Երաժշտագետ, երգչուհի, դաշնակահար և նվիրյալ մանկավարժ Հասմիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում խոսել է ազգային երաժշտության ճանաչողության, դրա հետ ունեցած իր ամուր կապի և Երևանից ամեն օր Գեղարքունիքի մարզ այցելելու ու այնտեղ երաժշտություն դասավանդելու մասին։
Անդավաճան ընկերը
Երաժշտությունն իմ մանկությունից է գալիս։ Ե՛վ հայրս, և՛ մայրս շատ են սիրել երգն ու երաժշտությունը, և ես իրենցից դա սովորել եմ դեռևս փոքրուց։ Այն ժամանակ չկային ձայնագրիչներ, բայց մայրիկս ձայնապնակներ էր ճարում, լարում էր պատեֆոնը, ու մենք լսում էինք հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Լսում էինք այն, ինչը մայրս կարողանում էր հայթայթել։ Այսպես, մեր տնից միշտ երաժշտության հնչյուններ են լսվել։ Հինգերորդ դասարանից սկսել եմ արդեն սիրողական խմբակի հաճախել, բայց և այնպես՝ ծնողներս այնքան էլ կողմ չէին, որ երաժիշտ դառնամ։ Նրանք այդպիսի նպատակ երբեք չեն ունեցել, բայց երգն իմ տարերքն էր։
Եվ ես լացուկոծով սկսեցի համոզել, որ ինձ տանեն քննության՝ երաժշտական դպրոց ընդունվելու համար։ Բարեբախտաբար, ես հաղթող դուրս եկա։ Ոչ միայն ընդունվեցի, այլև միանգամից նստեցի վեցերորդ դասարան։ Ծնողներիս ուրիշ ոչինչ չէր մնում անելու, նրանք հասկացան, որ ավելի լավ է թույլ տան՝ ավարտեմ դպրոցը։ Այդ ամենն իմ պայքարի արդյունքն էր։ Մի խոսքով՝ կապն իմ ու երաժշտության միջև բավական ամուր է․ այնքան, որ մեզ բաժանել երբեք և ոչ ոք չկարողացավ։
Այն պահին, երբ ամուսնուս կորցրի, ո՛չ երգում էի, ո՛չ էլ որևէ բան ուզում անել։ Ես թողել էի մեծ բեմը։ Մի անգամ եկեղեցի էի այցելել, որտեղ տեսա, որ պատարագը չեն կարողանում երգել և ճիշտ ձևով մատուցել։ Մոտեցա և խնդրեցի օգնել, որովհետև սխալ հնչած նոտաներն ինձ վրա ազդում էին։ Երբ սկսեցի երգել, հասկացա, որ իմ մեջ կյանքը նորից վերականգնվեց։ Սկսեցի երգել երրորդ, չորրորդ անգամ ու երբ կրկին թույլտվություն էի խնդրում նորից երգելու համար, ասում էին՝ երգիր, ինչքան կամենում ես։ Դրանից հետո ինձ առաջարկեցին այդ եկեղեցու մեներգչուհին դառնալ, և ես էլ, բնականաբար, չմերժեցի։ Կարճ ասած՝ այդ ողջ ընկճվածությունից ինձ դուրս հանեց միայն ու միայն երաժշտությունը՝ այդ անկրկնելի արվեստը։
Դժվար պայքարը
Ես դպրոցն ավարտել եմ Բժշկական ինստիտուտ ընդունվելու նպատակով։ Պարապում էի կենսաբանություն, քիմիա՝ հոգուս խորքում ոչ մի կապ չունենալով ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ։ Եվ ահա, երաժշտագետի մղումով բոլորից թաքուն ես գործերս հանձնել էի մանկավարժական համալսարան։ Կտրվեցի քննությունից, որովհետև սիրողական դասերի հաճախելն ամենևին էլ բավարար չէր այդտեղ ընդունվելու համար։ Պարզապես չունեի համապատասխան գիտելիքներ։ Հետագայում ես ու երաժշտությունը՝ չնայած ծնողներիս բարկության ու հակառակ կամքին, հաղթեցինք։ Ես, իրոք, շատ շնորհակալ եմ ծնողներիս, քանի որ այդ ժամանակ մեծ միջոցներ ներդրեցին իմ գիտելիքների համար։ Օրական տասը ժամ դաշնամուր էի պարապում։ Ինձ օգնում էր այն, որ կյանքիս բոլոր փուլերում լսել էի երաժշտություն, իսկ երաժշտությունը միայն կատարելով չէ, այլ նաև պիտի լսես։
Շատ մեծ էր ծնողներիս՝ հատկապես հորս դերն իմ կյանքում։ Նա շատ է տանջվել և աշխատել իմ սովորելու համար։ Ես ուղղակի երախտապարտ եմ նրան։ Ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, շփվել եմ բազմաթիվ պրոֆեսորների հետ։ 1988 թվականին, երբ որպես «Շուշան» արտադրական միավորման ակումբի վարիչ խումբ էի տարել մրցույթի, ազգագրագետ Արուսյակ Սահակյանն ասաց՝ «մի բան էլ դու երգիր»։ Այդպես, լսելով ձայնս, հավանեց, ու ես հրավիրվեցի ռադիո՝ մեներգչուհի աշխատելու։ Իմ կյանքում մեծ դեր է ունեցել նաև ճանաչված դաշնակահար Հովհաննես Փարաջանյանը։ Նա ինձ ճիշտ ճանապարհ ցույց տվեց և իր ողջ կյանքի ընթացքում եղավ իմ կողքին։
Երաժշտագետի դերը
«Շուշան» արտադրական ընկերությունում աշխատել եմ մոտ երեք տարի։ Որպես մշակույթի մարդ՝ այդ ժամանակ ես հասկացա, որ մարդիկ ուղղակի ծանոթ չեն երաժշտությանը ու գիտելիք չունեն դրա մասին։ Մանկությանս տարիներին, երբ գնում էինք իմ ծննդավայր՝ Իջևան, մեզ հետ տանում էինք մեր ակորդեոնը, և գյուղի երեխաները գալիս էին այդ գործիքը տեսնելու, դրան մատով դիպչելու, գեթ մեկ անգամ քաշելու։ Նրանք խորը անդունդ էին տեսնում իրենց ու այդ գործիքի միջև։
Գյուղի տանջված երեխաների նկատմամբ այդ անհավասարության փաստը միշտ տանջել է հոգիս։ Ես տեսնում էի, որ երաժշտությունը, պարզապես, անհասանելի էր նրանց։ Տարիներ հետո, երբ նորից գյուղի ընկերներիս հանդիպեցի, ինձ ու ամուսնուս առաջարկեցին օգնել Իջևանի երեխաներին, որովհետև երաժշտությունից շատ հեռու էին։ Ես համաձայնեցի դասավանդել այդտեղ։ Ընթացքում պարզեցի բոլոր խնդիրներն ու փորձեցի լուծում տալ դրանց։
Այժմ դասավանդում եմ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում, որտեղ սկզբում էլի նույն վիճակն էր։ Տարբեր երգեր երեխաները երգում էին նույն երաժշտությամբ։ Նրանք կուչ եկած էին, խեղճացած, բայց հիմա այդպես չէ։ Իմ դասերին նրանք ստանում են այդ ազատությունը, բարձր երգում ու պարում են։ Նույնիսկ, ամենաչարաճճի երեխան կարոտում է երաժշտության դասը։ Այդպիսով, ես փորձում եմ հնարավորինս շատ նրանց մոտեցնել երաժշտությանը և կարծում եմ՝ ստացվում է։
Գյուղաբնակ տաղանդավոր երեխաներին բացահայտելու ուժը
Գյուղի երեխաները չեն ստանում անհրաժեշտ և բավարար կրթություն՝ կոնկրետ երաժշտության մասով։ Այդ առարկան դպրոցներում չի դասավանդվում այնպես, ինչպես հարկն է։ Երեխաները անհաղորդ են մնում, որովհետև շատ դեպքերում երաժշտություն առարկան դասավանդում է կա՛մ քիմիայի, կա՛մ ֆիզիկայի, կա՛մ էլ մեկ ուրիշ առարկայի ուսուցիչ։ Ես, իրոք, զարմանում եմ, որովհետև ինքս անդադար սովորելով հանդերձ՝ էլի զգում եմ, որ լրացնելու տեղ ունեմ։ Ինչպե՞ս է հնարավոր, որ քիմիայի ուսուցիչը կարողանա պարի կամ երգի դաս անցկացնել։ Ըստ իս՝ դա երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարում է։
Դեռ 1998 թվականից ծրագիրը եղել է իմ պլանների մեջ՝ գնալ գյուղ և դասավանդել։
Ամուսնուս մահից հետո տղաս երկար ժամանակ մնում էր պապիկի մոտ՝ Իջևանում, և այնտեղ էր դպրոց գնում։ Այնտեղ երաժշտություն առարկան պարապում էր դասվարը՝ ուժերի ներածի չափով։ Երեխաները, պարզապես, կարոտ էին իրական երաժշտության, իրական նոտայի հնչյունների։ Գյուղը զրկված էր մշակույթից։ Իսկ գյուղերը մեր երկրի սահմաններն են, մշակույթը՝ ժողովրդին պահողն ու համախմբողը։
«Ճանաչի՛ր ազգային երաժշտությունդ»․ այսպես է կոչվում ծրագիրը, որի գաղափարն ապացուցելն է, որ միանշանակ հնարավոր է մեր կորցրած մշակույթը վերականգնել։ Ես մասսայաբար երեխաներին բերում եմ երաժշտական մշակույթ։ Իհարկե, դպրոց մուտք գործելու համար ինձնից շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որովհետև դասավանդելու համար օրենքը պահանջում էր մանկավարժի պարտադիր կրթություն։ Եվ ես վաթսունն անց հասակում ընդունվեցի մագիստրատուրա ու ավարտեցի։ Վստահ եմ՝ արժեր պայքարել, որովհետև միայն ու միայն մշակույթն է մարդուն իսկական հայ դաստիարակում, իսկ երաժշտությունը մեծ մշակույթ է․․․
Այն երեխան, ով ցանկանում է երգել՝ թեկուզ չունենալով լավ ձայն ու բնորոշ տաղանդ, ես նրան օգնում եմ։ Երբ տրամադրված գալիս են սովորելու, ես տեսնում այդ ջիղը, ձգտումն ու ակամայից հիշում եմ ինձ ու իմ փոքրիկ ԵՍ-ը։ Յուրաքանչյուր անգամ դասարան մտնելիս չեմ մոռանում մի բան․ այն ժամանակ, երբ պրոֆեսորիս ուզում էի իմ երախտագիտությունը հայտնել ինձ այդքան օգնելու, մշտապես կողքիս լինելու համար, նա ասաց՝ «կանես ուրիշների համար, և դա կլինի քո մեծագույն շնորհակալությունը»։ Իսկ պրոֆեսորիս խոսքերն իրագործելու համար ես դեռ շատ երկար ժամանակ ունեմ։
Ասպրամ Համբարձումյան
2-րդ կուրս
Լուսանկարները՝ Հասմիկ Սարգսյանի արխիվից