Պարը մարդկային հոգում ծնունդ առնող մի պահանջմունք է՝ շարժումների միջոցով մյուսներին հաղորդելու զգացածն ու ապրածը։ Պարը առանց բառերի խոսում և ցույց է տալիս ազգային պատմությունն ու մշակույթը, ազգային դեմքն ու դիմագիծը, մտածողությունը: Պարի և արվեստների տարբեր ճյուղերի միջև եղած աղերսների որոնման ճանապարհին մեր զրուցակիցը «Այաս» պարային դպրոցի հիմնադիր պարուսույց Ասյա Թադևոսյանն է։
-Ե՞րբ և ինչպե՞ս հայտնվեցիք պարարվեստում։ Ի՞նչը Ձեզ բերեց դեպի պրոֆեսիոնալ պարը։
-Անսահման սերն ու նվիրվածությունը ինձ բերեցին դեպի պարը։ Չորս տարեկանից զբաղվում եմ պարով, իսկ ավելի խորացված սկսել եմ զբաղվել յոթ տարեկանից, երբ ընդունվել եմ «Փոքրիկ Նանե» պարային ստուդիան։ Այս ճանապարհին մեծ դերակատարում ունեցան նաև այն ուսուցիչներն ու պարուսույցները, ովքեր ինձ սովորեցրեցին ավելի խորը զբաղվել պարարվեստով։
-Ո՞րն է ձեր գերխնդիրը։
-Իմ ու մեր կազմակերպության գերխնդիրն այն է, որ Հայաստանում պարարվեստի ոլորտի մեջ մենք կարողանանք մեծ փոփոխություն մտցնել, զարգացնել այս ճյուղը։ Զարգացումն այն ձևով կլինի, երբ երեխաները կսկսեն ավելի գրագետ զբաղվել պարով, կունենան ֆիզիկապես առողջ մարմին, որովհետև, ցավոք սրտի, Հայաստանում շատերը զբաղվում են պարարվեստով, բայց պարուսույցների մեծամասնությունը չի ուսումնասիրում մարմնի անատոմիան, հետո հանձնարարում են տարբեր տվյալներով երեխաներին կատարել այս կամ այն շարժումը, որը ավելի վնասում է նրանց, քան օգուտ տալիս։ Նման պարագայում առողջական ավելի բարդ խնդիրների առաջ ենք կանգնում։ Ինչպես նաև մեր գերխնդիրն է երեխաների մեջ ձևավորել լավ ճաշակ։
-Նոր պար բեմադրելիս առավել կարևո՞ր է հոգևոր պատրաստվածությունն ու ներշնչանքը, թե՞ շեշտը ավելի շատ դրվում է տեխնիկական պատրաստվածության վրա։
-Իհարկե, ամենակարևորը մարդու հոգեվիճակն է։ Օրինակ` ես պար բեմադրելիս շատ երկար ընտրում եմ երաժշտություն, իսկ առաջին հերթին երաժշտությունը պետք է լինի մարդու բնավորությանը, բնույթին, տեսակին համապատասխան, և երբ պարը բեմադրվում է, պետք է երաժշտությունը զգալ, լինել դրա մեջ ու հասկանալ, թե ի՞նչ ես ուզում երաժշտության ներքո տեսնել։ Իհարկե, տեխնիկական պատրաստվածությունը ևս շատ կարևոր է, եթե չլինի դա, ինչ-որ բան բեմադրել չի ստացվի։
-Հետաքրքիր է, երբ պարում եք հանդիսատեսի առաջ, ավելի շատ էներգիա տալի՞ս, թե՞ ստանում եք:
-Երբ պարում ես հանդիսատեսի առաջ, ֆիզիկապես մեծ քանակի էներգիա ես ծախսում, որովհետև, ինչքան էլ թվում է, թե պարը, վիզուալ արվեստ լինելով հանդերձ, թեթև է, եթերային, զգացմունքային, այնուամենայնիվ, այն շատ բարդ է։ Քանի որ աշխատում են դերասանական ունակությունները, հոգևոր զգացողությունը, անտանելի մեծ քանակի ջանք է գործադրում քո մարմինը, քո ուղեղը, մկանային համակարգը, շնչառությունը։ Ադրենալինը, որ ստանում ես հանդիսատեսից, կախվածություն է անտանելի առաջացնում, ինչը ստիպում է այդ ֆիզիկական ծանր աշխատանքը ևս մեկ անգամ տանել նույնը ստանալու ու զգալու համար։ Ամենաթունդ թմրանյութից ուժեղ կախվածություն է առաջացնում այդ սերն ու էմոցիաները, որը սովորական կյանքում երբեք չես կարողանա ստանալ, այն ստանում ես միայն բեմից։
-Փոքր-ինչ կներկայացնե՞ք ձեր գրանցած հաջողությունները։
-Մեր դպրոցի գրանցած հաջողությունները պետք է ասեմ, ոչ անհատական։ Մենք ունեցել ենք յոթ մենահամերգ, որոնցից երեքը եղել են ամբողջովին նոր պարային բեմադրություններով, պարային հագուստներով, սյուժետային մեծ թատերական ներկայացումներով, որոնք շատ սիրվել են հանդիսատեսի կողմից։ Մենք բերել ենք նոր մոտեցում հայկական պարարվեստի մեջ, ներկայացնում ենք ոչ թե ուղղակի հաշվետու պարային համերգներ, այլ ներկայացնում ենք սյուժետային թատերական ներկայացումներ, որտեղ կա խոսք, դերասանական խաղ և, իհարկե, պարային բեմադրություններ, ինչպես նաև արդեն ներառել ենք կրկեսային էլեմենտներ։ Մենք արդեն հասցրել ենք մեկնել արտերկիր՝ Չեխիայի Հանրապետություն, որտեղից վերադարձել ենք տասնչորս նոմինացված պարերից յոթ՝ առաջին տեղով, երեք՝ երկրորդ և չորս՝ երրորդ տեղերով, ինչպես նաև բերել ենք մրցույթի գլխավոր մրցանակը՝ «Գրան պրի»-ն։ Պարել ենք հայտնի անսամբլներից մեկի՝ «Կադանսի» հետ, հասցրել ենք հանդես գալ նաև Վանաձորում և շատ ենք ցանկանում մեր համերգները կրկնել Հայաստանի տարբեր քաղաքներում։
-Բեմադրվող պարերում գերակշռու՞մ է ազգային մշակութային տարրը, թե՞ այն ավելի շատ սեփական անհատականության դրսևորում է:
-Բեմադրությունից է դա կախված, օրինակ` մեր դպրոցում միայն հայկական ու ազգային պարերը չեն, մենք ավելի շատ աշխատում ենք նեոդասական ոճի մեջ, երբ ազգային էլեմենտները միախառնված են դասական էլեմենտների հետ։ Շեշտը ավելի շատ դրվում է դասական պարի վրա, մոդեռն, ջազային ոճն է գերակշռում։ Բայց երբ մենք ներկայացնում ենք ազգային պարարվեստը, մենք դա փորձում ենք գրագետ, գեղեցիկ և ճաշակով մատուցել՝ հասցնելով ամենաբարձր մակարդակին։
-Դուք երեխաներին սովորեցնում եք սերտել պարային այբուբենը, հե՞շտ է նրանց հետ աշխատանքը։
-Երեխաների հետ աշխատանքը անսահման սիրելի աշխատանք է ինձ համար։ Երբ դու տալիս ես շատ մեծ քանակի էներգիա ու հետո տեսնում ես ահռելի արդյունք, դա անչափ ոգևորիչ է։ Իսկ դժվարություններ միանշանակ լինում են, հիմնականում դրանք կապված են մարմնամարզության հետ, մկանային ցավեր են ունենում, փոքր տարիքում բողոքում են, որ դժվար է, չեն ուզում շարունակել։ Բայց այդ ամենն հաղթահարելի է, մենք զանազան մեթոդներ ունենք այդ ամենը հաղթահարելու, իսկ երեխաների հետ կապված ամենամեծ խնդիրը ծնողի համբերությունն է, եթե ծնողը համբերատար է, կարողանում է երեխային ոգեշնչել, ամեն ինչ ստացվում է։
-Ինչպե՞ս է հաջողվում ձեր սաների հոգում ավելի ամրացնել սերը դեպի պարարվեստ։
-Պարարվեստի միջոցով փորձում ենք կրթել նաև մյուս արվեստների մասով, գնում ենք տարբեր թատրոններ, թանգարաններ, կազմակերպում ենք նույնիսկ պոեզիայի օրեր։ Փոխվում է երեխաների և՛ կազմվածքը, և՛ խոսքը, և՛ պահվածքը, և՛ ճաշակը, և՛ վարվելակերպն ու մոտեցումը։ Մենք ունենում ենք նաև բալետների դիտման օրեր, ֆիլմերի դիտման օրեր, բոլոր ուսուցիչներս ներկայացնում ենք մեր անցած ուղին ու այդ զրույցների արդյունքում նրանք սկսում են ավելի գնահատել իրենց աշխատանքը։
-Ըստ վիճակագրության՝ պարարվեստում կանայք գերակշռում են, իսկ տղամարդիկ ավելի քիչ են. ըստ Ձեզ, ինչո՞վ կարող է սա պայմանավորված լինել։
-Հայկական պարավեստում հատկապես տղաները շատ քիչ են, կարծում եմ, դա մեր մտածելակերպի հետ է կապված, ու քանի որ պարը նրբություն, թեթևություն պարունակող արվեստ է, շատ տղաներ խուսափում են։ Բայց պարավեստի տղամարդկանց ճյուղը լրիվ ուրիշ բանի մասին է, այն ուժն է, բարձր աստիճանի տեխնիկան։ Մի փոքր երևի մեր ազգային մտածելակերպի մեջ կա այդ խնդիրը, որ ծնողը կարծում է, թե պարն ավելի շատ կանանց համար է նախատեսված, դրա համար էլ տղա երեխաներին չեն տանում պարով զբաղվելու։ Իսկ ինչքանով ես եմ հետևում աշխարհում կատարվող պարային իրադարձություններին, կարող եմ ասել, որ վիճակագրությունն այնպիսին չի, ինչպես Հայաստանում․ տղամարդիկ ավելի շատ են զբաղվում պարարվեստով։
-Ասյա, ի՞նչ է պետք անել, որ ժողովրդական պարը վերադառնա մեր ընտանիքներ, հասարակություն, հեռուստաէկրաններ. նկատած կլինեք, որ հեռուստաալիքները քիչ են ցուցադրում պարային համերգներ, ներկայացումներ։
-Կարծում եմ, հիմա փոխվել է այդ միտումը, ու հիմա շատ մարդիկ են Հայաստանում բալետ, պարային ներկայացումներ դիտում, այստեղ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերջին մի քանի տարիների ընթացքում շատ մեծ դեր ունեցավ։ Հիմա նաև տեսել եմ, որ «Շանթ» հեռուստաընկերությունը ցուցադրում է «Ազգային պարեր» հեռուստածրագիրը, որ ևս շատ խրախուսելի է։ Կարծում եմ, առաջին հերթին պետք է սկսել ամենասկզբից՝ երեխային գրագետ պարել սովորեցնել, ոչ թե ուղղակի սովորեցնել շարժվել, քանի որ դրանք տարբեր բաներ են։ Պետք է սկսել ամենասովորական պարային ստուդիաներից, դպրոցներից և շարունակել արդեն պետական պարային հաստատություններում մակարդակը բարձրացնել և ավելի պահանջկոտ դառնալ։ Այս դեպքում, երբ կլինի շատ բարձր որակ, հեռուստաալիքները կսկսեն ավելի շատ ցուցադրել, հանդիսատեսի կողմից էլ կարժանանա գնահատականի։
Քանի դեռ պարարվեստի ոլորտում չկա վերահսկողություն, ցուցանիշներն այնքան էլ բարձր չեն լինի։ Շատ ու շատ ինքնագործ կազմակերպություններ կարող են զբաղվել պարարվեստով ու ամեն ինչ տանել դեպի վատը, և ես առաջիններից մեկն եմ, ով կխրախուսի, որ այս ոլորտը վերահսկվի և լիցենզավորվեն նրանք, ովքեր իրոք արժանի են։
Սաթենիկ Խալաթյան
4-րդ կուրս