Անժելան տնտեսագետ է, սովորել է Երևանի պետական համալսարանի Կառավարում բաժնում: Ուսանողական տարիներին, բացի իր մասնագիտությամբ աշխատելուց, ցանկանում էր նաև իր սեփական բիզնեսն ունենալ: Նա կավագործ է և 23 տարեկանում ունի կավե տիկնիկներով բաժակների իր բիզնեսը, որով էլ, ինչպես նա է նշում, երջանկացնում է մարդկանց :
«Դասերի ու հիմնական աշխատանքի հետ մեկտեղ ինչ-որ բաց տեղ կար, ինչ-որ բան պակաս էր: Տևական ժամանակ մտածում էի յուրահատուկ որևէ պրոդուկտ ստեղծելու մասին, իսկ բուհում ստացած գիտելիքները օգնեցին ամեն բան ճիշտ հաշվարկել: Սկսեցի ուսումնասիրել շուկան, մարդկանց նախասիրությունները ու հասկացա, որ իմ պրոդուկտը պետք է լինի նմանը չունեցող, մարդկանց երջանկություն ու էմոցիաների մի մե՜ծ փունջ պարգևող: Հենց այդտեղ էլ որոշեցի կավով ստեղծագործել»:
Անժելան սիրում է միշտ շարժման մեջ լինել: 24 ժամը նրան ոչ մի կերպ չի հերիքում: Եկավ մի ընթացք, երբ հասկացավ, որ բանկում 8 ժամյա աշխատանքը իրենից խլում է ամբողջ ցերեկը, ու անցավ գիշերային հերթափոխով աշխատանքի, որ ցերեկները կարողանա կավով զբաղվել: Այնուհետև սկսեց աշխատել միջազգային կազմակերպությունում, իսկ այդ ամենին զուգահեռ նաև սկսեց զբաղվել ՍՄՄ-ով :
Իր կավե տիկնիկների պահանջարկը մեծ է, ու տարածք էր հարկավոր, որտեղ մարդիկ կկարողանային տեսնել աշխատանքները: Այս խնդրի լուծման համար էլ նա բացեց իր խանութը, որտեղ ցուցադրված էին կավե տիկնիկներով բաժակները:
«Շատերը երբեմն չեն պատկերացնում, թե ինչպիսին է կավե կերպարն իրականում, նկարներով անհնար է իրենց ողջ գեղեցկությունը ցուցադրել: Այս պահին խանութի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: Խանութը փակելու որոշումը կայացրի հղիությանս մասին իմանալուց հետո, քանի որ այդ կարգավիճակում այլևս անհնար էր բավարարել նման մեծ պահանջարկը: Մեծ պլաններ կան խանութի հետ կապված, անպայման վերաբացվելու ենք, բայց արդեն լրիվ այլ ձևով է լինելու ամենը»:
Անժելան իր կավե տիկնիկերի կերպարները ստանում է հաճախորդների հետ քննարկելուց հետո: Նրանք միասին ընտրում են տիկնիկների հագուստը, մազերի գույնն ու ձևը: Իհարկե, լինում են դեպքեր, երբ պատրաստում է նաև իր երևակայությամբ, ու հիմնականում դրանք էլ դառնում են հետևորդների ֆավորիտները, քանի որ նա ազատ է լինում ստեղծագործելու մեջ ու ստանում է այն կերպարը, որը պատկերացնում է պատրաստելու ընթացքում:
«Անհնար է ունենալ մեծ թվով հաճախորդներ ու բավարարել բոլորին, բայց առավելագույնս փորձում եմ գոհացնել մարդկանց: Երբեք չեմ մոռանա, երբ նոր էի զբաղվում կավով, առաջին անգամ էր, որ մեկ հաճախորդը երեք հատ բաժակ էր պատվիրել, պետք է յուրաքանչյուր բաժակին տարբեր գույներով մեկական վարդ պատրաստեի: Պատրաստեցի երեքն էլ, ու վարդերից մեկը ակնհայտորեն ավելի գեղեցիկ էր ստացվել մյուսներից, ու դա նկատել էինք և՛ ես, և՛ հաճախորդը: Հաճախորդն ասաց, որ կա՛մ երեքն էլ միանման կլինեն ու կվերցնի, կա՛մ չի վերցնի ոչ մեկը: Եվս երկու գիշեր լուսացրեցի վարդերը պատրաստելով, ու վերջապես ստացվեց այն, ինչ ուզում էինք»:
Ըստ նրա՝ իր մեծ թվով հաճախորդներ ունենալու գրավականն այն է, որ նա առաջինն է նկատում իր արած աշխատանքի թերությունները ու պատրասստ է անվերջ փորձել, ծախսել շատ ժամանակ ու նյութեր, որ ստանա կոկիկ ու գեղեցիկ կերպար, որը դուր կգա և՛ իրեն, և՛ պատվիրատուին:
Անժելան նաև փոքրիկ Ստեֆանիայի մայրիկն է, ու այն հարցին, թե ինչպես է կարողանում փոքրիկի խնամքը համատեղել աշխատանքի հետ, նա պատասխանեց, որ այդ հարցում իր ամուսնու աջակցությունը շատ մեծ է:
«Աղջկաս ծնունդը մեծ փոփոխություն էր իմ կյանքում: Ոչ միայն երեխայի խնամքի հարցում, այլ նաև «ԼեմոնԱնժ»-ի մեջ ահռելի ներդրում ունի ամուսինս, ամեն հարցում աջակցում է, անընդհատ մոտիվացնում: Երեկոյան մեր տունը վերածվում է փոքրիկ արհեստանոցի, որտեղ ամուսնուս հետ տուփերն ու կերպարներն ենք պատրաստում»:
Դեկտեմբերի 23-ից 27-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Անժելայի կավե տիկնիկների ցուցահանդեսը: Այն Հայաստանում ամենամեծն է, որտեղ ցուցադրված են լինելու մոտ 300-ից ավելի բաժակներ՝ տարբեր հագուստներով և տարբեր կերպարներով: Ինչպես նա է նշում, հուսով է, որ շատերին կհասցնեն երջանկացնել իր կավե «սիրունիկները»:
Լուսանկարները՝ «ԼեմոնԱնժ»-ի ֆեյսբուքյան էջից
Անի Ստեփանյան
2-րդ կուրս