Ես իմ յուրաքանչյուր մոմե քանդակից բաժանվելիս՝ իմ ստեղծագործ մի մասնիկն եմ տալիս․․․»․...

Ես իմ յուրաքանչյուր մոմե քանդակից բաժանվելիս՝ իմ ստեղծագործ մի մասնիկն եմ տալիս․․․»․ Աննա Պատուրյան

443

Թե ինչպես սիրելի հոբբին դարձավ աշխատանք, իսկ այժմ նաև հաջողված բիզնես։ Զրուցակիցս մոմագործ Աննա Պատուրյանն է

-Աննա, կպատմեշ՞ք, թե ինչպես ծնվեց գաղափարը։

-Սկզբնական գաղափարն այն էր, որ Լոնդոնի հայտնի մոմագործական ընկերությունից ներկրեինք յուրօրինակ մոմե քանդակներ և վաճառք կազմակերպեինք հայկական շուկայում։ Հետո իմ ու ամուսնուս մոտ միտք հղացավ․ «ի՞նչու ներկրել, եթե կարող ենք հենց մերը արարել»: Եվ ահա սկսվեցին տարբեր ուսումնասիրություններ, քննարկումներ: Բազում, թերևս, հաղթահարելի փորձություններ արդյունքում ՝2014 թ. Փետրվարի 18-ին սկսեցի իմ գործունեությունը։

-Ի՞նչ դժվարությունների եք բախվել սկզբնական շրջանում։

-Սկզբնական շրջանը շա՜տ դժվար տրվեց ինձ, անասելի հիասթափություններ ապրեցի, բայց ամենակարևորը՝ կանգ չառա։ Կար նպատակ, ուստի պիտի արվեր ամեն բան ի գործ։ Ինձ վրա աշխատելով՝ հետզհետե հասա նրան, ինչին ձգտում էի, ու այսօր հպարտ կարող եմ ասել, որ ինչպես ՀՀ –ում, այնպես էլ արտերկրում չկա իմ ձեռագործ մոմե քանդակներից։

-Ի՞նչ է Ձեզ համար մոմագործությունը։

-Այն ինձ համար ուղղակի աշխատանք կամ մոմագործություն չէ։ Սա արվեստ է։ Ես ամեն մոմե քանդակի վրա հոգի եմ դնում, ամեն դետալ սիրով եմ պատրաստում՝արդյունքում ստանում տարբերվող, նմամը չունեցող, յուրօրինակ մոմե քանդակներ: Եվ այո, յուրաքանչյուրից բաժանվելիս ես իմ ստեղծագործ մի մասնիկն եմ տալիս։ Եվ եթե կա ձգտում, սեր ու նվիրում սիրած գործի հանդեպ, կարծում եմ՝ պսակվում է հաջողությամբ։

-Կարո՞ղ եմ ենթադրել, որ սա Ձեր հոբբին է, թե՞ պարզապես հաջողված բիզնես գաղափար։

-Սիրելի հոբբին դարձավ աշխատանք, իսկ այժմ նաև հաջողված բիզնես, մոմագործությունն իմ սիրելի, շա՜տ սիրելի մասնագիտություն է, հոբբի, որին կարելի է անմնացորդ նվիրվել, անվերջ ստեղծագոդծել. ահա սրան է կոչված իմ գործը։

-Աննա, ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մոմագործը, արդյոք կարևո՞ր են նկարչական և քանդակագործական հմտությունները։

-Ա՛յո, շա՜տ կարևոր են։ Եվ եթե արարչագործության թագն ու պսակը մարդն է, ապա մշակույթը անհատի ստեղծագործություն է։ Քանդակագործության և նկարչության կրողը մոմագործությունն է, ինչի վառ արտացոլքն է իմ «քանդակները» և, նրանցից յուրաքանչյուրը կերտելիս, սեր, նվիրում, երազանք, տրամադրություն ու բարություն եմ դնում։

-Ի՞նչ թեմաներով եք սիրում ստեղծագործել։

– Օ՜հ, շատ բարդ է պատասխանելը, քանզի բոլոր թեմաներն էլ ինքին յուրովի սիրում եմ։ Սակայն չեմ կարող չառանձնացնել, որ Մուլտհերոսների եռաչափ (3D) կերպաներ ստեղծելու համար ուղղակի խենթանում եմ։

-Ունե՞ք այնպիսի կերպար, որին սիրահարված եք և չէիք ցանկանա դրանից բաժանվել: Եվ առհասարակ դժվա՞ր է Ձեզ համար բաժանվել Ձեր կերպարներից:

-Իմ կերպարները կերտելիս մե՜ծ նվիրումով եմ պարուրում, ուստի բոլորին էլ նույնքան սիրում եմ։ Առհասարակ, ես իմ մոմե մշակույթին սիրահարված եմ, բաժանվելիս՝ նորը արարելու սպասումով, դիմացինին իմ գործը գնահատելու երախտիքով եմ փոխանցում քանդակներս։

-Աննա, հայկական իրականության մեջ դժվար է երիտասարդ կին մոմագործի հանդիպել, հե՞շտ է  Ձեզ համար այդ պաշտոնը կրել։

-Արձագանքներն, իհարկե, շա՜տ տարբեր են, քանզի մոմագործությունը ՀՀ-ում նոր զարգացող ճյուղ է և մեծամասնությանը՝ դեռ անծանոթ։ Ոմանք զարմանում են, ոմանք հիանում, ոմանք էլ անմնացորդ սիրահարվում են արվեստիդ։

-Գիտեմ նաև, որ ունեք երկու փոքրիկ, ինչպե՞ս եք կարողանում երեխաների խնամքը համատեղել աշխատանքի հետ։

-Իրականում շատ բարդ է, քանի որ և՛ բալիկներս, և՛ աշխատանքս նույնքան ուշադրություն, ժամանակ և պատասխանատվություն են պահանջում։ Այդ իսկ պատճառով էլ հիմնական աշխատանքը տարվում է երեկոյան ժամերին։

-Ձեր գործերում հստակ երևում է ոչ միայն ձեռքի, այլև մտքի և երևակայության հսկայական աշխատանք: Ինչպե՞ս  են  ծնվում  Ձեր ինքնատիպ և յուրահատուկ  լուծումներով  ստեղծագործությունները։

-Իմ բոլոր գործերը մտքի վառ թռիչքի արդյունքում են ծնվում, շատ հաճախ հենց աշխատելիս ինքնին միտքս փայլատակում է ու հստակ, պատկերավոր գծվում անելիքս։

-Այս աշխատանքում ի՞նչն է Ձեզ մոտիվացնում։

-Ամենամեծ մոտիվացիան ընտանիքս է, ծնողներս, ուժերիս հավատացող մարդիկ և այո, հենց դա է հաջողության  ամենամեծ շարժառիթը։

-Դուք ակտիվ եք նաև ինստագրամ սոցիալական հավելվածում։ Նմանատիպ հարթակներն ինչքանո՞վ  են  օգնում Ձեր աշխատանքների վաճառքին։

-Օնլայն հարթակներով ես կարողանում եմ ներկայացնել  ստեղծածս և, ըստ իս, շատ հետաքրքիր է, որ իմ գործով հետաքրքրվողները բավականին հաճախ կարողանում են «ներկա գտնվել» մոմե քանդակների ստեղծմանը։

-Ի՞նչ եք ուզում սպառողին փոխանցել Ձեր աշխատանքներով։

-Սպառողին ուզում եմ փոխանցել մի կտորը իմ արարած մշակույթից՝ քանդակից, համեմված սիրով ու մեծ նվիրումով։

-Հետագայում աշխատանքային ի՞նչ պլաններ և նպատակներ ունեք:

-Աշխատանքային պլաները գլխումս անընդհատ պտտվում են՝ նոր համագործակցություններ, կարիեռայի ընդլայնում, որոնց մասին մի փոքր ուշ կբարձրաձայնեմ։ Առաջ Աստված, միշտ կան նպատակներ ու ձգտումներ, պիտի գնալ և հասնել նրանց։

Հասմիկ Անտոնյան

5-րդ կուրս

Կիսվել