«Ամենակարևորն այն է, որ բեմից դուրս գալիս ոչ ոք չլսի կոշիկներիս կտկտոցը....

«Ամենակարևորն այն է, որ բեմից դուրս գալիս ոչ ոք չլսի կոշիկներիս կտկտոցը. քանի դեռ հեռանում եմ ծափերի ներքո, կշարունակեմ պարել»․ Սոֆի Դևոյան

296

Պարի պետական անսամբլ ընդունվելիս հանձնաժողովի անդամներից մեկն ասաց՝ ո՛չ, այս աղջիկը պարուհի չի դառնա։ Բայց եղավ ճիշտ հակառակը։ Այդ աղջիկը դարձավ հայ պարարվեստի լավագույն դեմքերից մեկը։ Նրա անունն է Սոֆի Դևոյան։

-Այդ ժամանակ Պարի պետականի ղեկավարը Ազատ Ղարիբյանն էր։ Երբ ես առաջին անգամ դուրս եկա ելույթի, ամբողջ պարը խառնեցի իրար, և ժուրիի անդամներից Թերեզա Գրիգորյանը մայրիկիս ասաց, որ իր աղջիկը պարուհի չի դառնա։ Հաջորդ օրը գնացի անսամբլ, հավաքեցի իրերս և պատրաստվում էի հեռանալ, երբ պարոն Ղարիբյանը մտավ ներս և բոլորին դուրս հրավիրեց սենյակից՝ բացի ինձնից և երկու տղաներից՝ ասելով․ «Դու երեկ սխալվեցիր, բայց այդ սխալի ժամանակ ձեռքի մի այնպիսի շարժում կատարեցիր, որ ցանկանում եմ մենապար բեմադրել քո կատարմամբ»։ Այդպես էլ մնացի ու դարձա համույթի մենակատարներից մեկը,-նշեց տիկին Դևոյանը։

Մեղմ ու նրբին պարեղանակի էր նման, երբ պատմում էր ապրածն ու զգացածը։ Այնքան հանգիստ էր, բայց բավական է խոսեր իր սիրելի մարդկանց մասին, աչքերը վառվում էին ու մատնում նրա անհատակ սերը։

-Ես իմ ամուր տեսակով շատ նման եմ հորս։ Նա զինվորական էր ու խիստ մարդ էր։ Նույնիսկ մի անգամ իր զինվորական համազգեստի գոտիվ ծեծեց ինձ։ Չեմ հիշում՝ ինչ էի արել, նա պահանջեց ներողություն խնդրեմ։ Ասեցի՝ չեմ խնդրի, ու ծեծեց․ դե 5 տարեկան էի, չէի հասկանում։ Բայց նույնիսկ այս միջադեպը դառնությամբ չեմ հիշում։ Ինչ-որ տեղ նաև շնորհակալ եմ նրան, քանի որ դրանք այն փոքրիկ դասերն են, որ մենք ստանում ենք կյանքից։  Նա խիստ էր, բայց միևնույն ժամանակ շատ բարի։ Մեր ընկերն էր, ում հետ կարող էիր խոսել,  կիսվել տարբեր թեմաներից։ Նա շատ արդարամիտ ու բարձր ինտելեկտի տեր մարդ էր։ Իսկ մայրս նրա հակապատկներն էր, այն առումով, որ շատ կատակասեր էր։ Նա կարողանում էր իր շուրջը հավաքել բոլորին՝ անկախ տարիքից, և հատկապես երիտասարդները ձգտում էին շատ շփվել նրա հետ։ Նրանից ժառանգել եմ նկարելու, ամեն ինչ սեփական ձեռքերով պատրաստելու ձիրքը,- պատմում է պարուհին։

Մայրը Զանգեզուրից էր, հայրը՝ Սևոստոպոլից։ Չորս տարեկան էր, երբ եկան Հայաստան։ Մայրիկի ցանկությամբ ընդունվեց պարարվեստի ուսումնարան․ դա նրա երազանքն էր։ Ավարտելով ուսումնարանի դասական պարի բաժինը՝ ընդունվեց Պարի պետական անսամբլ։

-Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ ու արագ էր ստացվում։ Եթե ուրիշները ջանք էին թափում, որ այս կամ այն շաժումն ավելի լավ կատարեն, ինձ մոտ դա ինքնաբերաբար էր ստացվում։ Բայց երբ բոլորը գնում էին, ես փորձասենյակում մենակ էի մնում ու ժամերով հղկում ձեռքիս ամեն շարժումն ու դիրքը։ Հիշում եմ՝ մի անգամ դասի ժամանակ պարուսույցս եղունգներով այնպես էր ճանկռել մեջքս։ Այդ պահին ոչինչ չզգացի, բայց երբ շրջվեցի, տեսա՝ ինչպես են արյան կաթիլներն իջնում մաշկիս վրայով։ Գնացի տուն, մայրիկս տեսավ ու հաջորդ օրը եկավ ինձ հետ ուսումնարան, տեսավ ուսուցչիս և ասաց․ «Շնորհակալություն, շարունակե՛ք նույն ոգով»։ Սա էլ էր դաս,- մեղմ ժպիտով հիշում է Սոֆի Դևոյանը։

Իր պարուհիների խոսքով՝ տիկին Դևոյանը շատ հավասարկշռված ու բարի պարուսույց է։ Չնայած իր տեսած դժվարություններին՝ նա սովորեցնում է պայքարել ու ամեն ինչ հաղթահարել ժպիտով։

-Փորձերի ժամանակ նույնիսկ եթե մի փոքր բարկանում է, գնում է, կանգնում պատուհանի մոտ, հաշվում է մինչև տասը, հանդարտվում ու նորից անցնում աշխատանքի,- պատմում են Դևոյանի պարուհիները։

-Պարի պետականում ամեն ինչ շատ խորթ էր ինձ համար։ Ընդունվելուց հետո մոտ մեկ ամիս տանը մնացի, բայց հետո հասկացա՝ պետք է հավաքվել․ վերադարձա ու խորասուզվեցի մի ուրիշ աշխարհի մեջ։ Բայց միևնույն է, կարծում եմ՝ այդպես էլ «սպիտակ ագռավ» մնացի կոլեկտիվում, սակայն ես սիրել եմ ու մինչ օրս էլ սիրեմ եմ բոլորին։ Ամեն ինչ եղել է․ կոտրել են թագերս, կտրել են հագուստս․․․ Բայց դրանք էլ էին դասեր, և դրանց համար ևս շնորհակալ եմ։ Այդ ամենն ինձ դարձրել է ավելի ուժեղ, ավելի կայուն ու ստիպել է լինել ավելի լավը։ Ես սիրում եմ հաղթողի դերը,-նշեց տիկին Դևոյանը։

Իսկապես, կյանքը հաճախ է կտրուկ շրջադարձ կատարում։ Պարուհու ստեղծագործական ու մասնագիտական բուռն ընթացքը կագնեցնում են պատերազմը, մութը, ցուրտ օրերը․ էլ ի՞նչ պարարվեստ։ Բայց այս կնոջ ներքին ուժը, ըստ երևույթին, ընդունակ էր հաղթահարել շատ ավելի բարդ պատնեշներ։

-Ես գրեթե միշտ գնում եմ հոսանքին հակառակ։ Ինձ միշտ ցավ են պատճառել, հաճախ նախանձել են, բայց ես սովորել եմ ներել և դրա համար շնորհակալ եմ Աստծուն։ Ես ներել եմ բոլորին և ամեն ինչ։ Մի անգամ ընկերուհուս տվեցի ամբողջ արխիվս, և ինձ վերադարձրին ամբողջությամբ դատարկ տեսաերիզ։ Չեմ ուզում հավատալ, որ դա հատուկ էր արվել։ Բայց չարացած չեմ ոչ ոքի նկատմամբ․ ինչի՞ համար։ Գուցե դիմացինս ուզենար, որ ես գոռայի, տեսարան սարքեի, մի բան նետեի, բայց ոչ․ ես ուղղակի լուռ հեռանում եմ։ Երևի էդպես ճիշտ է,-նշեց պարուսույցը։

Սիրելով ներդաշնակությունն ու խաղաղությունը՝ պարուսույցը ընտանիքում և աշխատանքային միջավայրում ևս փորձում է պահպանել այդ մթնոլորտը, որի մասին փաստում են նրա սաները։

Երկարատև ստեղծագործական ուղղուց հետո պարուհին որոշեց դուրս գալ Պետական անսամբլից, իսկ հետո ստեղծեց սեփական՝ Պարի և հոգու պետական թատրոնը։

-Երբ բաժանվեցի առաջին ամուսնուցս, շատ ծանր էի տանում։ Տղաս ընդամենը 14 տարեկան էր։ Հենց այդ տարի էլ դուրս եկա անսամբլից, քանի որ Վանուշ Խանամիրյանն այլևս չէր աշխատում այնտեղ, առանց որի ինձ այլևս չէի պատկերացնում անսամբլում։ Դժվար ժամանակներ էին, բայց մտածում եմ՝ եթե չլինեին այդ դժվարությունները, գուցե և չստեղծեի իմ թատրոնը։ 1992 թվականին ստեղծեցի թատրոնը։ Հավաքեցի խումբ ու սկսեցի պարեր բեմադրել։ Թատրոնին ահրաժեշտ ամեն հնարավոր բան տանից էի տանում։ Սկսեցի վաճառել ունեցվածքս, անգամ տունս գրավ դրեցի, քանի որ ֆինանսական օգնություն չէի ստանում ոչ ոքից։ Եղբորս ընկերը, ով պետք է հետո ամուսինս լիներ, դարձավ թատրոնի երաժշտական պրոդյուսերը։ Նա հիանալի կիթառ էր նվագում։ Թատրոնում ունեցել եմ նախ 20 աշակերտ, հետո դարձան 50, 100, 200․․․ Հիմա ունեմ շատ մեծ դպրոց։

Սոֆի Դևոյանի ոգու ուժի ակունքը գեղեցկության և ներդաշնակության պաշտամունքն է, նրբագեղության խորագույն ընկալումն ու վերարտադրումը, որը դրսևորվում է նրա նախաձեռնած յուրաքանչյուր գործի մեջ՝ լինի տանը, մարդկային հարաբերություններում, թե՝ բեմում։ Պարուսույցը նշում է, որ երբեք չի պատրաստվում լքել պարավեստը․

-Երբեք չեմ մտածել հրաժեշտի համերգ տալու մասին։ Քանի դեռ կարող եմ պարել, կպարեմ։ Ամենակարևորն այն է, որ բեմից դուրս գալիս ոչ ոք չլսի կոշիկներիս կտկտոցը։ Քանի դեռ հեռանում եմ ծափերի ներքո, կշարունակեմ պարել։ Երբ զգամ, որ ծափահարություններն էլ առաջվանը չեն, ուղղակի բեմ դուրս չեմ գա,- հայացքն իր մրցանակների անկյունին ուղղելով՝ նշեց տիկին Դևոյանը։

Արփինե Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել