Շախմատը պատերազմ է, որի մեջ կարևորագույն կանոնը հակառակորդի քայլերին ուշադրություն դարձնելն է․...

Շախմատը պատերազմ է, որի մեջ կարևորագույն կանոնը հակառակորդի քայլերին ուշադրություն դարձնելն է․ Միքայել Բաբլոյան

383

Շախմատ սիրում են շատերը, սակայն ոչ բոլորին է հաջողվում տիրապետել շախմատի կանոններին։ Ոմանք շախմատը համարում են կյանքի խաղ, ոմանք էլ՝ բարդ խաղ։ Սակայն ամեն ինչ շատ պարզ է սկզբում հարկավոր է սովորել խաղի կանոնները, այնուհետև զարգացնել հմտությունները խաղում։ Զրուցակիցս շախմատիստ Միքայել Բաբլոյանն է։

-Ե՞րբ ծնվեց շախմատի հանդեպ սերը։

-Հայրս շատ է սիրում շախմատ խաղալ, ես էլ դեռ փոքր տարիքից կողքին կանգնում և դիտում էի ու ինքնուրույն սովորեցի սկզբնական դիրք շարել, առաջին քայլեր կատարել։ Հետո ծնողներս որոշեցին ինձ տանել շախմատի: Առաջին օրերից հասկացա, որ ես շախմատ շատ եմ սիրում, ու արդեն հետագա ճակատագիրս ինձ ամբողջովին կապեց շախմատի հետ: Հիմա չեմ ափսոսում, որ ընտրել եմ հենց այս ճանապարհը:

Որո՞նք են եղել Ձեր առաջին հաջողությունները։

-Առաջին հաջողությունս դպրոցականների մրցուշարում եմ գրանցել՝ գրավելով առաջին հորիզոնականը, որից հետո արժանացել եմ Արարատի մարզի չեմպիոնի կոչմանը, իսկ արդեն 2010 թվականին մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը, որտեղ դեռ 2-րդ կարգ ունեի, իսկ խաղս բավականին փորձառու մրցակցի հետ էր: Հիշում եմ, երբ արդեն 12-րդ քայլս կատարեցի, հակառակորդս մատային իրավիճակում հայտնվեց և մոտ 30 րոպե մտածելուց հետո պարզապես հանձնվեց:

-Բազմաթիվ հաղթանակներից բացի՝ լինում են նաև անհաջողություններ։ Ինչպե՞ս եք վերաբերվում պարտություններին։

-Առանց պարտության չի լինում հաղթանակ, քանի որ հաղթանակները ձևավորվում են պարտությունների վրա, դա բնական է: Պարտվում ենք, որովհետև սխալվում ենք ու հենց մեր սխալների վրա սովորում ենք: Մի փոքր հարաբերական է դա, բայց վճռորոշ խաղերի պարտությունները շատ ծանր եմ տանում: Հիշում եմ՝ վերջին խաղում պարտություն կրելուց հետո արցունքներս անվերջ հոսում էին։

-Շախմատն օգնո՞ւմ է Ձեզ կյանքում ինչ-որ քայլեր անելիս։

-Այո՛, իհա՛րկե, շախմատը պատերազմ է, որի մեջ կարևորագույն կանոնը հակառակորդի քայլերին ուշադրություն դարձնելն է և ավելի հեռուն մտածելը, նախքան քայլ կատարելը հաշվի առնել հնարավոր հարվածները, որոնք կարող են խնդիրներ և դժվարություններ առաջացնել: Այդպես է նաև կյանքում. նախքան քայլ կատարելը պետք է հաշվի առնել հետևանքները, քայլից հետո  դրական և բացասական անդրադարձները՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար: Հենց այս առումով փորձում եմ կյանքում ևս այդպես ապրել։

-Գիտեմ, որ Դուք նաև 44-օրյա պատերազմի մասնակից եք, ի՞նչ եք կարծում՝ իրական պատերազմը և շախմատը նմա՞ն են իրար։

-Հենց շախմատի միջոցով կարողացա մարտի դաշտում էլ ավելի հեռուն մտածել, ավելի ճշգրիտ հաշվի առնել հահառակորդի հնարավոր հարվածները։ Կարող եմ ասել, որ ինձ  մասնագիտական հմտություններս օգնեցին լիարժեք կատարել իմ առջև դրված մարտական խնդիրը:

-Եթե Աստված կամենա, և դառնաք աշխարհի չեմպիոն, ի՞նչ կփոխվի Ձեր կյանքում։

-Առանձնապես ոչինչ, պարզապես կլինեմ աշխարհի չեմպիոն։

–Շախմատը Ձեզ համար ավելի շատ հոբբի՞ է, թե՞ մասնագիտություն։

-Անկեղծ, ինչ զգացել եմ շախմատում, նկարագրել հնարավոր չէ։ Շախմատն իմ ամենասիրելի գործն է: Շախմատի միջոցով ես արտահայտվում եմ, դրսևորվում, կարելի է ասել, որ այն իմ մասնագիտությունն է:

-Գիտեմ, որ այժմ նաև դասավանդում եք շախմատ, ինչպե՞ս եղավ առաջարկը։

-Առաջարկը եղել է Արատաշատի համայնքապետարանի կողմից, նպատակը համայնքում տարբեր սպորտաձևերի, այդ թվում՝ շախմատի զարգացումն է եղել։ Մի քանի ազատ սենյակ կար, որոնցից մեկը տրամադրեցին շախմատին։ Մինչ բանակ զորակոչվելս ևս դասավանդել եմ, իսկ արդեն բանակում դարձել եմ դիվիզիայի չեմպիոն, զորամասի բազմակի չեմպիոն։ Զորացրվելուց հետո կրկին առաջարկ եղավ, ես էլ որոշեցի շարունակել գործս: Այժմ ունեմ երկու խումբ՝ շուրջ քսան աշակերտ։

-Հե՞շտ է երեխաների հետ աշխատելը։

-Հեշտ չէ, բայց շատ հաճելի է։ Երեխաների հետ պետք է շատ զգույշ լինես, երբեմն նաև փորձես նրանց պես պահել քեզ, որպեսզի երեխան չհիասթափվի։

-Շնորհակալություն զրույցի համար:

Հասմիկ Անտոնյան

5-րդ կուրս

Կիսվել