«Ես խնդիր ունեմ. ես դառնում եմ լավագույնն ամեն ինչում». Ժոզե Մարիու դուշ...

«Ես խնդիր ունեմ. ես դառնում եմ լավագույնն ամեն ինչում». Ժոզե Մարիու դուշ Սանտուշ Մոուրինյու Ֆելիշ

341

Այս մարզչի բնավորության գլխավոր կետը հաղթողի հոգեբանությունն է, բայց սա չի նշանակում, որ նա պերֆեկցիոնիստ է, Ժոզեն կարող է մրցակցին զիջել ցանկացած բան, բայց ոչ հաղթանակը։ Նրա հաղթանակները կերտվում են բնավորության և կամքի հաշվին, Ժոզեն չի ճանաչում հեղինակություններ և սկզբունքներ։

«Բոլորը մտածում են, որ ես միայն ինձ եմ սիրում, բայց իմ կինն այն միակն է, ում ես իսկապես սիրում եմ»։ Ժոզեի հաջողության բանալին սերն է. սեր ընտանիքի, աշխատանքի, ֆուտբոլի և կյանքի հանդեպ։ Մոուրինյոյի կինը` Մատիլդան, պատմում է, որ իր ամուսինն ընտանիքում բավականին ռոմանտիկ անձնավորություն է։ Օրինակ, չնայած նրան, որ Ժոզեն վախենում էր դաջվածք անել, իր կնոջ ծննդյան օրը նա դաստակին դաջեց կնոջ և երեխաների անունները, ու սա բավականին արժեքավոր նվեր էր Մատիլդայի համար, ով դաջվածքների մեծ սիրահար էր։ Ժոզեի համար ընտանիքը «տիեզերքի կենտրոնն է» և ամենավեհ արժեքն աշխարհում։ Մոուրինյոն մեծ ուշադրություն չի դարձնում իր քննադատներին, բայց եթե այդ քննադատն ընտանիքի անդամներից է, Ժոզեն բավականին լուրջ է վերաբերվում տվյալ հարցին։ Մոուրինյոյի որդին նշում է, որ իր հայրը շատ հանգիստ և զուսպ է ընտանեկան հարցերում, նույնիսկ, լինելով Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, նա չի խոչընդոտել որդուն երկրպագել «Բարսելոնային»։

Ժոզեն առանձնահատուկ տեղ ունի նաև Զլատան Իբրահիմովիչի կյանքում, շվեդ հարձակվողը բազմիցս նշել է, որ հանուն Մոուրինյոյի պատրաստ է նույնիսկ մահանալ։ Ըստ Զլատանի՝ Ժոզեի հանդեպ եղած համակրանքը գալիս է նրա ուղղախոսությունից, և ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչպես ես ընդունում նրա խոսքերը։ Զլատանի համար Մոուրինյոյի քննադատությունները դարձել են մոտիվացիայի աղբյուր, և նա ամեն անգամ դաշտ է դուրս եկել ապացուցելու իր լավագույն լինելը։

«Ես միայնակ տղա եմ ժամանակից ֆուտբոլում, ես ապրում եմ այլ աշխարհում և զուտ կատարում եմ իմ աշխատանքը, ես քաղաքական գործիչ չեմ և ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին, ֆուտբոլային աշխարհում ես ընկերներ չունեմ»:

Հանդուրժող հայր, հոգատար ամուսին և խստաբարո մարզիչ. սրանք են այն հիմնային հատկանիշները, որոնք կերտում են Ժոզե Մոուրինյո մարդ-անհատին։

Գուրգեն Շահնազարյան

2-րդ կուրս

Կիսվել