Լինել տեղեկատվության ակտիվ, թե պասիվ սպառող և տարածող պատերազմական իրավիճակներում

Լինել տեղեկատվության ակտիվ, թե պասիվ սպառող և տարածող պատերազմական իրավիճակներում

288

Սահմանային լարված իրավիճակներում Գայանեն տեղեկատվությունից նախընտրում է օգտվել այսպես․ «Ընդհանրապես հետևում եմ մեկ լրատվական կայքի, իսկ պատերազմական իրավիճակում նաև ՊՆ-ի տարածած լուրերին։ Իհարկե, ընկերներս տարածում էին տարբեր լուրեր, տեսանյութեր, բայց աշխատում էի ուշադրություն չդարձնել, առավել ևս չտարածել։ Գիտակցում եմ, որ էդպես ոչ մեկի չեմ կարող օգնել»։ Իսկ Անահիտի դեպքում պատկերը այլ է․ «Չեմ կարողանում հանգիստ նստել։ Սոցիալական բոլոր ցանցերից օգտվում եմ։ Կարդում եմ բոլոր լուրերը, երբեմն տարածում եմ։ Հաճախ նաև թարգմանում եմ ադրբեջանական լրատվական կայքերից լուրեր, մտածում եմ, որ մեր մասին իրենք ավելի ճիշտ տեղեկությոններ են տալիս։ Տարածում եմ, որ ընկերներս էլ տեղեկացվեն»։           

Պատերազմական իրավիճակներում սոցիալական կայքերում տարածվող լուրերին հետևողները բաժանվում են հիմնականում երկու խմբի՝ մարդիկ, ովքեր վարվում են Գայանեի պես և Անահիտի պես բոլոր լուրերն ու տեսանյութերը տարածող մարդիկ։  Ըստ մասնագետների, լինելով պատերազմական երկիր,  մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է լինել մեդիագրագետ, զերծ մնալ հակառակորդի քարոզչությունից, ամուր պահել զինվորի թիկունքը։ Ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հայկական սոցիալական կայքերում կատարվողը նորից ապացուցեց, որ մենք պետք է վերանայենք պատերազմական իրավիճակներում լրատվությունից օգտվելու կանոնները, որպեսզի տարբերենք ճիշտը կեղծիքից։ Այդ ժամանակ  յուրաքանչյուր շրջանառվող լուր հանրության մեծ մասի շրջանում ընկալվում էր որպես բացարձակ ճշմարտություն։ Ցավոք, մեդիագրագիտության պակասի պատճառով տեղեկատվական արտահոսքը ունենում է ցավալի հետևանքներ։ Անահիտի օրինակով շատ հաճախ մարդիկ տեղեկացվելու համար մտնում են ադրբեջանական կայքեր և թարգմանում են իրենց լուրերը։

Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ մարդիկ պրպտում են ադրբեջանական կայքերը տեղեկատվության սղության պատճառով։ Նա նշում Է մի քանի կարգավոումներ, որոնց դեպքում վիճակը կարելի է մեղմացնել․ «Այս խնդիրը բարդ լուծումներ է պահանջում։ Մեկ քայլով ոչինչ չենք կարող անել։ Առաջին կարևոր քայլը պետական, պաշտոնական տեղեկատվության ճիշտ կարգավորումն է, որը այսօր բացակայում է։ Երկրորդը լրագրողների ճիշտ ուսուցումն է, նրանց հետ ճիշտ աշխատանքը, որովհետև հաճախ լրագրողները ուղղակի տեղյակ չեն, ինչը կարելի է տարածել, հրապարակել, ինչը՝ ոչ։ Երրորդը` հասարակությանը անընդհատ կրթելն է»։ Սահմանային լարված իրավիճակներում հաճախ ենք լսում, որ սոցցանցերի արգելափակումը լավագույն լուծումն է։ Այս հարցին Սամվել մարտիրոսյանը պատասխանեց այսպես․ «Կայքերի արգելափակումը ոչ մի հարց չի լուծի, որովհետև հայերի մի հատվածը սփյուռքում են, մեկ է տեղեկությունները հասնելու են Հայաստան։ Մարդիկ կարող են տեղեկացվել նաև այլ գործիքներով»։ 

Իսկ թե ինչպես տարբերակել ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ իրական փաստերից, հարկավոր է հետևել Տեղեկատվության ստուգման կենտրոնի ուղեցույցին։ Առաջին և ամենակարևոր կանոնը, որը պետք է պահպանել սահմանային լարվածության օրերին՝ հետևել և վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։  Պետք չէ հավատալ, առավել ևս տարածել ադրբեջանական աղբյուրների ինֆորմացիան։ Տարածելով նրանց տրամադրած ինֆորմացին՝ դուք մաս կդառնաք ադրբեջանական քարոզչության։ Ստուգել հրապարակումների ամսաթվերը։ Երկխոսության մեջ չմտնել ձեզ անծանոթ կամ կասկածելի թվացող օգտատերերի հետ, որոնք կփորձեն տեղեկություններ ճշտել ձեզնից։ 

Այսպիսով, երբ սահմանում լարված իրավիճակ է, մենք պետք է լինենք հնարավորինս զուսպ, չտրվենք սադրանքների, չլինենք տեղեկատվության ակտիվ տարածող և սպառող։ Մենք այդպես թուլացնում ենք զինվորի թիկունքը։

Սյուզաննա Դեմիրճյան

4-րդ կուրս

Կիսվել