Թե ինչպես է ապագա տնտեսագետը զբաղվում հրուշակագործությամբ
Օֆելյա Պետրոսյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» բաժնի 3-րդ կուրսում:
Օնլայն շոփից հասել է հաջողված բիզնեսի, և 2 տարում կարողացել է ունենալ 3500+ սպասարկված գոհ հաճախորդ: Օֆելյայի աշխատանքները կարող ենք գտնել Instagram սոցցանցում իր` Sweets bentos էջում:
-Օֆելյա՛, ինչպե՞ս ծնվեց բիզնես գաղափարը, երբվանի՞ց եք զբաղվում դրանով:
-Դեռ 18 տարեկան էի, երբ առաջին քայլերս արեցի այդ ոլորտում: Մինչ այս բիզնեսը զբաղվում էի նաև օնլայն վաճառքով, որը ժամանակի ընթացքում դադաղեց:
Երբ ընդունվեցի համալսարան, ավելի շատ էի ուզում աշխատել, որոնում էի, թե ինչ կարող եմ անել… Ու մի օր պատահաբար իմ Instagram սոցէջում են հայտնվում բենտո տորթեր, ես դրանք պահպանում եմ՝ մտածելով, որ մի օր պատվեր կանեմ, սակայն մի քանի վայրկյան հետո հասկանում եմ, որ ես ինքս կարող եմ դա անել ու այն դարձնել իմ փոքրիկ բիզնեսը: Առանց որևէ փորձ ունենալու (բիսկվիթ պատրաստել անգամ չգիտեի)՝ որոշում եմ, որ պետք է օնլայն շոփս դարձնել բիզնես էջ, ու սկսել բենտո տորթերի վաճառքը: Ասեմ, որ հենց սկզբից էլ հաջողվել է. 2-3 օր հետո գրանցեցի առաջին պատվերս:
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ առհասարակ խոհանոցի հանդեպ սերը մեծ է:-Մինչև գործունեություն ծավալելը շատ հեռու եմ եղել խոհանոցից, հետևապես սեր չեմ ունեցել մինչ այն պահը, երբ ունեցա իմ առաջին պատվերը: Բայց հիմա շատ կապված եմ իմ աշխատանքի և խոհանոցի հետ:
-Բիզնես սկսելու պահին արդյո՞ք չունեիք մտավախութուն, որ այն կձախողի:
-Հետաքրքիրն այն է, որ վախ չունեի, ավելին վստահ էի որ կհաջողեմ:
-Այսօր սոցցանցերում շատ ենք հանդիպում բենտո տորթեր պատրաստող օգտատերերի, ո՞րն է «Sweets bentos»-ի առանձնահատկությունը:
–Իսկապես այդպես է, բայց իմ էջի արժեքավոր առաջարկը կարծում եմ մինչ օրս հետևյալն է. «Պատվիրե’ք և ստացե’ք ժամերի ընթացքում»: Դա, իրոք, այդպես է: Ինչքան էլ դժվարանում եմ հասցնել, միևնույն է, պատվերներիս մեծ մասը ընդունել և պատրաստել եմ ժամերի ընթացքում: Գնային առումով ևս մատչելի են և հասանելի բոլորին:
-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել ուսումն ու բիզնեսը:
–Շատ դժվարությամբ, բայց մեծ ցանկություն ունեմ և’ սովորելու, և’ աշխատելու: Երկուսն էլ կարողանում եմ բալանսավորել, որպեսզի մեկը մյուսին չխանգարի, և դա ստացվում է:
-Ձեր ինստագրամյան էջը ուսումնասիրելուց հետո հասկացա, որ բենտո տորթեր պատրաստելուց բացի՝ պատրաստում եք նաև ավելի մեծ ծավալով տորթեր, ինչպե՞ս անցաք նաև դրան:
-Ի սկզբանե չեմ մտածել ծավալով մեծ տորթեր պատրաստելու մասին, բայց երբ առաջին անգամ ցանկություն հայտնեցին պատվիրելու՝ մտածեցի, որ դա էլ կստացվի, ու կամաց-կամաց ավելացավ նաև ծավալով մեծ տորթերի պահանջարկը իմ էջում:
-Պատվերի մեջ Ձեզ գրավեց տորթի տե՞սքը, թե՞ այն մեծ ցանկությունը, որ ուզում եք բավարարել Ձեր հաճախորդների պահանջները:
-Ինձ համար առաջնային խնդիր է հաճախորդի պահանջները բավարարելը: Յուրաքանչյուր բավարարված հաճախորդ ինձ համար մեծ նվաճում է:
-Բիզնեսը Ձեր ֆինանսական ծախսերը հոգալո՞ւ համար է, թե՞ ավելի շատ սիրում եք այդ աշխատանքը:
-Հենց գործունեությունը սկսելիս էլ նպատակս մեկն է եղել` անկախ ամեն ինչից դառնալ ֆինանսապես անկախ, բայց ներկա պահին, կարելի է ասել, այն հոբբի է դարձել ինձ համար:
-Ձեր հաճախորդները հիմանականում ովքե՞ր են:
–Հիմնականում օգտվում են իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր 12-40 տարեկան են, բայց այս ամենը դեռ չի նշանակում, որ արական սեռի ներկայացուցիչներից չեմ ստանում պատվերներ, ուղղակի գերակշռող մասը իգական սեռինն է:
-Եղե՞լ են պատվերներ, որոնք մերժել եք:
-Մերժում եմ միայն այն դեպքում, երբ ֆիզիկապես չեմ հասցնում:
-Մտածո՞ւմ եք բիզնեսը ընդլայնելու, անձնական տարածք, ինչո՞ւ չէ նաև խանութ-սրահ ունենալու մասին:
-Չնայած նրան, որ բոլորը չորս կողմից հուշում են բիզնեսը կիսատ չթողնելու և այն շարունակելու մասին, այնուամենայնիվ, մտքերս շատ անորոշ են. Շարունակե՞լ այս ճանապարհով, թե՞ այն մասնագիտությամբ, որը հիմա եմ սովորում:
Հավելեմ նաև, որ ունենք մասնաճյուղ Լոս-Անջելեսում, որով մտերիմ ընկերուհիս է զբաղվում, ով 3 տարի է, ինչ ԱՄՆ է տեղափոխվել: Ունի տարբեր հմտություններ և աշխատում է 3 տարբեր բնագավառներում, որոնցից մեկը հրուշակագործությունն է: Միասին քննարկելով հասկացանք, որ այնտեղ չկա նման գաղափար ու կարելի է ասել, որ առաջին իրագործողն է այնտեղի եղել: Վստահ էինք, որ գաղափարը սիրվելու և իրացվելու է, ու այդպես էլ եղավ…
Ռոզա Ամիրջանյան
5-րդ կուրս