Պատերազմի հետևանքով ոմանք կորցնում են հարազատների, ոմանք՝ բնակության վայրը, ոմանք էլ՝ ներքին խաղաղությունը։ Պատերազմը ավարտվելուց հետո մարդկանց մոտ սկսվում է նոր փուլ, նոր պայքար՝ պատերազմի թողած հոգեբանական ազդեցության դեմ։ Մարդկանց կյանքը բաժանվում է երկու փուլի՝ պատերազմից առաջ և հետո։
Մարինա Մարտիրոսյան, փախստական
1988 թվականին փետրվարին հեռուստատեսությամբ իմացանք, որ Ղարաբաղում վիճակը գնալով բարդանում է, ու մարդիկ սկսել են տեղափոխվել Հայաստան։ Այդ թվականին ես ապրում էի Ադրբեջանի կազմում, բայց նույն թվի մայիսին ընտանիքով տեղափոխվել ենք Ղարաբաղ՝ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ։ Որոշ շրջան համեմատաբար խաղաղ ապրելուց հետո 1992 թ․ նորից հարձակումը սկսվեց, ու ստիպված եղանք թողնել մեր տունը ու հեռանալը այդտեղից։ Միշտ էլ ապրում էինք վախով, անընդհատ կրակոցների մեջ էինք ապրում, մինչև վերջնական գյուղը գրավեցին։ Երբ հարձակվեցին գյուղի վրա, ամեն մեկս ոնց կարողացել, թողել, փախել էինք գյուղից։
Հիշում եմ՝ երբ արդեն գնացել էինք Ղազախի շրջան, որ էնտեղից տեղափոխվենք Հայաստան, ընթացքում ցույցի մեջ էինք ընկել։ Թուրքերը տեսել էին, որ հայկական ընտանիքներ են, հարձակվել էին մեզ վրա, բայց բարեբախտաբար ռուս զինվորականների օգնությամբ մի կերպ կարողացանք խուսափել ու հասնել Հայաստան։
Դեպքերից անցել է 35 տարի, բայց էն վախերը, ապրումները, որոնք ունեցել եմ, դեռ մնում են հիշողությանս մեջ։ Պատերազմը սովորեցրել է անընդհատ վախով ապրել։ Պատճառներից մեկը երևի այն է, որ ես հիմա էլ ապրում եմ սահմանամերձ գոտում, ժամանակ առ ժամանակ լարված է վիճակը լինում։
Տաթևիկ Մամյան, հոգեբան
Պատերազմը հոգետրավմատիկ էական ազդեցություն ունի անձի հոգեկան աշխարհի վրա, քանի որ ազդում է բոլոր հնարավոր համակարգերի հավասարակշռության խախտմանը։ Այն տարբեր է ազդում պատերազմի գործողությունների անմիջական մասնակցի, պատերազմի պատճառով տեղահանվածի կամ դրա ակտիվ դիտորդի վրա։ Սակայն բոլոր դեպքերում թողնում է հոգետրավմատիկ ազդեցություն. կյանքի ապահովության կորստի, պաշտպանված լինելու կորստի ու վտանգի ապրումը բոլոր դեպքերում կարող են իրենց ազդեցությունը թողնել մարդու հոգեկանի վրա։ Պատերազմը, որպես շատ բարդ և սովորական մահկանացուի համար անկառավարելի իրողություն, կարող է խաթարել մարդու` աշխարհին հարմարման տվյալ մեխանիզմները։ Այդ իսկ պատճառով հնարավոր է առաջանան անօգնականության զգացում, վիշտը ապրելու ընթացքում բնականոն առաջացող մեղքի զգացում, երբ յուրաքանչյուրը փորձում է վշտի ապրման փուլերից մեկում կարծել, թե ինչ-որ բան այլ կերպ թե լիներ, այլ կերպ թե աներ, տվյալ հոգետրավմատիկ իրողությունը, օրինակ` պատերազմը, կարող էր կանխել, բայց երբ գիտակվում է, որ այն շատ ավելի զորեղ է իրենից և վեր է իր կառավարումից, արթնանում են անօգնականության և մեղքի զգացումները։
Վանիկ Զաքարյան, 44-օրյա պատերազմի մասնակից
Կարող եմ ասել մի բան, որ երբ պատերազմը ավարտվում է, ու դու ողջ ես, հասկանում ես, որ քո ապրելով ինչ-որ կարևոր բան պիտի անես՝ կամ քո կյանքը փոխելով, կամ ինչ-որ ուրիշի։
Պատերազմը լրիվ այլ կյանք է, խաղաղ ծառայությունը՝ այլ։
Պատերազմը սկսվելուց մեկ օր առաջ ինձ վիրահատել էին։ Երբ ես հոսպիտալում էի, հեռու ամենից, որ տեղի էր ունենում պատերազմի դաշտում, էդ երեք օրերը իմ կյանքի ամենադաժան օրերն էին, որովհետև լինել մոտ, բայց չկարողանալ ոչինչ անել, իմ կարծիքով մարդուն կարող է հասցնել խելագարության։ Այդ օրերին, քանի որ վիրակապով էի, չէին ուղարկում զորամաս, հոսպիտալ ծանր վիրավորներ էին բերում, ես օգնում էի նրանց տեղափոխել, ջուր էի բերում։ Երբ 4-րդ օրը ինձ պետք է տանեին Ստեփանակերտի հոսպիտալ, ավտոբուսի մեջ ծանր վիրավորերի տեսա ու հասկացա, որ ես իրականում կարող եմ լինել դիրքերում, քանի որ իրենց վիճակի հետ համեմատած՝ իմ վիճակը լավ էր։ Ես զորամաս գնացի հենց նույն օրը՝ պատերազմը սկսվելուց 4 օր անց։
Կարող եմ ասել մի բան, որ երբ պատերազմը ավարտվում է, ու դու ողջ ես, հասկանում ես, որ քո ապրելով ինչ-որ կարևոր բան պիտի անես՝ կա՛մ քո կյանքը փոխելով, կա՛մ ինչ-որ ուրիշի։
Մանե Մնացականյան, կամավոր
Երբ իմացա, որ Արտաշատում կա կացարան, որտեղ կամավորներ են պետք, սկզբի մի երկու օրը մտածում էի՝ գնա՞լ, թե՞ չէ։ Ես վախենում էի, որ կվնասեմ նախ ինձ, հետո՝ իրենց։ Կացարանի բնակիչների հետ շփվելուց առաջ ես ղեկավարներին հարցել եմ, թե ով ում հետ է եկել, ով ում է կորցրել։ Նաև հոգեբանություն եմ ուսումնասիրել, թե ճգնաժամային իրավիճակներում ոնց պետք է շփվել մարդու հետ։ Երբ իրենք պատմում էին իրենց ապրումների, անցած դեպքերի մասին, ես հազիվ էի ինձ զսպում, որ չլացեմ, որովհետև ես դրա իրավունքը չունեի։ Ես գնացել էի էնտեղ իրենց օգնելու, մարդիկ ինձ վրա էին իրենց հույսը դրել։ Կային կամավորներ, որ գնում էին առանձին սենյակ ու լացում էին էդ պատմությունից ազդված։
20 տարեկան աղջիկ, ով առավոտը սիրուն պատրաստվում է, գնում կացարան մարդկանց մոտ, ովքեր չգիտեն՝ ինչի են արթնացել։ Ես առավոտյան 9-ից կացարանում էի լինում, մարդիկ էին լինում, որ էդ ժամին նոր զարթում էին։ Պատկերացրու, տեսնում ես մարդու, ով նոր է զարթնում, նայում է շուրջը ու սկսում լացել։
Սևակ սարկավագ, 44-օրյա պատերազմի մասնակից
Պատերազմի յուրաքանչյուր րոպեն լի էր անակնկալներով։ Ամենասարսափելին աչքերիդ առաջ զինվորի մահը տեսնելն է, այն զինվորի, որին ամիսներ շարունակ հոգևորապես դաստիարակել ես, քրիստոնեական արժանիքներին ծանոթացրել։ Պատերազմը աշխարհում տեղի ունեցող ամենասարսափելի գործողությունն է, որովհետև յուրաքանչյուր պահ հետո հնարավոր է այլևս մահանալ։
Պատերազմն ինձ ստիպեց էլ ավելի սիրել կյանքն ու մեր հայրենիքը, որովհետև այդ երկուսը փոխկապակցված են և անբաժանելի միմյանցից։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ ապրել առաքինի, որպեսզի յուրաքանչյուր վայրկյան, երբ գա ժամանակը կյանքդ հայրենիքին նվիրելու, ապա պարզ ճակատով կանգնես Աստծո առաջ։
Անի Պողոսյան
4-րդ կուրս