Հանգամանքներ, որոնք տարիներ շարունակ անհայտ են եղել. Գիրք Արմեն Սարգսյանի...

Հանգամանքներ, որոնք տարիներ շարունակ անհայտ են եղել. Գիրք Արմեն Սարգսյանի մասին

505

1. Հատուկ ծառայությունն ինչպե՞ս օգտագործեց հասարակ ուսանողուհու ակամա խոստովանությունը։

2. Ինչպե՞ս բացահայտվեց արաբական երկրներից մեկի հատուկ ծառայությունների գործակալը Խորհրդային Հայաստանում։

3. Ինչպե՞ս պետանվտանգության կոմիտեի աշխատակիցները նրան ամբողջական վերահսկողության տակ վերցրին։

4. Վազգեն Սարգսյանի պատմությունն  ու հոլովակը. հայ գնդապետն ինչպե՞ս է Վատիկանում սեփական նախաձեռնությամբ հանդիպում Հռոմի պապի հետ և  հայկական կոնյակ նվիրում։

5. Ինչպե՞ս կազմակերպվեց  Մոնթե Մելքոնյանի  գաղտնի տեղափոխումը Խորհրդային Հայաստան. ովքե՞ր էին նրան հետապնդում և ովքե՞ր պահպանում։

Ահա այս  թեմաներին է անդրադառնում «Մի կյանքից ավելի» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ վերջերս։

Գրքի հեղինակը քաղաքագետ Սուրեն Սարգսյանն է, որը ներկայացնում է փաստագրական աշխատություն իր հոր՝ հատուկ ծառայության աշխատակից, գնդապետ, երաժիշտ և Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի մասին։

Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը լրագրողների հարցին ի պատասխան ասում է՝ գիրքն առանձնանում է նրանով, որ հատուկ ծառայությունների մի աշխատակցի մասին է, որը և՛ խորհրդային տարիներին, և՛ անկախության հաստատումից հետո իր մասնագիտական պարտականություններն է կատարել պաշտպանության նախարարության հետ՝  ապահովելով պաշտպանության համակարգի անվտանգությունը։ Նաև տարիներ անց դարձել է դեսպան և  կատարել է դեսպանի հանրային առաքելությունը։ Խմբագիրը կարևոր է համարում մեր հանրության տեղեկացվածությունն այսպիսի անձանց վերաբերյալ, քանի որ նրանք հայրենավներ աշխատանք են կատարում և շատ անգամ  մնում կադրից դուրս կամ ետնաբեմում։ Ավելացնում է. «Մեզ համար կարևորագույն խնդիր է արտաքին դիվանագիտության ասպարեզում գտնել  համախոհներ ու նվիրյալներ և համատեղ աշխատանքով հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»։

Գնել Նալբանդյանի կարծիքով՝ գրքի ամենատպավորիչ հատվածը Լևոն Տեր-Պետրոսյանի վերհուշն է Մոնթեի վերաբերյալ, որն աղբյուրագիտական նշանակություն ունի։ Դրա մասին ոչ մի տեղ չկա գրված. Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի անդրադարձել դրան, բայց գրքի հեղինակի հետ անձնական զրույցում ասել է։

Շնորհանդեսը վարողն ասում է, որ այս գրքում հեղինակը մեջբերել է Արմեն Սարգսյանի գաղտնի գործողություններից մի քանի դրվագ, օրինակ՝ թե ինչպես է հարբած ուսանողուհին ինքնաբացահայտվում, որ Աֆղանստանի անջատողականներից է։ Մեկ այլ դրվագում բացահայտում է Աֆղանստանի  նախագահի ցոփ ու շվայտ եղբորը։

Այդ ամենը տեղի է ունեցել մայր բուհում․ Արմեն Սարգսյանը հազարավոր թելերով կապված է Երևանի պետական համալսարանի հետ։ Այնտեղ աշխատելուց առաջ Սարգսյանն ավարտել էր Արևելագիտության ֆակուլտետը:

Բանախոսը եզրափակում է ասելիքը և  խոսքը տալիս Արևելագիտության ֆակուլտետի գործող դեկան Ռուբեն Մելքոնյանին, որը շնորհակալ է և շնորհավորում է Սուրեն Սարգսյանին գրքի լույսընծայման կապակցությամբ։ Ասում է. «Ինձ համար այս գիրքը կարևորվում է 2 առումով. առաջին հերթին լուսահոգի Արմեն Սարգսյանը  լավագույնս խորհրդանշում է արևելագիտության շատ կարևոր 2 առանձնահատկություններից մեկը, այն է՝ արևելագիտությունը պետականամետ ուղղություն է, և սա գիրք է պետականությանը ծառայելու մասին։ Եվ երկրորդ՝ արևելագիտությունն  ակադեմիական իր ուղղվածությանը զուգահեռ ունի շատ կարևոր ևս 2 ենթաբաժին՝ առաջինը՝դիվանագիտական արևելագիտություն, երկրորդը՝ ռազմական արևելագիտություն։ Արմեն Սարգսյանը դիվանագիտական արևելագիտության ծառայողներից և նվիրյալներից էր, որն իր գիտելիքներն ի սպաս է դրել մեր պետականությանը դիվանագիտության ասպարեզում՝ լինելով դեսպան։ Այս գիրքը արևելագիտության տեսական ուղղություններից մեկի գործնական կիրառման լավագույն օրինակներից է, որը կարող է ոգևորիչ նշանակություն ունենալ հաջորդ սերնդի արևելագետների համար»:

Ամփոփելով շնորհանդեսը՝ գրքի հեղինակն ասում է. «Գրքի ստեղծման գաղափարը պատկանում էր հորեղբորս՝ Տիգրանին, չնայած նա մի փոքր այլ ձևաչափ էր պատկերացնում գրքի համար: Եվ ոչ միայն նա, այլև բարեկամներս, հարազատներս, հորս ընկերներն ասում էին, որ  գիրքն ավելի շատ պետք է լինի հորս մարդկային տեսակի մասին, բայց ես փորձեցի այն հնարավորինս զերծ պահել հուզականությունից, լինել օբյեկտիվ և գրել բացառապես նրա գործունեության մասին: Ուստի շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք ինձ օգնել են տեղեկությունների հայթաթման գործում: Որոշ ժամանակ անց այս գիրքը ավելի է թարմացվելու և մեծացվելու»:

Հետգրություն

Արմեն Սարգսյանը մոտ 10 տարի ծառայել է ՀԽՍՀ պետանվտանգության կոմիտեի  հետախուզական ու հակահետախուզական մարմիններում, ապա Հայաստանի անվտանգության ծառայությունում, դրանից հետո Պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների ստորաբաժանումներում, ավելի ուշ՝ Չինաստանում, հետո Միացյալ նահանգներում Հայաստանի ռազմական կցորդն է եղել, 2008-ին նշանակվել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, 8 տարի անց նշանակվել է Բուլղարիայում Հայաստանի դեսպան։

10 փաստ Արմեն Սարգսյանի մասին

1.Արմեն Սարգսյանը Հայստանի միակ դեսպանն էր, որ նվագախմբի նվագակցությամբ հանդես էր գալիս լայն լսարանի առջև և ներկայացնում  հայկական մշակույթը։

2. Արմեն Սարգսյանի ջութակը Շահեն Երիցյանի՝ 1927 թվականի գործիքն էր, որը Արմեն Սարգսյանի հայրը ձեռք էր բերել 600 ռուբլիով. սա հայկական ջութակագործության առաջին նմուշն էր։

3. Իր կարիերայի ընթացքում կարողացել է հանդիպել Չինաստանի վերջին 3 նախագահներին։

4.Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիան Արմեն Սարգսյանը սկսել էր մշակել 1989 թվականին։

5. Իր  ղեկավարի հետ համադրելով փաստերը՝ եկել է եզրակացության, որ Մոնթեն որևէ կապ չի ունեցել  Ամերիկյան հետախուզական ծառայությունների հետ։

6. 1986-ի սեպտեմբերի 30-ին շնորհակալագիր է ստացել  ԽՍՀ ՊԱԿ ղեկավար Վիկտոր Չեբրիովից, սակայն դեռևս  բացահայտված չէ՝ որ օպերացիայի համար։

7. Դեսպան Արմեն Սարգսյանը երկկողմ հարաբերություններն այնպես էր հարստացնում, որ  ամենաբարձր մակարդակի հրավեր կազմակերպվելու օրակարգ էր ձևավորվում, լիներ պաշտպանության, արտաքին գործերի նախարար, թե պետության ղեկավար։

8.Պաշտպանության նախարարությունում աշխատելու ժամանակ Սուրբ աթոռում գնդապետ  Արմեն Սարգսյանը իր  նախաձեռնությամբ  հանդիպել էր Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-ին և նրան կոնյակ նվիրել Հայստանի պաշտպանության նախարարի անունից։

9. Վաշինգտոնում իր աշխատանքի 6 տարիների ընթացքում լավագույնս օգտագործել է եղած 2 օրակարգը այդ ընթացքը հայ-ամերիկյան ռազմական գործակցության ամենաակտիվ ժամանակաշրջանն էր։

10. Իր գործունեության մասին ոչինչ չի պատմել  տանը և ընկերներին գրքում  ներառված բոլոր տեղեկությունները հեղինակը ստացել է այլ աղբյուրներից։

Լիլիթ Ապրեսյան

2-րդ կուրս

Կիսվել