Դեղատոմսերը մարտ ամսից դառնում են էլեկտրոնային

Դեղատոմսերը մարտ ամսից դառնում են էլեկտրոնային

265

Էլեկտրոնային դեղատոմսի համակարգը մեկնարկել է 2022 թվականի հուլիս ամսից և փորձարկվել է 1 պոլիկլինիկայի բազայի վրա։ Լուծելով առաջացած տեխնիկական խնդիրները` համակարգը գործարկել են այլ բժշկական հաստատություններում։ Ներդրվել է նաև անվճար և արտոնյալ պայմաններով ստացվող դեղորայքի ցանկը։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի խոսքով` բժիշկները այժմ աշխատում են և՛ թղթային, և՛ էլեկտրոնային դեղատոմսերով, սակայն կառավարության որոշումից հետո կաշխատեն միայն էլեկտրոնային դեղատոմսերով։

«Այս փորձարկման ընթացքում դուրս է գրվել շուրջ 1.7 միլիոն դեղատոմս, իսկ արտոնյալ և անվճար պայմաններով`  մոտ 600 հազար դեղատոմս։ Այս բոլոր դեղատոմսերը դուրս են գրվել մեր առաջնային օղակի բժիշկների կողմից»,- ասաց Արտակ Ջումայանը։

Էլեկտրոնային դեղատոմսերով տրամադրվելու են հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային դեղերը, իմունային շիճուկները, պատվաստանյութերը և միզոպրաստոլ պարունակող դեղերը։ Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանի խոսքով՝ բժիշկը դեղատոմսը տրամադրելու է էլեկտրոնային եղանակով ` նշելով դեղի ազդող նյութը, հաբերի քանակը, ժամկետը։ Դեղատան աշխատակիցը, ներբեռնելով հիվանդի անձնական տվյալները, կտեսնի դեղատոմսը և դեղերը տրամադրելիս պետք է համապատասխան դաշտում լրացնի, թե որ դեղն է տրամադրել և ինչ չափաբաժնով։ Դեղատոմսը կմարվի այն ժամանակ, երբ հիվանդը գնի բոլոր դեղերը։  Դեղատոմսը հասանելի չէ դեղատանը այնքան ժամանակ, քանի դեռ հիվանդը չի դիմել իրենց։

«Եթե բուժառուն ի վիճակի չէ մոտենալ դեղատուն, իր փոխարեն կարող է մոտենալ կոնտակտային անձը՝ կրկին անձը հաստատող փաստաթղթով։ Սակայն կոնտակտային անձի տվյալները պետք է նախապես լրացված լինի էլեկտրոնային համակարգում բժշկի կողմից»,- ասաց Ծաղկանուշ Սարգսյանը։

Դեղատները հավելյալ ոչ մի դրամական պարտավորություններ չունեն։ Ներդրվող ծրագիրը վերահսկվելու է տեսչական մարմնի կողմից։

Մոնիկա Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել