Լևոնի աստվածային գետնափորը

Լևոնի աստվածային գետնափորը

290

Առինջ գյուղում ենք` Լևոնի աստվածային գետնափոր-թանգարանում։ Ամառ թե ձմեռ՝ այստեղ 10 աստիճան է: Իջնում ենք 21 մետր ու անցնում 6 սենյակներով։ Լևոն Առաքելյանի կինը՝ տիկին Տոսյան, պատմում է, թե ինչպես է ամուսինն իրենց տան ներքևում աշխատել ու ստեղծել գետնափորը. «Ինքը, երբ գնացել է արտագնա աշխատանքի, օրը ցերեկով ուզել է գնա լճափում հանգստանա մի քիչ։ Ասում է՝ մի երեք–չորս մետր հեռավորության վրա սպիտակ մառախուղ է իջել աչքերի դիմաց, էդ մառախուղի միջից ձայն է լսել. «Լևո՛ն, աշխարհով մեկ հրաշք ես գործելու, կհիվանդանաս, հիվանդություններից չվախենաս»:

Մենք մեծ ու փոքր սենյակներ մտնելով ու մեծ թեքությամբ աստիճաններ իջնելով՝ հասնում ենք 21 մետր գետնից ներքև, որտեղից, երբ վերև ես նայում, բոլոր սենյակները երևում են։
«Ամեն տարի որ գալիս էր, ասում էի՝ կարտոշկի հոր-կարտոշկի հոր… Դա էր պատճառը։ Փորեց. մի 60 թե 70 սանտիմետր հող էր, թափեց, հանդիպեց տուֆ կարմիր քարին։ Ասի՝ լա՛վ է, Լյով՛ա, պետք չի, չեմ ուզում ես կարտոֆիլի հոր։ Ասեց՝ դե լավ, սպասի քանդեմ, էլի։ 23 տարի, բալե՛ս, կարմիր տուֆը քանդեց, հասավ բազալտին։ Ու էդ բոլորը դույլերով հանում էր վերև։ Էդ ձևով մինչև կյանքի վերջը աշխատեց»,- տխուր աչքերով ժպտում է տիկին Տոսյան։

Լևոն Առաքելյանի աշխատանքային գործիքները

Լևոն Առաքելյանը տեսիլքների ու երազների շնորհիվ սեփական տան ներքևում ստեղծել է գետնափորը և ամբողջ հողը ձեռքով քանդել։ Հետո քանդած հողը դույլերով բարձրացրել է վերև։ «Ինքը մեր նման ժամով չէր աշխատում, եթե մեր նման ժամով աշխատեր, չէր կարողանա։ Հոգով էր աշխատում։ Հոգին դրեց էստեղ։ Ասում էր՝ աղջի՛, որ իջնում ես ներքև, ասու՞մ ես՝ բարի երեկո կամ բարի գիշեր… Ասում էի՝ Լյովա՛, էստեղ ո՞վ կա, որ ասեմ՝ բարի երեկո կամ բարի գիշեր: Ասում էր ՝ աղջի՛, դու ինչքան անհավատ կին ես… Բայց որ իր հետ դուրս էի գալիս, ասում էր՝ բարի՛ գիշեր։ Ինձ ասում էր էսքան մետր, էսքան սանտիմետր. գնալու եմ էն սենյակի տակից դուրս գամ։ Ասում էի՝ Լյովա՛, ո՞նց ես դուրս գալու, բա որ փլվի՞: Ասում էր՝ չի փլվի, սա աստվածային գործ ա… Ու իր պատկերացրածով էլ մուտքերը իրար միացրեց:

Լևոն Առաքելյանի աշխատանքային կոշիկները

Այս վայրում հիմա երազանքներ են իրականանում։ Աֆրիկայից մինչև Ավստրալիա այցելուները գալիս են, երազանք պահում և հավատում, որ այն կկատարվի։ «Մի օր տղա ու աղջիկ եկան, իջան ներքև, դուրս եկան, էդ տղեն ասեց՝ Տոսյա տատի, ընկերուհուս նշանեցի: Ես էլ ասի՝ բախտավոր ըլնեք»,- խոսքը եզրափակում է տիկին Տոսյան:

Գետնափորի աշխատանքներն ավարտելուց մեկ օր հետո վարպետ Լևոնը մահանում է։ Նա հավատում էր, որ իր աշխատանքը մի օր հրաշք է դառնալու…

 Հիմա թանգարանում իր նկարներն են, աշխատանքային գործիքները՝ մուրճը, հատիչն ու դույլը, և այն հագուստներն ու կոշիկները, որոնցով շուրջ 23 տարի Լևոն Առաքելյանը աշխատել ու ստեղծել է այս աստվածային վայրը:

Օֆելյա Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել