«Ծաղիկները փոքրիկ ժպիտներ են, որոնք փոխում են մարդու օրն ու հետաքրքրքացնում այն»....

«Ծաղիկները փոքրիկ ժպիտներ են, որոնք փոխում են մարդու օրն ու հետաքրքրքացնում այն». ֆլորիստ Անահիտ Խալաթյան

340

Կյանքի առեղծվածային ուղին լի է բազմաթիվ խոչընդոտներով ու դժվարություններով, սակայն կյանքն ավելի է հետաքրքրանում, երբ սկսում ես յուրաքանչյուր դժվարություն քայլ առ քայլ հաղթահարել: Մեր զրուցակիցը հաղթողներից մեկն է՝ ֆլորիստ-դիզայներ Անահիտ Խալաթյանը, ով սիրում է ռիսկի գնալ ու հաջողել:

-Հայրս վաղուց զբաղվում էր տարբեր տեսակի ծաղիկների ու բույսերի աճեցմամբ, նրանից մի քանի բան էի սովորել և որոշեցի նրա գործը շարունակել: Համարյա զրոյից սկսեցի զբաղվել վարդերի ու մեխակների աճեցմամբ: Քանի որ մեխակների հետ աշխատանքը մի փոքր բարդ էր, կարճ ժամանակ անց դադարեցի դրանք մշակել, այժմ միայն վարդերի հետ եմ աշխատում: Վարդերս միշտ խոսում են ինձ հետ, ասում են՝ ինչի կարիք ունեն, ըստ դրա էլ հասկանում եմ՝ ինչ պետք է անեմ, իսկ առհասարակ՝ ծաղիկների հետ օրերն ավելի հետաքրքիր են անցնում:      

-Հիմնականում ինչպիսի՞ վարդեր եք աճեցնում և ինչպե՞ս եք իրացնում:

-Ապարանի բնակլիմայական պայմանները պակաս բարենպաստ չեն բարձր որակի վարդեր աճեցնելու համար, մեր ջերմատանն աճող վարդրեը ոչ մի բանով չեն զիջում հոլանդական սորտի վարդերին, հիմնականում տեղական վարդերի աճեցմամբ ենք զբաղվում: Վարդերը իրացնում ենք հենց մեր ծաղկի սրահում։

Դուք գույնզգույն վարդերի հետ եք գրեթե ամեն օր հաղորդակցվում, ո՞ր գույնն է ամենալավը նկարագրում Ձեզ:

-Կարծում եմ՝ նարնջագույնը: Որովհետև, երբ մեկին այդ գույնի վարդեր ես նվիրում, դրանցով արտահայտում ես քո անկեղծ վերաբերմունքը, էնտուզիազմը, ջերմ զգացմունքներն ու մաղթանքները: Ջերմության գույն է նարնջագույնը:

-Ըստ Ձեզ, ի՞նչ խորհուրդ ունի միմյանց ծաղիկ նվիրելը։

-Թող որ մարդիկ միմյանց հաճախ ծաղիկներ նվիրեն: Նրանք պետք է հասկանան, որ իրենք դիմացինին ոչ թե ուղղակի նվեր են տալիս, այլ պարտականություն, և նվիրելուց առաջ պիտի հասկանան, որ կենդանի էակներ են նվիրում, որոնց համար դիմացինը պիտի կարողանա պատասխանատվություն վերցնել։ Ծաղիկները փոքրիկ ժպիտներ են, որոնք փոխում են մարդու օրն ու հետաքրքրքացնում այն:

-Անահիտ, ինչպե ՞ս կարողացաք հաղթահարել այն ամենը, ինչ պատահեց Ձեզ 13 տարեկանում, ինչպե՞ս կարողացաք մոտիվացվել, առաջ գնալ, հաջողել։

-Ավտովթարի արդյունքում ես կորցրի ոտքս, գրեթե ոչինչ չկա ասելու այդ մասով, բայց ես մանուկ հասակում պարզապես երազում էի վազել, հետո մեծացա ու հասկացա, որ, եթե ես վազել չեմ կարողանում, կարող եմ ունենալ սեփական մեքենա, որը կվազի իմ փոխարեն, այն էլ այնպիսի արագությամբ, որի մասին երբեք չէի էլ մտածի (ժպտում է – հեղ․): Կարծում եմ, յուրաքանչյուր փորձություն, որը տրվում է մարդուն, նրան ավելի է ուժեղացնում թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Ինձ մոտիվացրել են իմ նպատակները։

-Մենք գիտենք, որ դուք աշխատում եք որպես հաշվապահ-օպերատոր ձեր համայնքում՝ Ապարանում, ֆլորիստ-դիզայներ՝  խանութ-սրահում, պատրաստում եք շոկոլադապատ ելակներ, զբաղվում եք վարդերի աճեցմամբ: Ինչպե՞ս եք հասցնում այդ ամենը:

-Ամբողջովին տրվում եմ գործին՝ սպառվելով օրվա վերջին: Սեփական փորձից եմ ասում՝ մարդ որքան զբաղված է լինում, այնքան հասցնում է: Կարծում եմ՝ խնդիրը հասցնել-չհասցնելը չէ, այլ ցանկությունն է՝ ուզու՞մ ես, թե՞՝ ոչ:

-Հետաքրքիր է, ավարտելով ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ինչու՞ պարզապես չզբաղվեցիք ձեր մասնագիտությամբ:

-Ավարտելուց հետո աշխատել եմ տարբեր խմբագրություններում, դասախոսել եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համասլարանում։ Հետո Երևանից տեղափոխվեցի Ապարան ու պլաններս փոխվեցին:              

-Մեզ հայտնի է նաև, որ մասնակցել ու պատվավոր առաջին հորիզոնականն եք զբաղեցրել 2019 թվականին տեղի ունեցած Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ մրցույթում՝ որպես լավագույն շախմատիստ: Այս ամենի հետ մեկտեղ՝ շախմատի՞ստ:

-Շախմատը «ոտքի վրա» ստացվեց: Սկզբում խաղալ չգիտեի, եղբորս երեխաների հետ խաղալով՝ սկսեցի սովորել, ապա՝ ուսումնասիրել, գրանցվեցի chess.com կայքում ու առցանց տարբերակով  սկսեցի խաղալ, այնքան, որ հմտացա: Հետո իմացա մրցույթի մասին ու որոշեցի մասնակցել։

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք մարդուն հաջողության հասնելու համար:

-Առհասարակ, լավ արդյունք ունենալու համար պետք է անդադար աշխատել, պատրաստ լինել մի քանի անգամ ընկնելուն․ երբեմն դա շատ ցավոտ կարող է լինել, բայց պետք է ռիսկի գնալ, ոչինչ չխնայել։

Հարցազրույցը՝ Սաթենիկ Խալաթյանի

4-րդ կուրս

Կիսվել