետական համալսարանի դասախոսներ Մհեր Հովհաննիսյանը, Կարեն Գիլոյանը և Սամվել Մուրադյանը։ Վերջինս պատմեց, որ իր երեխաները և հիմա էլ թոռնիկն այդ դպրոցում է սովորում։ Երբ իր թոռնիկին հարցրել է՝ որտեղ է սովորում, որ իմանա՝ երեխան գիտի արդյոք, թե դպրոցն ում անունն է կրում, թոռնիկը պատասխանել է. «Պապի՛կ, ես սովորում եմ Լևոն Շանթի անվան Մաքսիմ Գորկու դպրոցում»:

Ծիծաղելուց հետո Մուրադյանը նշեց, որ հուշաքարը, որն ամրացված է դպրոցի պատին, մեկընդմիշտ կվերացնի այդ թյուրիմացությունները, և դպրոցն արդեն իսկապես կկոչվի մեծ հայի, համաշխարհային մեծ հռչակ ունեցող դրամատուրգ բանաստեղծի և երկարամյա մանկավարժ Լևոն Շանթի անունով:

Ելույթ ունեցողներից Արտաշես Շահբազյանն էլ  հավաստիացրեց, որ ինքը մի ճշմարտություն գիտի, որ փոխանցված է Շանթի և նրա սերնդի կողմից. «Ծառը, որի արմատները կտրված են, նույնն է թե իր արմատներից հեռացած ժողովուրդը, ամեն մի քամու հարվածից կարող է  տապալվել»:

Արարողությանը ներկա էին նաև այդ դպրոցն ավարտած, 44-օրյա պատերազմում զոհված տղաների մայրերը։ Տնօրենն իր խոնարումի խոսքն ուղղեց նրանց, որից հետո ներկաները 1 րոպե լռությամբ հարեգեցին տղաների հիշատակը:

Լիլիթ Ապրեսյան

2-րդ կուրս

Կիսվել