2020 թվականի չարաբաստիկ պատերազմի հետևանքով անհամացած փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրական տան բոլոր անկյունները սամվելական են։
«Ամեն անկյունում նա է։ Միշտ մեզ հետ է, մեր կողքին,- ասում է Սամվելի հայրը՝ փոխգնդապետ Սուրեն Սահակյանը,- Սամվելի մասին անցյալով չենք խոսում»։
«Էներգիայով լի երեխա էր, առույգ ու աշխույժ,- լուսանկարները ցույց տալով՝ պատմում է տիկին Ալվարդը՝ Սամվելի մայրը,- չարաճճի մի բան կաներ, իսկ հետո այնպես կնայեր, որ չկարողանաս բարկանալ»։
Նժդեհյան գաղափարախոսությամբ մեծացած Սամվելը, բնական է, ընտրելու էր հայրենիքին ծառայելու դժվարին և պատասխանատու գործը։ 15 ամյա Սամվելը որոշում է ուսումը շարունակել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որն ավարտելուց հետո ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։
Վիճակահանության արդյունքում պետք է ծառայեր Կապանի քաղաքային զորամասում։ Երկու տարի ծառայելուց հետո իր որոշմամաբ դիմում է գրում այն ժամանակ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին, որ ծառայությունը շարունակի Արցախում։ Իր դիմումին համաձայն՝ ծառայության է անցնում Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչական կենտրոն Քարվաճառում։
«Քարվաճառից եկավ ու գնաց Սյունիք, բարձրացավ Խուստուփ լեռը, որպեսզի գտնի Նժդեհի գերեզմանը և մաքրի այն։ Մի քանի օր անընդհատ աշխատեց, մաքրեց ամեն տեսակ ժանգից, խոտից և հանգիստ սրտով վերադարձավ Քարվաճառ՝ ծառայությունը շարունակելու,- պատմում է հայրը և ցույց տալիս Սամվելի նկարը Նժդեհի գերեզմանի կողքին․- անչափ նժդեհասեր ու նժդեհաոճ էր Սամվելը։
Սամվելը մասնակցել է 2016 թվականի քառօրյա պատերազմին, եղել ամենավտանգավոր կետերում։ Ծառայության 13 տարիներից 10-ն անց է կացրել առաջագծում՝ թշնամուց 200-500 մետր հետավորության վրա: Վերջին երկու տարիներին փոխգնդապետը՝ որպես հրաձգային գումարտակի հրամանատար, ծառայում էր Ջաբրայիլում (Ջրական)։
«Ես փոխգնդապետի կոչումին արժանացա մոտ 60 տարեկանում, իսկ իմ որդին՝ 29-ում»,- ասում է Սամվելի հայրը։ Սամվելն արժանացել է նաև բազմաթիվ պատվոգրերի, գովասանագրերի և մեդալների։
Փոխգնդապետի համար կարևոր է եղել միշտ լինել ֆիզիկական լավ վիճակում, և նա միշտ զբաղվել է սպորտով։ Այժմ նրա սպորտային պարագաները խնամքով պահվում են հայրական տանը այլ իրերի հետ միասին։
«2020 թվականին Սամվելը արձակուրդի մեջ էր, սակայն հենց իմացավ, որ պատերազմ է սկսվել, արագ ճանապարհվեց իր զինվորների մոտ։ Իր գնդի առաջին զոհն էլ ինքը եղավ»- պատմում է հայրը։
Զինվորներից մեկի կողմից փոխգնդապետի նկարն է պատկերվել շենքի պատին։
Մերի Անտոնյան
2-րդ կուրս