Ուսուցչին հանում են գործից, փնտրում նոր ուսուցիչ, մնում առանց ուսուցիչ

Ուսուցչին հանում են գործից, փնտրում նոր ուսուցիչ, մնում առանց ուսուցիչ

671

Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոցը գրեթե կես տարի է, ինչ չունի հայոց լեզվի ուսուցիչ: Հաստիքը թափուր չէ. ուսուցիչը ֆիզարձակուրդում է գտնվում: Այսինքն՝ ժամանակավոր աշխատանքի տեղ է, եւ չեն կարող մրցույթ հայտարարել:

«Դիմել ենք նաեւ ԿՏԱԿ-ին, մտածել ուսուցումը հեռավար կազմակերպելու մասին, բայց այնտեղից ստացել ենք պատասխան, որ հնարավոր չէ նույնիսկ այդ ձեւով ուսուցումն իրականացնել՝ այս պահին ուսուցիչ չլինելու պատճառով»,- ասում է Ծիլքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանը:

Դպրոցը դիմել է նաեւ այլ պատկան մարմինների եւ ծրագրերի, օրինակ՝ «Դասավանդի՛ր Հայաստան»-ին, բայց էլի հնարավոր չի եղել ուսուցիչ գտնել: Գյուղն էլ գտնվում է  այնպիսի վայրում, որ տրանսպորտի խնդիր է առաջանում:

«Ճիշտ է, պետությունը որոշակի չափով հոգում է տրանսպորտային ծախսերը, բայց չկան անընդհատ գործող երթուղային միջոցներ: Մարդիկ, ճանապարհին կանգնելով, պետք է մտածեն ինչ-որ տեղից գալու մասին: Այս դեպքում էլ կարող են ժամանակին չհասնել աշխատանքի: Բնականաբար չեն կարող տաքսիներով ամեն օր գնալ եւ գալ: Առաջանում է կողքի դպրոցներից մասնագետներ բերելու խնդրի այլընտրանք»,- ասում է Ծիլքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանը:

Եթե Ծիլքարի պարագայում ուսուցիչ չունեն, որովհետեւ ֆիզարձակուրդում գտնվող ուսուցչին ժամանակավոր փոխարինող գտնելը բարդ է, ապա մի շարք այլ դպրոցներում հաստիքները թափուր են, որովհետեւ համապատասխան որակավորում չունեցող մասնագետներին աշխատանքից հեռացնելուց հետո նորերին գտնել չեն կարողանում։ Այս իրավիճակը ստեղծվել է, երբ ուժի մեջ է մտել օրենքի նոր պահանջը․ Հանրակրթության մասին օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները կարող էին  պաշտոնավարել մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը: Սրանով պայմանավորված՝ սեպտեմբերից սկսած՝ բոլոր միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչները ազատվել են աշխատանքից՝ 1300 հոգի: Դրանք մեծամասամբ  ՆԶՊ, շախմատ, տեխնոլոգիա առարկաները դասավանդող ուսուցիչներն են եղել:

«Թափուր հաստիքների հայտարարություններով՝ առաջին տեղում այս պահին մաթեմատիկան է, երկրորդում՝ ֆիզիկան, երրորդում՝ քիմիան, հաջորդը տեխնոլոգիան եւ կերպարվեստն են: Անցած կիսամյակ օտար լեզուներից ռուսերենի մեծ պահանջարկ կար: Սակայն մենք այդպես էլ չպարզեցինք, թե ինչու էր դպրոցներում միանգամից այդպիսի բաց առաջացել: Այս տարի մեծ պահանջարկ կար նաեւ անգլերենի համար»,- հայտնում են ԿՏԱԿ-ից:

Բավական մեծ պահանջարկ է եղել նաեւ ֆրանսերենի եւ գերմանաերենի համար, որովհետեւ եթե անգլերենի եւ ռուսերենի համար գոնե կան մասնագետներ, ապա այստեղ նրանց ցերեկը մոմի լույսով էլ գտնելը դժվար է։

2003 թվականից գործում է դեպի սահմանամերձ բարձրլեռնային գոտիներ ուսուցիչների գործուղման կարգը:

«Առաջ, եթե լինում էին թափուր տեղեր, դրանց համար դիմողները գալիս էին մեզ մոտ, եւ մենք, ստուգելով ուսուցչի համապատասխանությունը տվյալ առարկային, տալիս էինք գործուղման թերթիկներ: Այս ուսուցիչներին միանվագ տալիս էինք նաեւ 10 հազար դրամ՝ վարձով մնալու եւ 5 հազար դրամ՝ կեցության համար: Սրան դիմողները, սակայն, շատ քիչ էին»,- ասում է ԿԳՄՍՆ անձնակազմի կառավարման վարչության համալրման եւ հավաստագրման բաժնի պետ Սիրանուշ Էլոյանը:

2023-ի սեպտեմբերին Արցախից բնակչության տարհանմանը զուգահեռ՝ համարյա մեկ շաբաթում մշակվել է նոր կարգ. եթե դպրոցը մեկ անգամ հայտարարել է թափուր աշխատատեղի համար մրցույթ, եւ դրանում հաղթող չի եղել կամ չեն դիմել, 2-րդ մրցույթ հայտարարելու փոխարեն դպրոցը ուղարկում է տվյալները մարզպետարան, միայն որը կարող է մուտք գործել ստեղծված համակարգ եւ դրանք մուտքագրել այնտեղ:

Մրցույթ հայտարարած դպրոցները չեն կարող դիմել արցախցի ուսուցիչների գործուղման ծրագրին, որովհետեւ հնարավոր է մրցույթի արդյունքում ինչ-որ մեկը հաղթի, այդ դեպքում չեն կարող գործուղել ուսուցչին այնտեղ: Ուսուցչի թափուր հաստիքի վերաբերյալ տվյալները մուտքագրելուց հետո ուսուցիչները այդ համակարգում ներկայացնում են դիմումներ: Հիմնականում արցախցի ուսուցիչներին գործուղում են այնտեղ, որտեղ նրանք բնակություն են հաստատել:

«Թեկուզ Արցախից եկած լինեն ուսուցիչները, բայց երբ իրենք գալիս եւ աշխատած գումարի մեծ մասը տալիս են տրանսպորտին, այս դեպքում իրենք էլ չեն ցանկանա գալ»-, ասում է Արման Հովհաննիսյանը:

Կան առարկաներ, որոնք ուսուցիչները կարող են դասավանդել որպես հարակից: Դա պայմանավորված է նրանով, թե տվյալ ուսուցիչը որքան ժամանակ է դասավանդել: Օրինակ՝ պատմության ուսուցիչները կարող են դասավանդել հասարակագիտություն կամ պատմություն:

«Սակայն կա այնպիսի կարծրատիպ, որ կենսաբանության ուսուցիչը կարող է, օրինակ՝ քիմիա կամ ֆիզիկա դասավանդել: Այդպես չի կարելի. համալսարաններում միայն մեկ մասնագիտացման որակավորում են տալիս: Միայն այն ուսուցիչները, ովքեր 5 տարուց ավել դասավանդել են ինչ-որ հարակից առարկա,  իրավունք ունեն այն դասավանդելու»,- բացատրում են ԿՏԱԿ-ից:

«Հիմա օրենքը այլ է. միայն մասնագետները իրավունք ունեն պարապելու առարկաները, եւ իրավունք չունենք դրանք հանձնարարելու, որ այլ ուսուցիչներ դրանք դասվանդեն: Ստացվում է այնպես, որ գյուղական դպրոցները մի քիչ տուժում են դրանից, որովհետեւ երբ գյուղում չկա մասնագետ, դրսից մասնագետ գտնելը մի փոքր դժվարություն է առաջացնում. մարդիկ գալու խնդիր ունեն:

Խորհրդային շրջանում ուրիշ էր. երբ բացակայող ուսուցիչ կար, 1-2 շաբաթ նշանակում էինք հարակից առարկայի ուսուցչի: Հիմա օրենքը թույլ չի տալիս, որ հարակից առարկայի ուսուցչին, թեկուզ ժամանակավոր, նշանակենք: Հստակ չափանիշներ կան. պետք է ուսուցչի մասնագիտական կրթությունը համապատասխանի դասվանդվող առարկային: Սրա համար էլ առաջանում են այս խնդիրները»,- ասում է Ծիլքարի դպրոցի տնօրենը:

Սիրանուշ Էլոյանի խոսքով՝ հիմա տեխնոլոգիայի ուսուցչի մեծ կարիք կա, որովհետեւ օրենքով սահմանված է, որ այն պետք է դասավանդի դրա մասնագետը, այլ ոչ ուրիշ ուսուցիչ: Իսկ դրա դասաժամերը հիմնականում շատ քիչ են: Այդ դեպքում մարդկանց գործուղելն էլ դժվար է լինում:

«Նույնը կերպարվեստի դեպքում է: Շաբաթական 2-4 դասաժամ ունեցող առարկաների պահանջը շատ-շատ է: Սրա դեպքում, ինչքան էլ ուսուցիչը Արցախից եկած լինի, այդ 2 ժամը չի դասավանդի: Եւ ամեն գյուղ, որտեղ, օրինակ՝ կերպարվեստի մասնագետի պահանջ ունեն,  դժվար այդքան կերպարվեստի ուսուցիչ գնա, որովհետեւ այդքան ուսուցիչ էլ չկա: Կարող ենք գործուղել մեկ տեղ: Բայց եթե իրար կողքի գտնվող բնակավայրերում են լինում ուսուցչի թափուր հաստիքներ, այդ դեպքում կարող է տվյալ ուսուցիչը աշխատել միանգամից 2 դպրոցներում: Այդպես նրա դասաժամերը շատ կլինեն»,- ասում է Սիրանուշ Էլոյանը:

Ծիլքարի միջնակարգ դպրոցը ունի նաեւ այլ թափուր հաստիքներ, որոնց համար պարբերաբար հայտարարում են մրցույթներ, բայց դրանք այդպես էլ չեն համալրվում: Չկան կերպարվեստի, տեխնոլոգիայի, երաժշտության ուսուցիչներ, իսկ այս տարի նաեւ դասվար:

«Հայոց լեզուն պարապում է միայն 12-րդ դասարանում մի ուսուցչուհի, ով արդեն իսկ ծանրաբեռնված է: Մյուս դասարանները չի կարող պարապել: Դա էլ քանի որ ավարտական դասարան է, տվել ենք որ գոնե այնտեղ պարապի այդ դասաժամերը: Իսկ մյուս դասարանները ժամանակավոր չեն պարապում»,- ասում է Ծիլքարի դպրոցի տնօրենը:

2021 թվականի մարտ ամսին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համանախաձեռնությամբ մեկնարկել է «Մենթոր դպրոցները՝ որպես թվային դասավանդման առաջատարներ» ծրագիրը, որի նպատակն է ոչ միայն լուծել գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդիրը, այլեւ  ստեղծել թվային դասավանդման կարողություններով եւ հմտություններով զինված դպրոցներ:

Ծրագրի շրջանականերում հումանիտար առարկաներից միայն ռուսաց լեզուն է առցանց դասավանդում: Ծիլքարի միջնակարգ դպրոցում նունպես հնարավոր է՝ հունվարից հայոց լեզու  առարկան հեռավար դասվանդեն, կամ մյուս տարվա սեպտեմբերից նոր ունենան ուսուցիչ:

Սիրանուշ Էլոյանի խոսքով՝ ուսուցիչների գիտելիքի գնահատումը իրականացվում է ատեստավորմամբ եւ այլ ծրագրերով: Իսկ այն հարցին, թե արդյոք բարդ չէ ստեղծված ատեստավորման ծրագիրը, հնչում է այս պատասխանը. «Թույլ ուսուցիչը չի դիմանա դպրոցում»:

Ատեստավորումը՝ հիմք ուսուցչին աշխատանքից հեռացնելու համար

2023 թվականի կամավոր ատեստավորումն իրականացնելուց հետո ատեստավորման մասին որոշման այն կետի վերաբերյալ, որը վերաբերում էր կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցչին պաշտոնից ազատելու պահանջին, կատարվել է իրավական ակտերի համապարփակ վերլուծություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ օրենսդորությամբ այդ դրույթի կիրառությունը բավարար հստակեցված չէ: Չնայած նրան, որ ատեստավորման նպատակը ուսուցիչների մասնագիտական կարողությունները ստուգելն է եղել, եւ կամավորի դեպքում՝ նաեւ աշխատավարձի բարձրացումը, բայց սրա հետեւանքով շատ ուսուցիչներ զրկվել են իրենց աշխատանքից՝ էլ ավելի մեծացնելով թափուր հաստիքների թիվը: Հիմա մոտավորապես ուսուցչի 1400 թափուր հաստիք կա:

Հանրակրթության մասին օրենքով՝ կան 2 տեսակի ատեստավորումներ՝ հերթական եւ կամավոր: Ընդ որում՝ կամավոր ատեստավորումը մտել է 2022 թվականին: Նախկինում կար միայն հերթական ատեստավորում, որը հստակ նախատեսված էր ուսուցչի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին ստուգելու համար: Սա համահունչ էր աշխատանքային օրենսգրքի համապատասխան կարգավորմանը, որտեղ նույնպես հնարավորություն էր նախատեսված գործատուի համար՝ լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը չի համապատասխանում իր պաշտոնին:

2022 թվականին մտցվեց նաեւ կամավոր ատեստավորումը, որի նպատակը, ի տարբերություն հերթական ատեստավորման, աշխատողի աշխատավարձի բարձրացումն է:

Ըստ իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանի՝ կամավոր ատեստավորման տրամաբանությունն ու հարցաշարը պետք է ավելի բարդ լինեն, որովհետեւ համարվում է՝ եթե անձը անցնում է հերթական ատեստավորում, նա համապատասխանում է տվյալ աշխատանքին, իսկ եթե ցանկանում է բարձր աշխատավարձ ստանալ, պետք է անցնի կամավոր ատեստավորում: Այսինքն, եթե հերթական ատեստավորման բարդությունը x է, կամավորինը պետք է լինի 2x, որովհետեւ աշխատավարձը 2 անգամ բարձրանալու է:

Արսեն Թավադյանը

«Բայց սրա հետ մեկտեղ հանրակրթության մասին օրենքով եղավ մի խաբկանք: Նախատեսվում էր, որ եթե ուսուցիչը չի անցնում ոչ միայն հերթական, այլեւ կամավոր ատեստավորումը, դա հիմք է իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու: Այսինքն, չնայած որ հերթական ատեստավորումն է հիմք ծառայում՝ որոշելու աշխատողի համաատասխանությունը իր աշխատանքին, բայց կամավորով էլ կարող են աշխատանքից ազատել:

Կամավորի պարագայում ուսուցչին շահագրգռում են՝ ասելով արի, կամավոր ես իրականացնելու ատեստավորումը, զուտ բառից ելնելով այն որեւէ բացասական հետեւանք չի կարող ունենալ, եւ սրա նպատակը քո աշխատավարձի բարձրացումն է: Եւ միայն տողատակերում մանր տառերով գրված է, որ եթե չանցնես, քո աշխատանքային պայմանագիրը լուծվելու է:

Սա կանխատեսելիության տեսակետից ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ ուսուցիչը չի հասկանում, որ կամավոր բառը իրեն խաբելու համար են օգտագործում»,- ասում է փաստաբան Արսեն Թավադյանը:

Արսեն Թավադյանի խոսքով՝ սա նաեւ իրավասության տեսակետից ճիշտ չէ. օրենքով դա նախատեսված է, բայց այս իրավակարգավորման նպատակը ոչ թե պաշտոնին համապատասխանության ստուգումն է, այլ աշխատավարձի բարձրացումը:

«Թեկուզ եւ օրենքով կա հնարավորություն ուսուցչին աշխատանքից ազատելու, բայց այն սահմանադրությանը, իմ կարծիքով, այդքան էլ համահունչ չէ: Դրանից բացի նախարարը չի կարող լուծարել աշխատանքային պայմանագիրը. ինչքան էլ որ դպրոցը կա՛մ համայնքային, կա՛մ պետական ենթակայության է, այն առանձին սուբյեկտ է. աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել միայն տնօրենը:

Նախարարի կարգադրությունն էլ իր հերթին, սխալ է, որովհետեւ դպրոցը առանձին մարմին է, եւ դպրոցի տնօրենն էլ ենթարկվում է հոգաբարձուների խորհրդին, այլ ոչ թե նախարարին: Այլ է հարցը, եթե նախարարը ներքին կարգով կարգադրություն անի, ոչ մի դպրոց տնօրեն չի համարձակվի դեմ գնալ դրան»,- ասում է Արսեն Թավադյանը:

Հաշվի առնելով այս խնդիրները եւ այն, որ ատեստավորման արդյունքում շատ ուսուցիչներ են աշխատանքից հեռացվում, ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը կայացրել է հետեւյալ որոշումը.

«Քանի որ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար տվյալ եղանակով ատեստավորումն, ըստ էության, հաջորդ տարի դառնում է պարտադիր եւ դիտվում հերթական ատեստավորման տրամաբանության մեջ, իսկ հերթական ատեստավորման տրամաբանությունն ամբողջությամբ վերափոխվում է՝ հիմք ընդունելով ուսուցչի անհատական մասնագիտական զարգացման կարիքը, այդ թվում՝ մասնագիտական գիտելիքը, որի կապակցությամբ ընթանում է համապատասխան օրենսդրության ամբողջական լրամշակումը, առաջարկում եմ այս փուլում ձեռնպահ մնալ ուսուցչին զբաղեցրած պաշտոնից ազատելու դրույթի կիրառումից»:

Այս կարգավորումը, սակայն, չի անդրադառնում բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների վրա:

Ծիլքարի միջնակարգ դպրոցը հավաքական կերպար է, եւ այս ու այլ խնդիրների հետեւանքով է, որ դպրոցի բոլոր ուսուցիչները, փոխտնօրենը, տնօրենը, նաեւ ծնողները անընդհատ զանգահարում են թե՛ ծանոթներին, թե՛ անծանոթներին, տալիս են հայտարարություններ եւ փորձում գտնել ուսուցիչներ: Բայց դեռ չի հաջողվում…

Երջանիկ Հարությունյան

3-րդ կուրս

Կիսվել