Լուսինե Ադամյանը հազարավոր արցախցիներից մեկն է, ով 2020 թ. 44-օրյա պատերազմի պատճառով հարկադրաբար հեռացել է ծննդավայրից ու բնակություն հաստատել Հայաստանում: Բայց Արցախը միշտ նրա սրտում ու մտքում է:
Լուսինեն ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում։ Պատմում է, որ այն անչափ գեղեցիկ էր, ու նրա հետ կապված հիշողությունները ջերմ են, կարոտով լի։ Առանձնակի սիրով ու նաև թախիծով է հիշում, թե ինչպես էին դասերից հետո՝ երեկոյան դասընկերներով հավաքվում ու զբոսնում, տարբեր խաղեր խաղում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին չհանդիպեց դասընկերներին, թեև ամեն անգամվա պես նախորդ երեկո պայմանավորվել էին հավաքվել դպրոցի դիմաց ու միասին դասարան գնալ։ Առավոտյան արդեն լուր էր տարածվել, որ պատերազմ է սկսվել, բայց լուրջ չէին ընդնունոմ, մտածում էին՝ ոնց որ ամեն անգամ ուղղակի կրակոցներ են, շուտով կհանդարտվի ու ամեն բան առաջվա նման կլինի: Բայց ոչ… Մի քանի ժամ անց, երբ հասկանալի էր արդեն, որ իրավիճակը չի հանդարտվում, ընդհակառակը՝ գնալով կրակոցներն ուժգնանում են, Լուսինեի մորեղբայրը նրան, քրոջն ու տատիկին գյուղից տարհանել, հասցրել է անտառ: Հայրը և եղբայրն արդեն սահման էին գնացել, իսկ մայրիկը բուժման նպատակով Երևանում էր գտնվում: Անտառում մնացել են մինչև երեկո, սակայն երկար մնալ չէին կարող. տաք հագուտ և սնունդ չէին վերցրել: Շուտով լուծվել է նրանց Հայաստան տեղափոխվելու խնդիրը։ Այստեղ էր ապրում Լուսինեի մայրիկի մորաքույրը: Բացի Լուսինեի ընտանիքից՝ նրա տանը ապաստանել էին Արցախից եկած ևս 20 հոգի։
-Տունը փոքր էր, մենք էլ՝ շատ, բայց այլ տեղ չունեինք գնալու: Ես հատակին էի քնում։ Այդտեղ ապրեցինք մեկ ամիս։ Իսկ արդեն հրադադարից հետո հայրս ու եղբայրս միացան մեզ, և մենք տեղափոխվեցինք Էջմիածին ու մեկ տարի ապրեցինք եղբորս ընկերոջ տանը: Հետո կարողացանք մեզ համար տուն գնել Արմավիրի մարզի Դողս գյուղում և հիմա արդեն ապրում ենք մեր տանը:
Լուսինեն նաև պատմեց, որ ամեն ամիս պետության կողմից որոշակի դրամական աջակցություն են ստացել՝ մինիմալ ծախսերը հոգալու համար։ Ինչ վերաբերում է կրթությունը շարունակելուն, նա նշեց, որ իր դեպքում խնդիր չի եղել, քանի որ ինքը դեռևս դպրոց էր հաճախում ու պարզապես ընդունվեց գյուղի դպրոց, մինչդեռ քույրիկի համար բավականին բարդ եղավ. Արցախում նա սովորում էր «Գրիգոր Նարեկացի» համալսարանի չորորդ կուրսում։ Տեղափոխվելով Հայաստան՝ նա ընդունվեց «Գլաձոր» համալսարան, բայց արդեն երկրորդ կուրս, քանի որ հնարավոր չէր լիովին համապատասխանեցնել նույն ֆակուլտետն ու կուրսը։
-Հիմա Հայաստանում փորձում ենք կյանքը սկսել նոր էջից, աշխատում ենք ու կառուցում մեր նոր տունը, որը, հույս ունենք, էլ չենք կորցնի,- ասաց Լուսինեն։
Սիրվարդ Կարապետյան
5-րդ կուրս