Միջին աշխատավարձը բևեռացված է. ովքե՞ր են բևեռի բացասական կողմում

Միջին աշխատավարձը բևեռացված է. ովքե՞ր են բևեռի բացասական կողմում

341

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձի մեծ աճը չի խոստանում աշխատավարձի նույնչափ կտրուկ բարձրացում բնակչության բոլոր խմբերի համար։ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին աշխատավարձը կազմում է 262,789 դրամ։ 2019 թվականի համեմատ այն աճել է 84,157 դրամով։ Այն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքը 37,353 դրամով։ Սակայն սա չի նշանակում, որ աշխատավարձերի այսչափ բարձրացումներ են գրանցվել ինստիտուցիոնալ բոլոր հատվածներում և տնտեսական գործունեության բոլոր տեսակներում։

Բնակչության բարեկեցիկ կյանքը պայմանավորված է զբաղվածների, գործազուրկների և աշխատուժից դուրս բնակչության մասնաբաժինների հարաբերությամբ, ինչպես նաև՝ զբաղվածների համապատասխան վարձատրությամբ։

Նախորդ տարվա տվյալներով` բնակչության 24,8%-ն աղքատ է։

2023թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը 68,000 դրամի փոխարեն սահմանվել է 75,000 դրամ։ Այս բարձրացումը կարող է նպաստել աղքատության մակարդակի կրճատմանը, ինչպես նաև նվազեցնել նվազագույն և միջին աշխատավարձերի միջև հարաբերակցությունը։ Սակայն շատ ընտանիքներում մեկ աշխատող ընտանիքի անդամը հոգում է ընտանիքի մի քանի անդամի նվազագույն պահանջները։ Երկրում մնում են աշխատող աղքատներ՝ մարդիկ, որոնք, անգամ աշխատանք ունենալով, չեն կարողանում ապահովել իրենց և իրենց ընտանիքի անդամների նվազագույն պահանջմունքները։

Մասնագիտությունն է պայմանավորում քո միջին աշխատավարձը

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, երբ միջին ամսական անվանական աշխատավարձը 178,632 դրամ էր, չկար որևէ ինստիտուցիոնալ հատված և տնտեսական գործունեության տեսակ, որտեղ միջին աշխատավարձը բարձր լիներ 500,000 դրամից, իսկ 400,000 հազար դրամից ավելի միջին աշխատավարձ էր հաշվվում միայն հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, տեղեկատվության և կապի ոլորտներում։ Ըստ Վիճակագրական կոմիտեից ստացած տվյալների՝ ամենացածր միջին աշխատավարձը կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում էր՝ 98,501 դրամ։

Իրավական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը նկատում է, որ միջին աշխատավարձի աճ կա, սակայն դա պայմանավորված է մի քանի ոլորտներով։ Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին աշխատավարձը հաշվվում է 715,082 դրամ, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում՝ 511,057, իսկ տեղեկատվություն և կապի ոլորտում՝ 845,387դրամ, որից միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր է վաստակել միջինում 1 միլիոն դրամ գումար։ Սակայն տնտեսական գործունեության 19 ոլորտներից 11-ում միջին աշխատավարձը ընդհանուր միջինից ցածր է մնում։ Օրինակ՝ կրթության ոլորտում 2019 թվականից հետո միջին աշխատավարձը բարձրացել է մոտ 42,000 դրամով, սակայն այս ոլորտի միջին աշխատավարձը ընդհանուր միջինից դեռ շատ ցածր է։

Ի դեպ, այն ոլորտներում, որոնց միջին աշխատավարձը ընդհանուր միջինից ցածր է, կա 515,454 աշխատող, որոնցից միայն կրթության ոլորտում աշխատում է 117,363 մարդ։ Իսկ այն ոլորտներում, որտեղ միջին աշխատավարձը ընդհանուր միջինից բարձր է կա 200,920 աշխատող։

Պատկերը պայմանավորում է աշխատաշուկայում մի իրավիճակ, երբ ՏՏ ոլորտի մասնագետի, ֆինանսիստի, տնտեսագետի մասնագիտությունները ամենապահանջվածներից են: 2019 թվականի հունվար-սեպտեմբերին տեղեկատվություն և կապի ոլորտում աշխատում էր 23,502 մարդ, իսկ   արդեն այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 44,248, մինչդեռ օրինակ՝ կրթության ոլորտում այս թիվը 103,480-ից դարձել է 117,363։ Առաջին դեպքում՝ հինգ տարում թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ կրթության որոտում ավելացել է ընդամենը 13,883-ով։ Ուսուցչի, դասախոսի աշխատավարձերը ամենացածրերից են աշխատաշուկայում։ Ցածր աշխատավարձը հանգեցնում է աշխատուժի որակի անկման, մասնագիտական կարողությունների կատարելագործման և մրցունակության բարձրացման մոտիվացիայի բացակայության։ Սա ազդում է կրթության որակի վրա և աշխատաշուկա են մտնում միջին որակի մասնագետներ։

Իրավական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Արսեն Թավադյանը բացատրում է՝ ինչքանով է օբյեկտիվ պատկեր ներկայացնում միջին աշխատավարձի վիճակագրությունը։

Միջին աշխատավարձը, հատկապես անհավասարաչափ, է բաշխված մարզերում

2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը Սյունիքում է գրանցվել` 310,416 դրամ` պայմանավորված մարզում հանքարդյունաբերական ոլորտի խոշոր ձեռնարկությունների առկայությամբ։ Սյունիքում միջին աշխատավարձը ամենացածր միջին աշխատավարձ ունեցող Գեղարքունիքի մարզից բարձր է 176,416 դրամով։ Մայրաքաղաքում միջին աշխատավարձը կազմում է 298,491 դրամ, ինչը պայմանավորված է պետական և ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների գրասենյակների կենտրոնացվածությամբ։ Տավուշում միջին աշխատավարձը 2021 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ բարելավվել է շուրջ 71,729 դրամով։

https://public.flourish.studio/visualisation/16092083/?fbclid=IwAR3hP2gbB-kANOht0SKkpHVt9QJlIGNEbJ3bpZ-wTo6XeUTBA1PdJ9QqMgQ

Միջին աշխատավարձը ընդհանուր միջինից բարձր է միայն Սյունիքում և Երևանում։ Արսեն Թավադյանի խոսքով՝ Սահմանադրությունը չի ամրագրում մարդու աշխատանքի իրավունքը՝ թույլ տալով պետությանը թողնել աշխատավարձերի կարգավորումը շուկայական հարաբերություններին։ Սա հանգեցնում է ծայրահեղ բևեռացվածության. «Հայաստանը չի վարում հարկային այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն տա մեղմացնել այս բևեռացվածությունը՝ օրինակ՝ քիչ աշխատավարձ ստացողի ավելի պակաս հարկ վճարելով։ Մարզում աշխատողից ավելի պակաս հարկ պահանջելը կխթանի մարզերում աշխատատեղերի ստեղծմանը։ Բիզնեսները չեն շարունակի ձգտել մնալ Երևանում»։

Բևեռացում կա նաև պետական և ոչ պետական աշխատավարձերում, եթե մինչև այս տարվա սեպտեմբեր ոչ պետական հատվածում միջին աշխատավարձը 289,245 է, ապա պետական հատվածում ընդամենը 198,022 դրամ է։

Միջին աշխատավարձերը բարձրանում են, սակայն պետությունը պիտի աջակցի ցածր միջին աշխատավարձ ունեցող ոլորտների ու մարզերի առաջընթացին, ավելի մեծ ջանքեր ներդնի եկամուտների բևեռացումը մեղմելու համար, որպեսզի կարողանա խուսափել հետագա սպառնալիքներից, ինչպիսիք են օրինակ՝ մասնագետների բացակայությունը, մարզերից արտագաղթը կամ պետական հատվածի աշխատուժի՝ մասնավորին անցումը։

Հայկուհի Ղուլյան

3-րդ կուրս

Կիսվել