Մեկ օր Դինգո թիմի հետ. այնտեղ, որտեղ հույսը թափահարում է իր պոչը

Մեկ օր Դինգո թիմի հետ. այնտեղ, որտեղ հույսը թափահարում է իր պոչը

282

Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ հույսը ծաղկում է նույնիսկ ամենադաժան իրողությունների պայմաններում: Աշխարհ, որտեղ լքված հոգիները մխիթարություն են գտնում անսահման սիրո և նուրբ հոգատարության գրկում: Բարի գալուստ Դինգո թիմ, մի կազմակերպություն, որը փրկում է անօթևան շներին, վերականգնում և նոր կյանք նվիրում նրանց: Շուրջ 200 շուն ապրում է Դինգո թիմի կողմից կառուցված կացարանում: Կազմակերպություն ունենալը Օվսաննա Հովսեփյանի (ով հանդիսանում է Դինգո թիմի հիմնադիր տնօրենը) մտահղացումն է՝ կարեկցող անհատի, ով առաջնորդվում է կենդանիների հանդեպ անկեղծ սիրով:

Հետաքրքրասիրությունն ու կենդանիների հանդեպ ունեցած խորը սերը ինձ տարան շների կացարան: Երբ ես անցա դարպասների միջով, ինձ դիմավորեց խանդավառ հաչոցների և շարժվող պոչերի մի մեծ խումբ: Շներն ունեին մեկ ընդհանուր կապ. նրանք բոլորն էլ ստանում էին Դինգո թիմի  և կամավորների անմնացորդ հոգատարությունն ու ջերմությունը: Հույսի և հիացմունքի խառնուրդով դիտում էի կամավորներին և անձնակազմին, ովքեր ջանասիրաբար հոգում էին շների կարիքները: Հենց այս անսանձ ուրախության պահին ես իսկապես ըմբռնեցի Դինգո Թիմի շարժիչ ուժը՝ վերականգնել ոչ միայն այս կենդանիների ֆիզիկական առողջությունը, այլև նրանց վստահությունը, ուրախությունը և կյանքի եռանդը:

Ցանկանալով ավելին իմանալ այս նախաձեռնության շարժիչ ուժի մասին՝ ես տեղում զրուցեցի Օվսաննայի հետ: Ջերմ ժպիտով կիսվեց իրենց ոգեշնչող պատմությունով:

-Ինչպե՞ս ստեղծվեց գաղափարը՝ ստեղծելու կազմակերպությունը, և ինչու՞ հենց Դինգո:

-Ճիշտն ասած կազմակերպություն ունենալու գաղափար ի  սկզբանե չի եղել: Քանի որ այդ ժամանակ կենդանիների փրկության և բուժօգնության կազմակերպություն չկար, ես ինքս վերցնում, փրկում, բերում էի իմ տուն, մինչև տերեր գտնելը և, ի վերջո, երբ դրա շուրջ մարդիկ սկսեցին հավաքվել, շներ որդեգրվել, այն վերածվեց կազմակերպության: Իսկ Դինգո, որովհետև իմ շան անունը Դինգո էր, և նրա պատվին կոչեցի կազմակերպությունը:

-Հիմնականում ին՞չ հարցերով են ձեզ դիմում, և արդյոք միշտ  ստացվում է բոլորին օգնել:

-Մեզ դիմում են ամեն հարցով, երբ նույնիսկ մի տեղ պատահաբար շուն են տեսնում, տեղյակ են պահում: Բայց, ցավոք, մենք շների և կատուների հետ կապված ամեն հարցով չէ, որ կարող ենք օգնել, քանի որ կամավորական, բարեգործական և խիստ սահմանափակ ռեսուրսներով կազմակերպություն ենք: Մենք հիմնականում անտուն կենդանիների բուժօգնություն ենք իրականացնում և փորձում ենք կազմակերպել որդեգրումներ: Օրինակ` կենդանին ընկել է մեքենայի տակ, վնասվել է, կամ ցանկացած այլ խնդիր, երբ կենդանին չի կարող գոյատևել դրսում ինքնուրույն։ Ինչպես նաև ունենք կացարան, որտեղ ապրում են բուժելուց հետո այն կենդանիները, որոնք ծեր են, հաշմանդամ կամ ունեն այլ խնդիր:

-Շաբաթական քանի՞ անգամ եք այցելում կացարան:

-Անձամբ ես այցելում եմ շաբաթական մեկ անգամ: Փորձում եմ ավելի շատ էլ հասցնել, բայց, քանի որ Դինգոն ինձ մոտ կամավորական հիմունքներով է, ես նաև իմ սեփական բիզնեսն եմ աշխատեցնում: Մենք այստեղ ունենք երեք հիմնական աշխատողներ, որոնք գալիս են ամեն օր աշխատանքային ժամերին, կերակրում են, մաքրում են, խնամում են, և բոլոր անհրաժեշտ աշխատանքները կատարվում են: Ասեմ նաև, որ ունենք այցելության օրեր, եթե մարդիկ ուզում են գալ, կենդանիներին տեսնել, խաղալ, ես կարողանում եմ շաբաթ կամ կիրակի օրերին նրանց ինձ հետ բերել, քանի որ ինքնուրույն այստեղ հասնելը մի քիչ բարդ է:

-Քանի՞ հետևորդ ունեք ձեր սոցիալական հարթակներում, և քանի՞ տոկոսն է օգնում, երբ կա դրա կարիքը:

-Ընդհանուր էջերում ունենք մոտ 70.000 հետևորդ: Տոկոսային հարաբերությամբ չեմ կարող ասել քանի տոկոսն է օգնում, բայց պետք է ասեմ, որ բավականին օգնողներ ունենք` հաշվի առնելով, որ մեր միակ եկամուտը նվիրատվություններն են, այսինքն՝ ոչ մի տեղից չենք ֆինանսավորում և այս ամբողջ ահռելի գործընթացը իրականացնում ենք միայն նվիրատվություններով:

-Օվսաննա, Ձեր ոչ՛ ֆեյսբուքյան, ոչ՛ ինստագրամյան էջերում չկա հստակ հեռախոսահամար, կասե՞ք՝ ինչպես են ձեզ հետ կապ հաստատում, երբ կենդանուն շտապ օգնելու կարիք է լինում:

-Գիտեք մեզ մոտ չկա նշված հեռախոսահամար, քանի որ մենք շտապ օգնություն չենք, այլ, ինչպես արդեն նշել եմ, իրականացնում ենք բուժօգնություն: Շտապ օգնությունը առնավազն պետք է ունենա մեքենա, համապատասխանաբար վարորդ, որպեսզի հարկ եղած ժամանակ կարողանանք հասնել օգնության, բայց մենք այդ հնարավորությունը չունենք: Նաև չունենք կամավոր, ով անընդմեջ կպատասանի հեռախոսազանգերին:  Ես ինքս փորձել եմ, իմ համարը նշել և փորձը ցույց է տալիս, որ մարդիկ պարզապես զանգում, տեղեկացնում են, որ այստեղ շուն կա, եկեք տարեք: Այդ պատճառով մեզ հետ կապվում են մեր էջի միջոցով` նամակագրությամբ, և եթե մենք այդ պահին չենք կարող հասնել, փորձում ենք տաքսիների միջոցով կամ ազատ կամավորի միջոցով օգնել կենդանուն:

-Խնդրում եմ պատմեք մի հետաքրքիր պատմություն, որն այս ընտացքում ձեզ ամենաշատն է տպավորել:

-Պատմությունները չափազանց շատ են, քանի որ մեր յուրաքանչյուր կենդանի իր պատմությունն ունի, և, ցավոք, այդ պատմության սկիզբը միշտ դաժան է: Բայց իմ ամենասիրելի պատմությունը  մեր Տիգրանի մասին է: Այս կացարանը դեռ չկար, մենք նրան գտել էինք թաթերը լրիվ ծռված, մեջքը ամբողջովին ծռված` կորացած, շատ վատ վիճակում էր: Այստեղ բժիշկները ոչ մի հույս չտվեցին, ոչ մի տարբերակ չկար բուժման: Այդպես մեր կյանքում առաջին անգամ կազմակերպեցինք և շուն ուղարկեցինք ԱՄՆ, որտեղ նա որդեգրվեց, բուժվեց լիարժեք և դարձավ այնտեղի ամենահայտնի շներից մեկը: Նրա մասին անգամ գիրք կա: Տիգրանը այն շներից մեկն է, որը  մասնակցում է դպրոցի կրթական ծրագրերին, շրջում է դպրոցներով, կրթում և դաստիարակում է երեխաներին: Մեծ հպարտությամբ նրա տերը բոլորին պատմում է Տիգրան անվան մասին, որ նա հայ է, և իհարկե պատմում է Հայաստանի մասին: Ահա Տիգրանի մասին պատմությունը իմ ամենասիրելին է, որը երկար տարիներ առաջ է եղել:

-Իրոք շատ հուզիչ և հետաքրքիր պատմություն է: Եվ վերջում կնշե՞ք  Դինգո թիմի ապագա պլանների մասին: 

-Շատ մեծ պլաններ ունենք, որոնցից է հետագայում շների թերապիա անելը` մանկական կենտրոններում: Երեխաները կկարողանան գալ, շփվել, ժամանակ անցկացնել շների հետ: Սակայն այդ ամենի համար մեզ բավականին ռեսուրս և ջանք է պետք: Իհարկե մենք ամեն բան անելու ենք, որպեսզի զարգացնենք մեր կազմակերպւթյունը. ուղղակի ժամանակի հարց է:

Այս այցը ավելին էր, քան պարզապես շների հետ խաղալու հնարավորություն. այն Դինգո Թիմի ուշագրավ աշխատանքի վկայությունն էր: Հայացք դեպի մի աշխարհ, որտեղ տիրում են կարեկցանքն ու նվիրվածությունը, որտեղ տրվում են հնարավորություններ, և որտեղ սերը փոխակերպում է կյանքը՝ մեկ-մեկ պոչը շարժելով:

Անի Ենոքյան

5-րդ կուրս

Կիսվել