Հիմնական պատճառը, որ մարդիկ ձգտում են դեպի լեռներ` յուրատեսակ կախվածությունն է: «Սեր դեպի լեռները»․ այսպես են լեռնագնացներն անվանում կախվածությունը, որն առաջանում է հենց առաջին վերելքից հետո։
Անի Նաջարյանի մոտ այդ սերը ծնվել է, երբ 17 տարեկան էր։։ Ասում է՝ իր համար լեռներ բարձրանալն ավելի շատ զվարճալի ժամանցի է նման։
Լեռներ բարձրանալու մոտիվացիայի մասին
Երեք առանձին մոտիվացիա կցանկանամ առանձնացնել։ Առաջինը կապված է հայրենիքի հետ։ Մոտիվացնում է այն գիտակցումը, որ հաղթահարված լեռները միշտ պահել են քո երկիրը, պահել են քեզ։ Անգամ նժդեհյան գաղափարախոսության մեջ կա այսպիսի միտք՝ «Լեռների վրա է քո փրկությունը»։ Ես ամեն անգամ լեռ բարձրանալիս զգում եմ դա։
Երկրորդն ինքնահաղթահարումն է։ Երբ ներքևից նայում ես լեռան գագաթին, որը շատ հաճախ կարող է չերևալ, հաղթահարումը շատ բարդ է թվում, բայց երբ մի կողմ ես դնում ցավերդ, վախերդ ու հասնում գագաթին, հասկանում ես՝ ինչքան ուժեղ ես։
Երրորդ այն է, որ գագաթը հաղթահարելուց հետո արդեն գալիս է միտքը, որ ապրում ես լրիվ ուրիշ, տարբերվող կյանքով։
Ամենատպավորիչ վերելքի մասին
Ամենատպավորիչը, երևի, Արագածի վերելքն է եղել՝ ոչ միայն այն բանի համար, որ այն մեր հանրապետության ամենաբարձր գագաթն է (4090 մետր), այլև այն, որ ամբողջ վերելքի ընթացքում կարկուտ է տեղացել։ Մենք պատսպարվելու տեղ չունեինք, բաց երկնքի տակ էինք։ Ունեցել ենք չափազանց դժվար ու վտանգավոր, բայց հիշվող ու շատ հետաքրքիր վերելք։
Նաև կառանձնացնեմ Սյունիքի մարզում գտնվող Խուստուփ լեռան վերելքը: Ես Սյունիքի մարզը շատ եմ սիրում։ Խուստուփում գտնվում է Գարեգին Նժդեհի արձանը, այնտեղ թաղված են նաև նրա մասունքները։ Այն շատ հզոր լեռ է ինձ համար։
Հանդիպող դժվարությունների մասին
Լեռ բարձրանալիս հանդիպում ենք երկու տեսակի դժվարության՝ ֆիզիկական և հոգեբանական։ Առաջինի դեպքում, օրինակ, կարող է մարդն ունենալ ճնշման տատանումներ, դրա հետևանքով էլ՝ սրտխառնոց, գլխացավ, թուլություն և այլն։ Հոգեբանականը հիմնականում կապված է վախի հետ․ կան մարդիկ, որոնք ընթացքում վախեր շատ են ունենում, սակայն այդ վախերը հաղթահարել է պետք, քանի որ ամեն վախ հաղթահարելուց մենք ավելի ուժեղ ենք դառնում։
Ի՞նչ է պետք լեռ բարձրանալու համար
Ամենակարևորն, իհարկե, ֆիզիկապես և հոգեպես լիարժեք պատրաստ լինելն է։
Ընդհանուր հանդերձանքը շատ կարևոր է, բայց առավել ուշադրություն պետք է դարձնել ուսապարկին և կոշիկներին․ դրանցից շատ բան է կախված, ուստի պետք է ունենան շատ բարձր որակ։ Ուսապարկը պետք է լինի հատուկ արշավական․ այդպիսի ուսապարկները մեջքի հատվածում ունեն երկաթ, որը թույլ չի տալիս, որ մեջքը վնասվի։ Բացի այդ, ուսապարկի քաշը պետք է լինի հաշվարկված, չպետք է վերցնել ավելորդ իրեր՝ հետագա դժվարություններից խուսափելու համար։
Հագուստը պետք է լինի ճիշտ ընտրված, սեզոնին համապատասխան և քայլքը չսահմանափակող։
Շատ կարևոր է ունենալ ջուր։ Եթե անգամ վստահ եք, որ այն տեղում, ուր գնում եք աղբյուր կա, միևնույնն է՝ ջուր ունենալը պարտադիր է։
Պետք է ունենալ նաև դեղատուփ, որի մեջ կլինեն առաջին անհրաժեշտության դեղեր ու պարագաներ։
Նարինե Ղալամյան
2-րդ կուրս
Լուսանկարները՝ Անի Նաջարյանի արխիվից