Մանկուց նկարչությամբ զբաղվելու հետաքրքրությունը 18-ամյա Կարինե Հայրապետյանին այսօր տանում է Գեղարվեստի ակադեմիա: Դեռ փոքր ժամանակ Կարինեն, կամ ինչպես նրան դիմում են` Կաչը, սիրել է նայել ինչ-որ բանի և փորձել դա իր ձևով ներկայացնել. «Նկարելը ինձ համար ձանձրույթից փախչելու միջոց էր, իսկ դրանից հետո արդեն դարձավ ինքնաարտահայտում, հանգստանալու միջոց. այդպես նկարչությունը դարձավ ապրելաոճ»,- ասում է Կաչը: Նրա կարծիքով՝ նկարներում մարդու էությունը կարելի է ֆիքսել, և դա նկարողները արտահայտում են յուրովի՝ ավելի շատ արտահայտելով իրենց էությունը նկարում, այսինքն մարդուն տեսնում են ֆիլտրված:
Կաչը հիանում է, թե ինչպես է մարդու էությունը նկարել ավստրիական էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Էգոն Շիլեն: Նկարչի ստեղծագործություններում իր «գծի զգացողությունը», ազատությունը, հասարակության աչքին մարդու հասարակ կամ տգեղ թվացող գծերը որպես արվեստի գործ ներկայացնելը Կարինեն շատ է գնահատում և ոգեշնչվում: Տրամադրություններից նախընտրում է մելանխոլիան, բայց արտահայտում է հիմնականում հույսն ու լավատեսությունը, քանի որ կարծում է՝ մելանխոլիայից պետք է լավատեսություն ծնվի, ու միշտ դեպի հույսը ձգտեն մարդիկ: Կաչի աչքից չի վրիպում ոչինչ` լինի արևածագ կամ մի քանի գույների համադրություն. «Երբ մենք սկսում ենք ուշադրություն դարձնել մեզ շրջապատող փոքրիկ գեղեցկություններին, մենք ինքներս ավելի ու ավելի գեղեցիկ ենք դառնում, և դա նույնպես իմ նկարների նպատակներից է»:
Նրա նկարների թեմաները շատ բազմազան են, բայց դրանցից առավել տարբերվողները հեքիաթներն են, որոնց շուրջ Կաչը նկարազարդումներ ու կերպարներ է ստեղծում:
Իր գունավոր աշխարհը Կարինեն նույնիսկ հասցրել է ԱՄՆ, որտեղ ուսում է ստացել Flex փոխանակման ծրագրի շրջանակում: Այնտեղի դպրոցում բացել է արվեստի ակումբ և մի խումբ դեռահասների հետ արվեստի փոքր գործեր ստեղծել և վաճառել համայնքային արվեստի օրը: Իսկ Հելոուինի ընթացքում երեխաների դեմքին նկարել էր և դրանից ստացված գումարը փոխանցել մի հասարակական կազմակերպության:
Այժմ, դպրոցի դասերի հետ համատեղել, Կարինեն Flex-ի Գյումրի քաղաքի ներկայացուցիչն է և ամեն ամիս կազմակերպում է որևէ միջոցառում: Նախորդ ամիս արցախցի երեխաների հետ մեդիտացիոն նկարչությամբ են զբաղվել, միասին հեքիաթներ ու երաժշտություն լսել և ժամանակը բնության գրկում անցկացրել: Որքան էլ զարմանալի լինի, Կարինեն ձեռագիր նամակներ է գրում ԱՄՆ-ում և Եվրոպայում ապրող իր ընկերներին, նամակների հետ նաև կցում իր ստեղծած նկարները:
Այսպիսին է արվեստի մեծ աշխարհում իր գողտրիկ անկյունը գտած Կաչը, որի անունը միայն ու միայն կապվում է արվեստի հետ:
Անահիտ Նահապետյան
4-րդ կուրս