2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկվեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա` ընդդեմ Արցախի Հանրապետության: Դժոխային երկու օրերի ընթացքում մարեցին ավելի քան 180 ընտանիքի ճրագներ: Արցախահայությունը բռնի տեղահանվեց հայրենիքից` հետևում թողնելով հերոսների արյունով շաղախված հայրենիք ու մի ամբողջ ապրած կյանք: Հայրենիքի համար անմահացած հրաշունչ հերոս է նաև Գոռ Անտոնյանը:
Գոռ Անտոնյանը ծնվել է 2002 թվականի հուլիսի 20-ին: 2020 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետը, սակայն հետագայում մոր և տատիկի խնդրանքով ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանի նույն ֆակուլտետում: 2021-ի փետրվարի 15-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Վերադառնալուց հետո ուսումը շարունակել է և մայիս ամսին աշխատանքի անցել Արցախի ազգային անվտանգության ծառայությունում` որպես ենթասպա։ Երբ սկսվեց պատերազմը, Գոռը գտնվում էր Մաղավուզի դիրքերում, հետո նրանց ջոկատը տեղափոխեցին Մարտակերտի դիրքեր` «Պուշկեն յալ» բարձունքը։ Գոռը դիպուկահար էր: Ողջ գիշեր կատաղի մարտեր են ընթացել, նրանց ջոկատը անհավասար կռիվ տալով` ամուր պահել է դիրքը մինչև առավոտ։ Սեպտեմբերի 20-ի լուսաբացին Գոռ Անտոնյանը անմահացավ` միանալով հերոսների անծայրածիր աստղաբույլին:
Ընտանիքում երեք երեխա էին՝ Գոռը, Մերին ու կրտսեր եղբայր՝ Գևորգը: Գոռը տատաիկի՝ Իրա Հարությունյանի առաջին թոռն է, նրանք իրար հետ շատ կապված են եղել։
«Մի անգամ միասին գնացինք գյուղ, հեռու բարեկամի տուն: Գոռն այդ ժամանկ հազիվ 4 տարեկան էր: Բարեկամը, որի տուն գնացել էինք, սիրում էր որսորդությամբ զբաղվել, այդ օրն էլ հրացանը պատրաստել ու սպասում էր հերթական որսին: Սակայն մինչ որսի գնալը հյուրընկալված բարեկամների հետ ամառային հիասքանչ եղանակին պատշգամբում զրուցելը ավելի նախընտրելի էր: Զրույցը ընդհատվեց անսպասելի կրակոցի ձայնով, խուճապահար մտանք տուն, տեսանք Գոռին, ով վախեցաց ու սփրթնած կուչ էր եկել մի անկյունում և նայում էր իր անսպասելի կրակոցից պատի վրա բացված անցքին»,-պատմում է Իրա տատիկը:
Երբ անելանելի վիճակում են լինում, ու երբ մեկ էլ անսպասելի հաջողությամբ ելք են գտնում, մայրը միշտ ասում է, որ որդին լսում է նրան ու օգնում:
«Փոքր ժամանակ, երբ դպրոցից տուն էինք գալիս ու արդեն պիտի հաց ուտենք, այդ ընթացքը խաղի էինք վերածում, պատկերացնում էինք, թե ուրիշ երկրից բերված ուտելիքներ ենք փորձում: Ես ու Գոռը շատ տարբեր էինք: Նա ամեն ինչ ավելի թեթև էր տանում՝ ասելով, որ այդպես էլ կլնի: Երբ համակարգչային խաղեր էր խաղում, սիրում էի գնալ ու մազերով խաղալ, ստացվում էր, որ խանգարում էի նրան, բարկանում էր, իսկ ես նեղացած շտապում էի համակարգիչը հոսանքից անջատելու»,-պատմում է քույրը՝ Մերին:
Լավ ընկեր էր, հոգատար որդի ու սրտացավ դասընկեր: Գրեթե բոլորի գրավոր աշխատանքների բարձր ստանալու «հովանավորը»:
«Նրա նման հանգստություն ունեցող մարդ դեռ չեմ ճանաչել, մեր ընկերության հոգին էր, ընկերության մեջ ամենակատակասերը ու մեր ծիծաղի աղբյուրը: Պարտաճանաչ էր, իր խոսքի տերը մինչև վերջ, ընկերները նրա համար ամեն ինչ էին: Շա՜տ խելացի էր, գրեթե ամեն ոլորտից գաղափար ուներ: Ընտանիքի սյունն էր: Մաքուր էր ու պարզ: Աշխատանքը, որը նա անում էր, շատ էր սիրում»,-պատմում է դասընկեր Սաշան:
«Երբ ինձ և եղբորս տեսնում էին, մտածում էին, թե ես եմ մեծը: Հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ հիմա երեխաներից մեծը ես եմ, ու հիմա եմ հասկանում, որ դա հեշտ բան չէ: Հիմա եմ հասկանում նրա լրջության, նրա յուրաքանչյուր խոսքի, յուրաքանչյուր արածի իմաստը, որոնք ինձ վրա մեծ ազդեցություն են ունեցել»,-ասում է Մերին:
Գոռի մասին լուսավոր հուշերը, բոլորի դրական խոսքերը ապացուցում են, որ նա իր հայրենիքին արժանի մարդ է մեծացել: Հերոսների աստղաբուլի մեջ, մի աստղ էլ ավելացավ, իրեն յուրահատուկ լուսավորությամբ ու առանձնահատկությամբ:
Անժելա Շահանց
4-րդ կուրս