Արթուրը բացահատում և իր կյանք է բերում էքստրեմալ սպորտաձևերը

Արթուրը բացահատում և իր կյանք է բերում էքստրեմալ սպորտաձևերը

309

Նոր սպորտաձևերի բացահայտում և փորձարկում, ադրենալինի պակասի լրացում. ֆինանսիստ-տնտեսագետ Արթուր Պետրոսյանի սովորական հանգստյան օրն այսպես է անցնում:

Ամեն ինչ սկսվել է «պարկուրից»: Ութ տարեկանից ընկերների հետ միասին քարից քար էին թռչում և դա անվանում էին փողոցային ակրոբատիկա: Որոշ ուսումնասիրություններից հետո արդեն գիտեին, որ այս սպորտաձևով զբաղվող պրոֆեսիոնալ մարդիկ կան:

«Տասնչորս տարեկանից ոչ պրոֆեսիոնալ զբաղվել եմ ձմեռային սպորտաձևերով: Փորձ ձեռք եմ բերել Ծաղկաձորում՝ հորեղբորս օգնությամբ: Սնոուբորդով զբաղվում եմ 2008 թ.-ից, եւ եթե ներկայի հետ համեմատենք, ապա այս ոլորտում Ծաղկաձորում բավականին աճ կա»:

«Սնոուբորդին» շատ նման և միևնույն ժամանակ նրանից շատ տարբեր է «վեյքբորդը», որը իր մեջ միավորում է ջրային դահուկային սպորտի, ակրոբատիկայի և ցատկելու տարրեր:

«Ձմռանը շատ ակտիվ լինելուց հետո ամռանը պարապ նստել ուղղակի չէր լինի: Մտածեցինք ու հասկացանք, որ «վեյքբորդն» իսկը տաք եղանակի համար է: Հայաստանում առհասարակ ակտուալ չէր այդ սպորտաձևը, ու միայն Սևանում կարող էիր փորձել, որն էլի սիրողական մակարդակի էր: Եթե ուզում էիր փորձել, ոչ ոք չկար, որ քեզ ուղղություն ցույց տար»: 

Ազատի ջրամբարում «վեյքբորդինգ»-ով սկսել են զբաղվել մայիսին ու ավարտել են սեպտեմբերի վերջին, մինչդեռ Սևանում  ջրի ջերմաստիճանը մեկ ամիս էր բավականացնում:

Հայաստանում չկան մասնագիտացված խանութներ, այդ իսկ պատճառով Արթուրն ու իր ընկերները անհրաժեշտ ողջ գույքը ձեռք են բերել արտերկրից:


«Սկզբից միայն ընկերներով ենք հավաքվել, հետո մեր ինստագրամյան էջերում կիսվել ենք ու արձագանքներից հասկացել, որ շատ մարդկանց է հետաքրքիր մեր գործունեությունը»:

Նա մեծ սեր ունի նաև ձիերի և ձիասպորտի հանդեպ, իսկ թվարկվածն Արթուրի՝ իրականություն դարձած մանկական երազանքների մի մասն են միայն: Մոտոցիկլ ունենալու միտքը փոքրուց է հետապնդել նրան, ու իր ընկերոջ մոտոցիկլի վրա որպես ուղևոր գտնվելիս է հասկացել, որ ուղևորի կարգավիճակը իրենը չէ: Գնել է հենց այդ մոտոցիկլը, որը ընկերը վաճառում էր:

«Ընկերներս ինձ միշտ ասում էին, որ իմ գնած մոտոցիկլը շատ հզոր է սկսնակի համար, ու գլուխ չեմ հանի հաստատ: Իրականում հենց այս մոտոցիկլով ունեցել եմ երեք վթար, որոնք լուրջ հետևանքներ չեն ունեցել: Մոտոցիկլը ինձ համար տրանսպորտային միջոց չէ, ես այն ավելի լուրջ սպորտ եմ համարում :

Օգոստոս ամսից Արթուրը իր սիրելի սպորտաձևերի շարքին ավելացրել է նաև պարապլանով թռչելը: Հաճախել է դասերի 10-12 օր: Պարապլանով թռչելը բարձրությունից վախը հաղթահարելու միջոցներից մեկն է եղել:

«Առաջին թռիչքը շատ տպավորիչ էր, էմոցիաները կառավարելը՝ դժվար: Բարձրությունը 600 մետր էր, ու ես լրիվ մենակ էի»,- հիշում է Արթուրը:

Լուսանկարները՝ Արթուր Պետրոսյանի անձնական արխիվից

Վիկտորյա Մկրտչյան
3-րդ կուրս

Կիսվել