Զրույց ենք ունեցել 44-օրյա պատերազմի մասնակից Ռոման Ասոյանի հետ։ Ռոմանն առաջնագիծ է գնացել պատերազմի հենց առաջին օրը, երբ 12 օր սահմանին անցկացնելուց հետո դեռ ընդամենը նախորդ օրն էր վերադարձել և պիտի անցներ իր սովորական ծառայությանը։ Ռոմանը եղել է պատերազմի կիզակենտրոններում. մասնակցել է Հադրութի, Ջաբրաիլի, Ֆիզուլիի, Շուշիի մարտերին, ստացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշան։
«Ռոմա՛ն, պատերազմը Ձեր մեջ բան փոխե՞լ է»,- հարցնում ենք նրան։ «Պատերազմն իմ մեջ փոխել է մեկ բան․ բաժանել է կյանքս երկու մասի՝ իրենից առաջ և իրենից հետո… Պատերազմից առաջ այլ կերպ էի նայում կյանքին, իսկ հիմա, հիմա այլ կերպ եմ նայում, գնահատում եմ կյանքը, ապրում ամեն օրը՝ որպես վերջին օրն իմ կյանքի»,- պատասխանում է:
Ռոմանը և իր զինակից ընկերները չեն վախեցել, երբ լսել են պատերազմի մասին, քանի որ պատրաստ էին։ Նրանք պատերազմ գնալիս էլ երգել են։ Չնայած նրան, որ հիմա շատերն այլևս չկան, Ռոմանը նրանց մասին մշտապես խոսում է ներկայով. «Ճիշտ է, երգողներից շատերը հիմա չկան, բայց երբեք չհամարձակվեցի նրանց մասին խոսել անցյալով»…
Կռվի թեժ օրերին, երբ թիկունքում հայրենիքն էր, իսկ դիմացը՝ թշնամին, Ռոմանը կառուցել է փոքրիկ մատուռ-եկեղեցի։ Ասում է՝ դա մի այլ ուժ էր տալիս տղաներին. մտնում էին մատուռ՝ մտածելով, որ հաջորդ վայրկյաններին հնարավոր է չլինեն և դուրս գալիս մարտական ոգով, մի գերբնական ուժով և ամենակարևորը՝ հավատով։
Տղաների հետ պարտադիր պայման էր կապել, որ պետք է պատերազմից հետո բոլորով գնան եկեղեցի, և պայմանը մեկն էր՝ չզոհվելը։ Նրանք գնացին եկեղեցի, բայց, ցավոք, պայմանը խախտված էր․ տղաներից շատերն ընկած էին:
Այն հարցին, թե արդյո՞ք որպես պատերազմի մասնակից՝ իրեն գնահատված է զգում, զգո՞ւմ է այն սերը, որ ի պատասխան իր կատարած գործերի պետք է ստանար, Ռոմանը պատասխանում է այսպես․ «Պարզապես զինվորին հիշել է պետք նաև խաղաղ ժամանակ…»։
Ռոմանը մինչ օրս էլ կապ է պահում իր զինվոր – ընկերների հետ, հաճախ հանդիպում է, հիշում անցած-գնացած օրերը։ Հանդիպումների վերջնականգառը մշտապես լինում է Եռաբլուրը …
Պատերազմի թողած հետքերը շատ ավելի ծանր են լինում, քան հենց ինքը՝ պատերազմը։ Ռոմանին այդ օրերին օգնել են բոլորը՝ ծնողները, հարազատները, ընկերները, բայց նա առանձնահատուկ կերպով նշեց իր սիրելիին, որն այլ գույներ է փոխանցել և պատերազմից հետո օգնել է դառնալ առաջվա կենսուրախ, կյանքին սիրահարված և եռանդուն երիտասարդը․ «Հոսպիտալում էի, հեռախոս չունեի, ընկերոջս խնդրել էի իր հեռախոսը թողնել ինձ մոտ։ Երևի եթե այդ օրը չխնդրեի հեռախոսը թողնել, չէի էլ տեսնի նրան, բայց տեսա ու սիրահարվեցի… Երկար ժամանակ չէր պատասխանում, գնում էի դպրոց, հետո պատասխանեց, ու շփվեցինք որպես ընկերներ, բայց հասկացանք, որ դա ավելին էր, քան ընկերությունը։ Այսօր միասին ենք։
Էլլեն Աղաջանյան
2-րդ կուրս