Հայկ Սեկոյան. Մենք թատրոնը կոչել ենք «թատերային ուսումնազվարճանք»

Հայկ Սեկոյան. Մենք թատրոնը կոչել ենք «թատերային ուսումնազվարճանք»

514

Ծնողավարությունից մինչև առողջ ապրելակերպ․ արդեն տասնհինգ տարի է, ինչ ինտերակտիվ ներկայացումների միջոցով այսպիսի թեմաներ է բարձրացնում Փոփոխությունների թատրոնը։ Սա շրջիկ թատրոն է, որի ներկայացումները նախատեսված են հիմնականում դպրոցականների համար։ Ինտերակտիվ ներկայացումները միջոց են՝ խնդիրները երեխաների շրջանում ավելի ընկալելի դարձնելու համար։ Թատրոնի գաղափարի եւ հեռանկարների մասին Journalist.am-ին պատմել է Փոփոխությունների թատրոնի ստեղծագործական ղեկավար Հայկ Սեկոյանը:

Թատրոնի ստեղման գաղափարն ու թիրախները

Տասնհինգ տարվա պատմություն ունեցող մեր թատրոնը սոցիալական տարբեր ծրագրերի համատեքստում կիրառվելու շատ մեծ պոտենցիալ ունի: Դա էր հիմնական ուժը, որը մեզ դրդեց սկսել և շարունակել այս գործը։ Թատրոնն ունի տարբեր դրսևորումներ, և հաճախ ինտերակտիվ ներկայացումները կրթական, իրազեկման գործիքներ են դառնում։

Մեր ներկայացումները դպրոցականների համար են՝ հիմնականում միջին, ավագ դասարանների, քոլեջի ուսանողների համար։ Կան ծրագրեր, որոնց թիրախն ավելի բարձի տարիքային խումբն է՝ ուսանողներ, մեծահասակներ։ Հիմա էլ մի ներկայացում ենք պատրաստում տարրական դասարանների աշակերտների համար։ Թեման առողջ ապրելաերպն է, սովորոցնում է ճիշտ սնվել եւ մարզվել։

Ինտերակտիվ ներկայացման բաղադրատոմսը

Միանշանակ բաղադրատոմս չունենք, բայց ցանկացած գործում, երբ մարդուն թույլ ես տալիս ներգրավվել, իր համար ավելի հետաքիր է դառնում ընթացքը։ Այս առումով շատ լավ է ինտերակտիվությունը, հանդիսատեսին դարձնում է անմիջական մասնակից։ Կան պահեր, երբ իրենք ուղղակի հանդիսատես են, բայց հետո` ինչ-որ պահից, հանդիսատեսը դառնում է մասնակից․ կարող են կարծիք հայտնել, քվեարակության մասնակցել, բեմ բարձրանալ։ Կարող են, անգամ, փոխել ներկայացման ընթացքը, և մեր համոզմամբ, դա շատ ավելի հետաքրիր, հասանելի ու ազդեցիկ է դարձնում քննարկվող թեման։

 Խոչընդոտներն ու դրանց խաղթահարման ուժը

Խոչընդոտներ շատ են լինում։ Քանի որ մեր թատրոնը պետական չէ, հիմնական ֆինանսավորում չունենք։ Փորձում ենք հովանավորներ գտնել։ Սա խնդիրներից մեկն է, ինչի պատճառով էլ հաճախ գործունեությունը դադարեցնում ենք. միշտ չէ, որ տարվա ընթացքում ակտիվ ենք լինում։ Բայց ունենք լավ գործընկերներ, որոնց հետ պարբերաբար համագործակցում ենք և որոշ առումով լուծում ենք ֆինանսավորման խնդիրը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն է մեր մշտական գործընկերներից. մենք ավելի քան տասը տարի համագործակցում ենք, շատ ներկայացումներ ենք միասին պատրաստել։ Այդ համագործակցության արդյունքում վերջերս խաղացինք «Գազարավազք» ներկայացումը, որն առաջին հայացքից զվարճալի է, բայց բարձրացրած թեման շատ լուրջ է։ Թեման ծնողավարությունն է, ընտանիքի համերաշխությունը, հոգսերը կիսելու ձևը։ Ներկայացումը մատչելի ցույց է տալիս, որ երբ այս ամենի ընթացքում ինչ-որ սխալ է լինում, տուժում է երեխան։

Այստեղ ևս հանդիսատեսը հնարավորություն ունի մասնակցելու․ քննարկումներ են լինում, կարծիքներ փոխանակում թեմայի շուրջ։ Մենք ներկայցման միջոցով բացում ենք թեման ու հարթակը, իսկ հանդիսատեսը փորձում է տարբերակներ գտնել եւ առաջարկել։ Հաճախ, հենց ներկայացման ընթացքում տեսնում ենք, թե ինչպես են փոխվում կարծրատիպային պատկերացումները:

Էմոցիաներն ու արձագանքները

Լավ արձագանքներ ենք ունենում, ինչը շատ հաճելի է, առաջին հերթին՝ գնահատված լինելու իմաստով։ Երբ տեսնում ենք՝ ինչ զգացողոություններ, ինչ էմոցիաներ են ունենում երեխաները, հասկանում ենք, որ ճիշտ գործ ենք անում։ Մենք էլ մեզ ենք լավ զգում, որ կարողանում ենք այդ օրը ինչ-որ մարդկանց համար հաճելի և օգտակար դարձնել։ Հանուն դրա էլ երկար ճանապարհներ ենք գնում։

Թատրոնը մարզեր տանելու պատճառը

Մարզերում մշակութային իմաստով կա բաց։ Կան քաղաքային թատրոններ, բայց ինտերակտիվ ներկայացումներ շատ քիչ են լինում։ Մենք լինում ենք բնակավայրերում, որտեղ ուսուցիչներն ասում են՝ երեխաները տարիներ շարունակ ներկայացումներ չեն դիտել, կան այնպիսի գյուղեր, որտեղ երբեք թատրոններ չեն եղել։ Այս դեպքում՝ ոչ միայն որևէ սոցիալական թեմա կա բարձրացնելու, այլև մարզերի բնակավայրերի երեխաներին մշակութային կյանքում ներգրավելու և նրանց անմասն չթողնելու նպատակը կա։

Փոփոխությունների թատրոնի բերած փոփոխությունները

Կարծում եմ, որ փոփոխությունները բավականին տեսանելի են։ Վերջին տարիներին շատ են տարածվել ինտերակտիվ թատրոնները, շատերն են ծանոթ դրան, ինչը ուղջունելի է։ Դե արդեն պարզ է, որ ավելի արդյունավետ եւ նաև ուսուցողական են ու ավելի հեշտ ընկալելի՝ մանավանդ երեխաների համար։ Այնքան շատ են մեր շոշափած թեմաները, դժվար է կենտրոնանալ մեկի վրա։ Փոփոխություններ բնականաբար կան։ Պարզապես դժվար է չափել, տեսնել ու հասկանալ։ Չգիտենք, թե այդ օրը մեր տված գաղափարները երեխաների մոտ երբ ծիլ կտան։

Թատրոնի երազանքը

Մեր տարածքն ունենալու երազանքը կա։ Չգիտենք՝ երբ կլինի դա, բայց մենք էլ շատ ենք ցանկանում։ Մյուս կողմից՝ տեղ ունենալը վատ չէ, բայց շրջիկ թատրոնն ավելի լավ է, ավելի շատ հնարավորություններ կան, ավելի շատ մարդկանց մասնակից դարձնելու միջոց է։ Այնպիսի բնակավայրեր ենք գնում, որ իրենց դժվար ու անհասանելի կլինի գալ Երևան։ Այս դեպքում մենք ենք թատրոնը տանում իրենց մոտ։

Լիլիա Հախվերդյան

2-րդ կուրս

Լուսանկարները՝ Փոփոխությունների թատրոնի արխիվից

Կիսվել