Արևոտ ու մեղրի պես քաղցր քաղաք ես, Մեղրի՛…

Արևոտ ու մեղրի պես քաղցր քաղաք ես, Մեղրի՛…

711

Երկար ու ոլոր ճանապարհներ անցնելուց հետո դու ես երևում ՝ լեռների ու քարերի թոնրում թաքնված։ Հայաստանի հարավի զարկերակն ես, հարավային սահմանապահը։ Առաջին անգամ քեզ հյուր եկողի հիշողության մեջ հաստատ կպահպանվեն քո թեք փողոցներն ու սարի լանջին կառուցված տները. ասես երկու մասի բաժանված լինես։ Մի կեսդ նեղլիկ փողոցներով Փոքր թաղն է՝ իր հինավուրց տներով ու բերքատու այգիներով, մյուս կեսդ հսկա շենքերն են՝ քաղաքի թեք փողոցների վրա կառուցված։  Շուրջդ ձեռք ձեռքի բռնած լեռներն են, որոնք քեզ պաշտպան են կանգնել ու իրենց մեծությամբ էլ ավելի ընդգծել քո գեղեցկությունը։ Աշնանը գույներդ միանգամից փոխում ու դեղին ես հագնում, ասես աշնան պատմած հեքիաթից ծնված լինես։ Դե էլ չեմ խոսում արաքայանարնջի նարնջագույն վարագույրներիդ մասին, որոնք արդեն սիրվել են բոլորի կողմից։ Ընդհամենը մի քանի օրում պատշգամբներում ու չորանոցներում կախված շարանները ժայռերից եկող տաքությունից ու «Մեղրու արևից» չորանում են ու անմահական չիր դառնում։

Փողոցներումդ քայլելիս ամենուրեք աշխատավոր ու հոգնած դեմքերով մարդիկ են, բայց հենց իրենցից քեզանից ենք հարցնում, միանգամից փոխվում են՝ սկսում են ժպտալ ու հպարտությամբ քո մասին խոսել: «Մեղրին մեզ համար ամբողջ աշխարհից կտրված տաքուկ մի անկյուն է…»,- ասում են նրանք։ Բնակիչներդ պատմում են, որ քեզ մոտ հյուր եկողին երբեք դրսում չես թողնում։ Բարի ես ու սիրում ես միշտ հյուրեր ընդունել։ Ասում են, որ եթե հեռու տեղերից գալիս են քեզ տեսնելու, ուրմեն ճաշատակով մարդիկ են ու ճիշտ տեղ են ընտրել շրջելու համար, որովհետև դու յուրահատուկ ես ու նմանը չունեցող։

Արաքսի հովտին ձգվող, լեռների ու քարերի հետ մի ամբողջություն դարձած,  արևոտ ու մեղրի պես քաղցր քաղաք ես,Մեղրի՛։ Զարմանալին այն է, որ երբ անցնում ենք քո թեք բարձունքն ու հասնում ամենավերև, այնտեղից մի բուռ ես երևում։ Մի բուռ քաղաք, որ նման է երկնքից կտրված հրաշքի:

Անի Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել