«․․․․էս անգամ ավելի երկար տևեց, քան քառօրյան էր․․․»

«․․․․էս անգամ ավելի երկար տևեց, քան քառօրյան էր․․․»

593

-Խոխեք, երկցաք, թորքերը կրակում են, երկցաք․․․

Քշացի հարևաններին ասի․․․ Ալո, Լիլի՞թ, պատերազմ ա, թորքերը կրակում են․․․ 

Բերձորում սեպտեմբերի 27-ն այսպես սկսվեց։ Նախորդ գիշերը խաղաղ էր ամեն բան, բայց լուսաբացի հետ եկան նաև պայթյունները։ Առաջին անգամ զգացի ապաստարանի կարևորությունը, երբ թվում էր՝ ամեն կրակոցից այդ մի քանի ամուր պատն են ինձ փրկելու։ Բայց այսօր դեռ փորձում եմ հասկանալ՝ փրկվեցի արդյոք, թե ոչ։ Երբ կրակոցները չեն դադարում, կարող է թվալ, թե դու միայն մտածում ես ֆիզիկապես ողջ մնալու մասին, բայց իրականում անգամ այդ ժամանակ ջանում ես առօրյա աշխատանքներդ ավարտին հասցնել կամ պատշաճ կերպով հետաձգել։ Ապաստարան գնալու ճանապարարհին հիշեցի, որ նույն օրը երեկոյան հայոց լեզվի պարապմունքի պետք է գնայի, իսկ հանձնարարությունները չէի հասցրել ավարտել։ Տետրը, գիրքը, գրիչը ձեռքս տանից դուրս եկա և որոշեցի ուսուցչիս հետ խոսել ու հետաձգել պարապմունքը, որովհետև չգիտեի՝ որքան երկար կմնայի ապաստարանում։

-Քինամ լվացքը փռեմ, կյամ։ 

Քեզ անգամ պատերազմը չի կանգնեցնում, որովհետև բոլորս գիտենք ցանկացած իրավիճակում անցնել առաջ ու ապրել։ 

-Մա՛մ, էս անգամ ավելի երկար տևեց, քան քառօրյան էր, երևի մըն քանի օրից կպրծնի։

Ավարտը ոչ մեկս այդպես չէինք կանխատեսել։ Արդեն ժամանակն էր դուրս գալու քաղաքից։ Ճանապարհին ոչ մի ծառ անգամ չնկարեցի՝ որպես հուշ, որովհետև այնքան մեծ էր վերադարձի հավատը։ Այսօր այդքան մոտ գտնվող տունդ այնքան հեռու է քեզնից, որ երբեմն թվում է՝ մի ամբողջ կյանք վազելն էլ քեզ չի մոտեցնի տանը։                                                                                             

Երեկ ես հարկադրաբար լքեցի տունս, այսօր հարկադրաբար լքում է իր տունը ընկերս, այսօր մենք թողնում ենք կիսատ առանց այդ էլ կես բուռ հայրենիքը։

Ես այսօր չգիտեմ ինչ և ինչպես անել, բայց գիտեմ, որ այս պահին կարևոր է ավելի խորը հրելու փոխարեն ձեռք մեկնել իրար։ Չարենցն ասում էր՝ ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Այս հայրենիքի փրկությունը իրար փրկելուց պետք է սկսել։ 

2020 թվականին թվում էր՝ ավարտվել է պատերազմը , երբ իրականում կրակոցների դադարը չէ խաղաղությունը, որովհետև 2023 թվականին կրկին զոհվեցին տղաները, ու մարդիկ մնացին անտուն։ Սահմանամերձ գյուղում չապրելը և կրակոցների ձայն չլսելը հանդարտվելու պատճառ չէ, որովհետև եղան մարդիկ, որոնք, քաղաքի կենտրոնում ապրելով, կորցրին խաղաղությունը, որովհետև մեր երկիրը փոքր է, ու ոչինչ չի փոխվել այն ժամանակից, երբ Վազգենն ասել է՝ սրտի չափ մի երկիր ենք, սրտի ծայրամասը ո՞րն է․ որտեղից էլ վնասվի, մահացու է։ Որտեղից էլ լսվեն կրակոցները, տագնապն ամենուր է լինելու, որովհետև սա միայն քո հայրենիքը չէ, սա իմն է ու նրանը, ով  մինչ օրս չի գիտակցում պատերազմի էությունը և մեր կորուստը։ 

-Շտը՞ղ ա, տոնը մեր, մհեկ շտը՞ղ եմ նստելու, հիշելու մանկությունս․․․ 

Բերձորի երաժշտական դպրոց ու մանկապարտեզ տանող աստիճաններին գրաֆիտի կար։ Լուսանկարում՝ Գայան՝ գրաֆիտիի հետ
Գայան ու Բերձորի ձմեռը

Գայա Ասոյան

2-րդ կուրս

Կիսվել