Ագրեսիայի դրսևորումները երեխաների վարքագծում

Ագրեսիայի դրսևորումները երեխաների վարքագծում

443

Երեխաների ագրեսիայի առաջացման, կանխարգելման և այլ հետևանքների մասին journalist.am-ը զրուցել է հոգեբան-լոգոպետ Արմինե Պետրոսյանի հետ։

-Ինչպե՞ս է առաջանում ագրեսիան:

-Ագրեսիան ճնշող, բռնի գիտակցական կամ ենթագիտակցական մոտիվացիա ունեցող այնպիսի գործողություն է, որի նպատակը ուրիշին վնաս պատճառելն է: Ագրեսիան կամ ագրեսիվ գործողությունները պայմանավորված են անձի կամ խմբի Ֆրուստրացվածությամբ (իրական կյանքում, կամ երևակայության մեջ՝ նպատակադրումների չիրականացման, կամ կարիքների չբավարարման պատճառով առաջացած հոգեկան վիճակ), բայց կարող են լինել նաև ընդօրինակման արդյունք:

Միջանձնային կոնֆլիկտները կարող են ագրեսիայի առաջացման պատճառ դառնալ: Այն կարող է առաջանալ նաև այն մտքից, որ ինչ-որ մեկը թշնամաբար է տրամադրված մեր նկատմամբ: Սադրանքներն ագրեսիայի առաջացման ամենատարածված պատճառներից են։ Զենքի կրումը կարող է լինել ոչ միայն ինքնապաշտպանության, այլև ագրեսիա հրահրելու միջոց: Լրատվությունն ու բռնության տեսարանների ցուցադրումը նույնպես կարող է ագրեսիայի առաջացման պատճառ հանդիսանալ:

-Ո՞րոնք են երեխաների մոտ ագրեսիվ վարքագծին նպաստող գործոնները:

-Երեխայի մոտ ագրեսիայի ձևավորմանը նպաստող առաջին պատճառներից մեկը, բնականաբար, երեխայի հանդեպ կիրառվող ագրեսիվ դաստիարակության մեթոդներն են: Ագրեսիվ դաստիարակության մեթոդների օրինակներ են կոպիտ պատիժները, վիրավորանքները, երեխայի հանդեպ կիրառվող հոգեբանական/ֆիզիկական բռնությունը և այլն: Ագրեսիվ վարքի ձևավորման մեկ այլ  ճանապարհ կարող է լինել երեխայի կողմից ուղղակիորեն ագրեսիվ վարքագծի յուրացումը իր շրջակա միջավայրից՝ ծնողներից, ընտանիքի անդամներից, էլեկտրոնային խաղերից: Մեծ է նաև մեդիայի դերը, հեռուստատեսությամբ  ցուցադրվող ագրեսիվ վարքագիծ ցուցաբերող կադրերից երեխան կարող է ագրեսիա կրկնօրինակել և կիրառել: Եթե վերահսկվի այն, ինչ հիմա են ցուցադրում հեռուստատեսությամբ, միանշանակ, չենք ունենա հոգեպես ոչ կայուն, ագրեսիվ երեխաներ ու պատանիներ։  Հեռուստատեսության կողմից այդ ագրեսիվ մուլտհերոսների և դերասանների վարքը վերահսկելու միջոցով միայն կարող ենք հասնել երեխաների, պատանիների կայուն հոգեվիճակի։ Քանի որ երեխաները լավ ընդօրինակողներ են, ապա նշենք նաև, որ այդ ընդօրինակման արդյունքում իրենք հաճախ դառնում են հենց այդ կերպարի կրողը (օրինակ լսելով ժարգոնային խոսակցություն, իրենք ևս սկսում են այդպես խոսել)։

Հաճախ ծնողները հենց իրենք են դառնում երեխայի մոտ ագրեսիվ վարքի դրսևորման խրախուսողները՝ ոգևորելով և խորհուրդ տալով երեխային ճնշել  իր տարեկիցներին: Ագրեսիան կարող է առաջանալ նաև էմոցիոնալ դեպրիվացիայի հետևանքով, երբ երեխայի հանդեպ պակասում է սերը, հոգատարությունը և ուշադրությունը: Եթե մենք ուշադիր լինենք, կնկատենք, որ  շատ ագրեսիվ երեխաները շատ զգայուն են իրենց հանդեպ ցուցաբերված հոգատարության և սիրո նշանների հանդեպ:

-Ի՞նչ անել, երբ երեխան շրջապատող անձանց հանդեպ ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում:

-Եթե մենք երեխայի վարքագծում ագրեսիայի դրսևորումներ ենք նկատում, ապա առաջին հերթին պետք է փորձենք հասկանալ երեխայի հանդեպ ցուցաբերած մեր վերաբերմունքի մեջ այն դրսևորումները, որոնք հանգեցնում են երեխայի մոտ ագրեսիվ վարքագծի առաջացմանը: Օրինակ՝ երեխայի մոտ ագրեսիայի առաջացման պատճառ կարող է լինել մեր դաստիարակության հակասական ոճը, երբ ծնողներից մեկը մի բան է ասում երեխային, մյուսը՝ այլ, մեկը մի բան է արգելում, մյուսը՝ այլ: Երեխայի մոտ ագրեսիվ վարքագծի առաջացման մեկ այլ պատճառ կարող է լինել ծնողների չափազանց խստապահանջությունը: Եթե երեխան խաղալիս առանց որևէ պատճառի սկսում է հարվածել  ընկերներին, պետք է դուրս հանել նրան խաղից, նստել կողքին և միասին հետևել  մյուս երեխաներին: Միաժամանակ պետք է բացատրել, որ նա կարող է շարունակել  խաղը, եթե ոչ մեկին ցավ չպատճառի: Հաճախ դա ավելի արդյունավետ է լինում, քան ծնողի զայրույթը: Եթե ծնողը գոռգոռա, հարվածի վատ վարքագծի համար, հազիվ թե դրական որևէ արդյունքի հասնի: Ավելին, ծնողի այդ օրինակ վարմունքը վատ հետևանքների կարող է հանգեցնել՝ ավելի գրգռելով երեխային: Մինչդեռ ցուցադրելով իր ինքնատիրապետումը՝ ծնողը կօգնի փոքրիկին սեփական խառնվածքի վերահսկման առաջին քայլերը կատարելու: Որոշակի սահմանափակումներ մտցնել և հետևել, որ դրանք պահպանվեն: Պետք է անմիջապես արձագանքել երեխայի ագրեսիվության ցանկացած դրսևորմանը: Չի կարելի սպասել, որ նա երկրորդ անգամ հարվածի եղբորը կամ քրոջը. անհրաժեշտ է անմիջապես ընդհատել նրան «հերի՛ք է» բացականչությամբ: Երեխան հենց նույն պահին պետք է ըմբռնի, որ ինչ-որ բան այնպես չի անում: Ծնողը պետք է միջամտի ագրեսիվ վարքի դրսևորումից անմիջապես հետո՝ մեկ-երկու րոպեի ընթացքում՝ միայնակ մնալու հնարավորություն տալով: Դա երեխային խաղաղեցնելու միջոցներից մեկն է: Այն կօգնի նկատել վարքագծի և դրա հետևանքների միջև եղած կապը: Երեխան կհասկանա, որ ուրիշներին խփելու կամ կծելու դեպքում որոշ ժամանակով կզրկվի նրանց հետ շփվելու հնարավորությունից:

Ծնողը պետք է օգնի երեխային՝ գտնելու զայրույթն արտահայտելու ավելի արդյունավետ եղանակ, ենթադրենք՝ վեճը չշարունակել, կամ դիմել մեծերից որևէ մեկի օգնությունը: Համոզելու եղանակով հասեք նրան, որ երեխան հասկանա իր սխալը և պատրաստ լինի ներողություն խնդրելու իր կողմից տուժած երեխայից: Հնարավոր է, որ սկզբում դա չհաջողվի ձեզ, և երեխան անկեղծորեն չզղջա, սակայն վստա եղեք, որ ձեր ջանքերը զուր չեն անցնի: Նա անպայման կտպավորվի դրանից: Իրենց էությամբ երեխաները կարեկցող են, սակայն վաղ մանկական հասակում դյուրագրգիռ բնավորությունը և զայրույթը կարող են ստվերում թողնել խղճմտանքն ու կարեկցանքը: Աստիճանաբար երեխան սովորում է ներողություն խնդրել, երբ որևէ մեկին ցավ է պատճառում:

-Քանի որ ծնողը մեծ ազդեցություն ունի երեխայի դաստիարակության վրա, ինչպե՞ս օգնի երեխային հաղթահարել ագրեսիան:

-Պարգևատրել երեխային լավ վարքի համար: Չի կարելի երեխայի վրա ուշադրություն դարձնել միայն այն ժամանակ, երբ նա իրեն վատ է պահում: Չափազանց կարևոր է նկատել նաև լավը և խրախուսել նրան: Օրինակ՝ երբ ձեր երեխան ճոճանակի ճոճվելու համար ոչ թե հրում է ուրիշներին՝  փորձելով նրանց տեղը զբաղեցնել, այլ համբերատար սպասում է իր հերթին, պետք է գովել նրան: Երեխան գովասանքի է արժանի նաև այն դեպքում, երբ ագրեսիվ վարք դրսևորելու փոխարենիր զգացմունքներն արտահայտում է խոսքով:

Ագրեսիայի կանխարգելման համար թե՛ երեխաների, թե՛ պատանիների համար պետք է ստեղծել իրենց հետաքրքիր աշխարհը, որտեղ իրենց հաճելի է, հետաքրքիր է։

Մեդիան, ինտերնետային խաղերը, մուլտֆիլմերը և մանկական մյուս հաղորդումները կարող են պարունակել ագրեսիայի տեսարաններ (կռիվներ, սպառնալիքներ, հարվածներ): Այդ իսկ պատճառով ծնողը պետք է երեխայի հետ միասին ընտրի ճիշտ հաղորդումներ։ Եթե ծնողը գտնում է, որ երեխան չափից դուրս շատ էներգիա ունի, նրա համար պետք է լիցքաթափվելու հնարավորություն ստեղծի, օրինակ ՝ բակում կամ զվրաճանքի կենտրոններում։

Ծնողը երեխայի հետ պետք է շատ զրույցի և ձևավորի հետաքրքրություն կյանքի և աշխարհի հանդեպ:                                            

Հասմիկ Գյոզալյան

5-րդ կուրս

Կիսվել