«Հնի ու նորի միաձուլմամբ հետապնդում եմ երկու նպատակ»․ երևանասեր ուսանողը

«Հնի ու նորի միաձուլմամբ հետապնդում եմ երկու նպատակ»․ երևանասեր ուսանողը

510

Արմանը Պոլիտեխնիկական համալսարանի ավարտական կուրսի ուսանող է։ Ծնվել և հիմա էլ ապրում է մայրաքաղաք Երևանում։ Շատ է սիրում զբոսնել Երևանի տարբեր փողոցներով ու բակերով, միաժամանակ զբաղվել մոբայլ լուսանկարչությամբ։ Դեռ 2020 թվականի սկզբերից ակտիվ կերպով վարում է իր սոցիալական էջը՝ yerevan_memories, որը թարգմանաբար նշանակում է երևանյան հիշողություններ։ էջում կարելի է տեսնել հին ու նոր երևանների միաձուլումը, հնի շունչն ու նորի սկիզբը։

«Հնի ու նորի միաձուլմամբ երկու նպատակ եմ հետապնդում։ Առաջինն այն է, որ մենք՝ նոր սերունդը, տեսնի, թե ինչպիսին է եղել քաղաքը նախկինում, ինչպիսի Երևանում են ապրել ու մեծացել մեր ծնողներն ու պապերը։ Երկրորդը՝ ավագ սերնդին հնարավորություն տալ նկարների ու տեսանյութերի միջոցով տեղափոխվել երիտասարդություն ու մանկություն, ինչը, կարծում եմ, ամենահաճելի և հետաքրքիր բաներից է մարդու կյանքում»,- ասում է Արմանը։

Արմանը նկարների մեծ մասն ընտրում է համացանցային տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ Հայաստանի ազգային արխիվից, նաև Սովետական Երևանի մասին պատմող գրքերից։ Հիմնականում ինքն է մշակում և գունավորում դրանք, հետո հրապարակում իր էջում։ Լինում են նաև լուսանկարներ, որոնք ուղարկում են էջի հետևորդները։

Այն հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում քաղաքում նոր շենքեր կառուցվելուն, Արմանը պատասխանում է. «Իհարկե ուրախ եմ, որ կառուցվում են նոր շենքեր, քանի որ դրանք էլ նոր տեսք ու ժամանակակից կոլորիտ են հաղորդում քաղաքին։ Ի վերջո ժամանակների հետ միասին փոխվում են նաև պահանջները, և առանց փոփոխությունների քաղաքը պատկերացնել հնարավոր չէ։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ անպայման պետք է պահպանել հինը ու ոչ մի դեպքում այն չփոխարինել նորով, քանի որ քաղաքի ամեն փոքր մասնիկ մեծ պատմություն և հիշողություններ է կրում։ Ինչպես ասում են, պահպանելով հինը՝ կարող ենք կերտել նորը»։

«Արմա՛ն, ի՞նչը կցանկանայիք փոխել քաղաքում. ցանկացած բան, որը կարող էր նպաստել քաղաքի բարեկարգմանը»,- հարցնում եմ։ «Նախ ավելի շատ ուշադրություն կդարձնեի պատմամշակութային վայրերին ու կառույցներին՝ դրանք առավել հասանելի ու հետաքրքիր դարձնելով  քաղաքացիների ու քաղաքի հյուրերի համար։ Հատուկ ուշադրություն կդարձնեի հին թաղամասերին՝ դրանք վերածելով գեղեցիկ մշակութային վայրերի, որտեղ այցելելով՝ հնարավոր կլիներ ծանոթանալ մեր հարուստ պատմության և մշակույթի հետ,- պատասխանում է։ -Կցանկանայի նոր կառուցվելիք շենքերը տեղափոխել ծայրամասեր՝ այդ կերպ խթանելով նաև այդ հատվածների զարգացումը՝ միաժամանակ թեթևացնելով Կենտրոնի ծանրաբեռնվածությունը։ Եվ ի վերջո, կավելացնեի քաղաքի այգիներն ու կանաչ տարածքները, ինչի կարիքը, կարծում եմ, հիմա ամենաշատը ունենք»։

Արմանը նաև ներկայացնում է մեր հին ճարտարապետներին. «Էջը հիմնականում վերաբերում է հին Երևանին, այդ պատճառով անդրադառնում եմ այն ժամանակվա ճարտարեպետներին և շենքերին։ Սակայն միանշանակ հիմա էլ կան նոր կառույցներ և շենքեր, որոնց ճարտարապետներն արժանի են գովեստի խոսքերի։ Երևանում նոր կառուցված շենքերից կարող եմ առանձնացնել, օրինակ, քաղաքապետարանի նոր մասնաշենքը (ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան), Ամերիա բանկի գլխամասի շենքը (կարծում եմ՝ հնի ու նորի համադրման լավ օրինակ կարող է լինել), Հյուսիսային պողոտան (ճարտարապետ՝ Նարեկ Սարգսյան), ԱԳՆ-ի նոր շենքը և այլն։ Շատ շենքեր կան, թեկուզ բնակելի կամ հյուրանոցային, որոնց ճարտարապետությունը գեղեցկացնում է մեր քաղաքը։ Ես ցանկանում եմ տեսնել զարգացող քաղաք, որի մեջ կպահպանենք ու կսիրենք հինը։ Կուզենամ, որ յուրաքանչյուրս Երևանին վերաբերվենք այնպես, ինչպես մեր տանը, ու ամենքս մեր չափով գեղեցկացնենք այն»։

Ճարտարապետ Արթուր Թարխանյան

Բարեկամության մետրո․ ուրախ օրերը

1976 թ․ քաղաքի հյուրերը

1990 թ․

Վագրի զբոսանքը Երևանում

Էլլեն Աղաջանյան

2-րդ կուրս

Կիսվել