Հեռուստադիտողները` սերիալներում առկա բռնության և ագրեսիայի տեսարանների ընդօրինակողներ

Հեռուստադիտողները` սերիալներում առկա բռնության և ագրեսիայի տեսարանների ընդօրինակողներ

237

Հայաստանյան մեդիադաշտում շատ են սերիալները, որտեղ առկա են բնռության և ագրեսիայի տեսարաններ. հոգեբան-հոգեթերապևտ Վարդուհի Մկրտչյանի հետ զրույել ենք նման տեսարանների ազդեցությունների և հետևանքների մասին

-Ի՞նչ ազդցեցություններ կարող են առաջանալ բռնության և ագրեսայի տեսարաններից, որոնք ցուցադրվում են հեռուստասերիալներում:

Մարդիկ, լինելով սոցիալական էակներ, մշտապես գտնվում են շրջապատի վարքի, խոսքերի ազդեցության տակ։ Ըստ Ա. Բանդուրյանի՝ ագրեսիան մենք սովորում ենք սոցիալիստական մյուս ունակությունների նման։ Միանշանակ ագրեսիվ տեսարանները, ցուցադրվող բռնությունը մի շարք բացասական հետևանքներ են թողնում բոլոր դիտողների վրա։ Այս մասին վաղուց է խոսվում։ Մի շարք երկրներում դեռ 1930-1960թվականերին բազմաթիվ ուսումնասիրություններ և գիտափորձեր են արվել։ Բանն այն է, որ մի շարք զարգացած երկրներում, այդ թվում և ԱՄՆ-ում, կտրուկ աճում էին հանցագործությունները։ Պարզվում է՝ այդ ժամանակահատվածում առավել բաց, բռնությամբ հագեցած ֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ են սկսել ցուցադրել։ Դրա հետևանքով գրանցվել է նաև ներընտանեկան՝ այդ թվում նաև սեռական բռնության աճ։ Հետևաբար բռնության անուղղակի քարոզը լի է վտանգներով։ Այդ տեսարանները առավել վտանգավոր են դեռահասների ու երեխաների համար։ Նրանց հոգեկանն առավել խոցելի է, լիարժեք ձևավորված արժեհամակարգ չկա, չկա համապատասխան կենսափորձ, որպեսզի կարողանան վերլուծել, քննադատորեն մոտենալ տեսածին։ Շատ հաճախ դեռահասները, պատանիները փորձում են ընդօրինակել իրենց կողմից համակրանքի արժանացած ագրեսորին, որի կերպարին արհեստական «հերոսություն» է վերագրվում։ Արդյունքում իրենք սկսում են ագրեսիվ վարք դրսևորել հասակակիցների նկատմամբ՝ վերջիններիս բուլինգի ենթարկելով։ Հասուն անձանց պարագայում ևս բացասական ազդեցությունները քիչ չեն։ Նմանատիպ ֆիլմերի դիտումը մարդկանց դարձնում է առավել նյարդային, դյուրագրգիռ, անհանդուրժող։ Երկարատև դիտման հետևանքով նման վարքը սովորական է ընկալվում և հեշտորեն տեղափոխվում դիտողի անձնական կյանք, անձնական հարաբերությունների դաշտ։                                                                                                                                                                      Մեր հասարակությունը ևս զերծ չէ այս խնդիրներից։ Արդեն տևական ժամանակ է մեր եթերները ողողված են անորակ սերիալներով, հաղորդումներով։ Հայկական սերիալները լի են բռնության կադրերով՝ այդ թվում նաև ընտանեկան։ Այդ կադրերը հատկապես բացասաբար են ազդում դեռահասների և պատանիների վրա՝ վերջիններիս մոտ խեղված պատկերացնումներ ձևավորելով ընտանեկան, ընկերական, աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ։ Սերիալներում տիրող գորշ մթնոլորտը գումարվում է երկրում տիրող սոցիալ-քաղաքական խնդիրներին և առաջացնում է բողոքական, բացասական տրամադրվածություններ։ Սա վտանգավոր է նաև նրանով, որ երկարաժամկետ կտրվածքով գոյություն ունենալու դեպքում կարող է վտանգի տակ դնել մարդկային շփումների մշակույթը։

-Ըստ Ձեզ՝ ցուցադրվող նման տեսարանները ինչպե՞ս են ընկալում հասարակության տարբեր շերտեր:

-Կարծում եմ, որ մեր հասարակության մեջ բավականին առողջ քննադատական միտքը ունեցող մարդիկ կան, ովքեր չեն հետաքրքրվում նման սերիալներով, հաղորդումներով և իրենց համար առավել ինտելեկտուալ և դիտարժան հաղորդումներ են գտնում դիտելու համար։ Բացի այդ, նման սերիալները սկսում են մրցունակ չլինել ինֆորմացիայի այս մեծ հոսքի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր ոք իրեն հետաքրքրող ցանկացած բան կարող է գտնել հաշված րոպեների ընթացքում համացանցի միջոցով։ Եվս մեկ պատճառ է նաև այն,  որ տվյալ սերիալները վերջերս շատ են քննադատվում տարբեր հարթակներից, և դիտողները հաճախ խուսափում են ասել, որ իրենք էլ են դիտում տվյալ սերիալները։ Նմանատիպ սերիալները կարող են գրավիչ լինել այն սոցիալական խավի համար, որը չունի կրթական բարձր մակարդակ, մշտական զբաղվածություն, մոտիվացված չէ ավելիին հասնելու, ինքնադրսևորվելու։

-Հեռուստադիտողի մոտ հնարավո՞ր է առաջանա հոգեբանական խնդիրներ կամ վախեր, և ըստ Ձեզ, ո՞րն է դրանցից խուսափելու լուծումը:

-Այն, որ մեր հասարակության վրա մատուցվող սերիալներն ունեն բացասական ազդեցություն՝ միանշանակ է։ Դրանք բացասական հուզական ապրումներ են կուտակում հեռուստադիտողների մոտ։ Երկարատև դիտման հետևանքով կարող է առաջանալ ապատիա, այլոց վշտի, ցավի նկատմամբ անտարբերություն, ընկճվածություն։ Կախված նրանից, թե ինչ տարիքի է հեռուստադիտողը, ինչ կադրեր է տեսնում (սյուժեից սկսած), ինչ հոգեվիճակում է գտնվում՝ վերջինիս մոտ կարող են անհանգստություն, տագնապ, տրամադրության տատանումներ, վախեր նկատվել։ Ինչ վերաբերում է հոգեկան խանգարումներին՝ սրանք բոլորովին այլ գործոններով (նաև ժառանգական) պայմանավորված երևույթներ են։ Սերիալների ազդեցությունը նվազեցնելու նպատակով հարկավոր է հասկանալ, թե այդ քաղաքացու փոխարեն ինչպիսի քաղաքացի է պետությունն ուզում ունենալ, և մշակել համապատասխան եթերային քաղաքականություն։ Օրինակ՝ Եվրոպայում հանրային հեռուստաընկերությունները գործում են որպես կոմերցիայի այլընտրանք։ Կարծում եմ՝ կարևոր է բարձրացնել հեռուստադիտողի կրթական մակարդակը, սակայն դա երկարաժամկետ գործընթաց է, որին այլընտրանք կարող է դառնալ որակյալ ֆիլմերի, հաղորդումների ցուցադրումը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք հայաստանյան հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնության և ագրեսիայի տեսարանները:

-Ներկայումս մեր հեռուստաընկերությունները վստահություն չեն ներշնչում։ Շատ քիչ են իսկապես բովանդակային, ասելիք ունեցող սերիալներն ու հաղորդումները։ Եթե այսպես շարունակվի՝  հետևանքը կարող է այն լինիել, որ հանրային որոշ շրջանակների մոտ կձևավորվի աշխարհընկալման այնպիսի համակարգ, որտեղ սոցիալական շփման հիմնական ուղին կլինի ագրեսիան, իսկ ապա սոցիալական պահվածքը նորմալ  կընկալվի։ Բավականին մեծ լսարան ունեցող հեռուստասերիալները հեռուստադիտողներին են փոխանցում բացասական, ագրեսիվ, դեպրեսիվ հույզեր, որոնք միանում են բնակչության ընկճվածության և հիասթափության օբյեկտիվ պատճառներին (սոցիալական խնդիրներ) և առավել մեծացնում են հանրային դժգոհությունների ալիքը։ Դա իր դեստրուկտիվ ազդեցությունն է ունենում հանրային կյանքի վրա։                        

Հասմիկ Գյոզալյան

5-րդ կուրս

Կիսվել