«Նպատակը խելացի աշակերտներին ավելի շատ գիտելիք ստանալու հնարավորություն տալն է». ԵՊՀ ՍԹԵՄ...

«Նպատակը խելացի աշակերտներին ավելի շատ գիտելիք ստանալու հնարավորություն տալն է». ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի տնօրեն Ա. Խաչատրյան

461

Դեռևս 2022 թ.  դեկտեմբերի 6-ին ԵՊՀ գիտական խորհրդի առաջարկով Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կազմում ստեղծել է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը»։

Դպրոցն անցած տարի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ իր դռներն է բացել երկու 10-րդ և մեկ 11-րդ դասարանների աշակերտների առջև: Դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արամ Խաչատրյանը  մեզ հետ զրույցում նշեց. «Երևանի պետական համալսարանում ավագ դպրոց ստեղծելու գաղափարը մշտապես հետաքրքրել է բոլորին, սակայն դա կյանքի կոչվեց անցած տարի: Դեռևս 2022 թվականին ԵՊՀ ռեկտոր պարոն Հովհաննիսյանի ջանքերով ստեղծվեցին աշխատանքային խմբեր, ստեղծվեց «ԵՊՀ դպրոցների ցանց» կրթական ծրագիրը, որի շրջանակներում մշակվեցին հեղինակային կրթական ծրագրեր՝ «ՍԹԵՄ» ուղղվածությամբ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, ինչպես նաև անգլերենը՝ «ՍԹԵՄ» բնագավառին համապատասխան: Այդ ծրագրերը սահմանված կարգով ներկայացվել են երաշխավորման և հաստատվել ԿԳՄՍ նախարարության կողմից»:

Դպրոցը մեկնարկի տարում ունեցել է մեկ ուղղվածություն՝ բնագիտամաթեմատիկական, սակայն բազմաթիվ առաջարկներին ընդառաջ գնալով՝ որոշում է կայացվել 2024/2025 ուսումնական տարում ընդունելությունն իրականացնել ևս մեկ՝ հասարակագիտական (հումանիտար) ուղղվածությամբ:

Ընդունելության կարգում կատարվել է նաև այլ փոփոխություն, ըստ որի՝ դպրոց կարող են ընդունվել ներկա դրությամբ 9-րդ դասարանցիները, ովքեր պետք է 2024/2025 ուսումնական տարում գնան 10-րդ դասարան: «Փաստացի հիմա ավագ դպրոցի կոնցեպտով ենք առաջնորդվում, և ընդունելությունն իրականացվում է միայն 10-րդ դասարանի համար երկու ուղղվածությամբ միաժամանակ՝ բնագիտամաթեմատիկական և հասարակագիտական (հումանիտար)», – ասաց պարոն Խաչատրյանը:

Դպրոցում ուսումնառությունը վճարովի է: Ինչպես  ընթացիկ, այնպես էլ եկող ուսումնական տարում ուսման վարձը 800 հզր դրամ է: Պայմանագրով նախատեսված է վճարումն իրականացնել երկու փուլով. առաջին մասը վճարել մինչև սեպտեմբերի 30-ը, երկրորդը՝ մինչև փետրվարի 28-ը: Հարցին, թե արդյոք սոցիալական բաղադրիչ ներառված է վճարման կարգում, պարոն Խաչատրյանը պատասխանեց այսպես.«Սոցիալական բաղադրիչ՝ որպես այդպիսին, այս պահին չունենք, փորձում ենք հիմանադրամների, դրամաշնորհային ծրագրերի աջակցությամբ ստեղծել այնպիսի հնարավորություն, որ լավ սովորող աշակերտները վարձի պատճառով դպրոցից դուրս չմնան: Նաև նախատեսված է, որ ունենալու ենք ռոտացիոն տեղեր, այսինքն՝ համաֆինանսավորում կլինի, բայց դա շատ մեծ տոկոս չի կազմի, որովհետև դեռևս դպրոցը քիչ սովորողներ ունի, և ամբողջ դպրոցի ծախսերի բեռը համալսարանի վրա է: Դեռևս ինքնաֆինանսավորման հնարավորություն չունենք, որովհետև առայժմ ներդրումներն արվում են, որպեսզի դպրոցն իսկապես կայանա, և այստեղ նպատակը խելացի, ուսման արժեքը հասկացող աշակերտներին ավելի շատ գիտելիք ստանալու հնարավորություն տալն է»:

Դպրոցի աշակերտներին հասանելի են ԵՊՀ նյութատեխնիկական հագեցվածությունը: Դասընթացները իրականացվում են դասարաններում, որտեղ կան ուսումնական գործընթացի տեսական մասն իրականացնելու համար խելացի («սմարթ») գարատախտակներ, ուսումնաօժանդակ նյութեր: Իսկ գործնական պարապմունքների իրականացման համար դպրոցն օգտվում է համալսարանի ամբողջ նյութատեխնիկական բազայից, որը ՍԹԵՄ դպրոցն ազատորեն օգտագործում է՝ ըստ նշանակության: Ինչպես ԵՊՀ-ի ուսանողները, այնպես էլ ՍԹԵՄ դպրոցի աշակերտներն օգտվում են համալսարանի մասնագիտական լաբորատորիաներից, իրենց անհրաժեշտ մասնագիտական գրականության համար՝ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանից, մարզադահլիճներից, տրանսպորտային ծառայությունից և այլն:

ՍԹԵՄ դպրոցում, ինչպես և մյուս ավագ դպրոցներում, ուսուցումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ծրագրերով: Այդուհանդերձ, կան նաև հեղինակային կրթական ծրագրեր, որոնք մշակվել են չափորոշչին համապատասխան, և վերաբերում են միայն մասնագիտական դասընթացներին:

Մեր այն հարցին, թե մյուս ավագ դպրոցների նկատմամբ արդյոք որևէ առավելություն ունի ՍԹԵՄ-ը,  դպրոցի տնօրենը պատասխանեց. «Կարող եմ նշել առանձնապես հետևյալը. հեղինակային ծրագրերով իրականացվող դասընթացների կրեդիտների  սահմանված մակարդակն ապահովելու դեպքում, որոնք ճանաչելի են ԵՊՀ-ի կողմից, մեր սովորողները ԵՊՀ ընդունվելու դեպքում ազատվելու են այդ առարկաների դասընթացներին մասնակցելուց, քանի որ արդեն իսկ ունենալու են անհրաժեշտ գիտելիքների պաշար։ Վստահ եմ՝ սա շատ կարևոր առանձնահատկություն է, և հնարավորություն է տալիս թեթևացնելու բուհի ուսանողի  ծանրաբեռնվածությունը»։

Այսօր դպրոցում սովորում են 36 աշակերտ, որոնցից ութը՝ 11-րդ դասարանում, քսանութը՝ 10-րդ դասարանում: Տնօրենի խոսքով՝ առաջնային և կարևոր է դասարանների ձևավորումը: Ըստ այդմ, եթե պետական ավագ դպրոցում դասարանների աշակերտների թիվը միջինում 30 է, ապա ՍԹԵՄ-ում նախատեսվում է 15 հոգուց ոչ ավելի, որպեսզի հնարավոր լինի անհատական ծրագրով արդյունավետորեն իրականացնել դասապրոցեսը, այսինքն՝ յուրաքանչյուր սովորողին անհատական կրթություն է տրվում, և ոչ մի աշակերտ ուշադրությունից դուրս չի մնում: Նա նշեց նաև կարևոր մի հանգամանք. կրթական ծրագրերի կեսից ավելին չյուրացրած աշակերտը չի կարող փոխադրվել հաջորդ դասարան. 10 միավորանոց գնահատման համակարգում աշակերտը պետք է քննությունից ստանա 5 և ավելի միավոր, իսկ սահմանված նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում նա ՍԹԵՄ դպրոցում անելիք չունի: «Կրթության որակին մենք մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի կարողանանք իսկապես ստեղծել նոր ժամանակի հետաքրքիր, հայրենասիրության ոգով դաստիարակված և կրթության հարգն իմացող ու կողմնորոշված դիմորդ համալսարանի համար» – եզրափակեց պարոն Խաչատրյանը:

Շուտով կսկսվի ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի՝ 2024/2025 ուստարվա ընդունելությունը, որը կիրականացվի երկու փուլով՝ գրավոր և բանավոր։  Իսկ մինչ այդ (սույն թվականի մարտի 18-ից մինչև 29-ը)  կշարունակվի հայտադիմումների ընդունումը առցանց եղանակով:

Ռուբինա Բրուտյան

4-րդ կուրս

Կիսվել