Մասնագիտությամբ անասնաբույժ 47-ամյա Մանուկ Մանուկյանն ապրում է Երևանում, ունի փոքրիկ տուն, որի բակում այսօր խնամում է երեք վիրավոր արագիլների: Նա ասում է, որ ամռանը դրանք հարյուրն էին, բոլորն էլ վիրավոր էին և խնամքի կարիք ունեին։ Եվ ինքը խնամել, առողջացրել է թևավորներին: Նրանց մի մասին ապաքինումից հետո ազատ է արձակել, մի մասին էլ ուղարկել է Երևանի կենդանաբանական այգի։ Հիմա իր մոտ երեքն են, որոնցից մեկին վերջերս են գտել։
Ըստ պարոն Մանուկյանի՝ ինքը դեռ վաղ տարքում է իր և բնության միջև յուրահատուկ կապ զգացել, ապա և ընտրել մասնագիտությունն ու ստացել բարձրագույն կրթություն: 2012 թ. աշխատանքի է անցել Երևանի կենդանաբանական այգում, իսկ 2018-ին հիմնել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը։
Արագիլը, որը վերջերս է հայտնվել նրա մոտ, վնասված և անօգնական ընկած է եղել։ «Կենդանին հավանաբար վնասվել է թռիչքի ժամանակ, ինչ-որ տեղի է հարվածել ու վայր ընկել, որից հետո էլ չի կարողացել թռչել։ Այդպես՝ թևը կոտրված, մի տեղում մնացել է մի քանի օր. նրան ընկերես է գտել ու բերել ինձ մոտ»,- պատմեց պարոն Մանուկյանը: Ըստ նրա՝ արագիլի բուժման և ապաքինման համար առնվազն 10-15 օր է պահանջվում, և միայն դրանից հետո թռչունը կկարողանա թռչել։
Թռչունների սրտացավ խմնամակալը նաև պատմեց, որ մյուս երկու արագիլներն իր մոտ են ամառվանից, և քանի որ նրանց վնասվածքն այնպիսին է, որ այլևս թռչել չեն կարողանա, նրանք կմանան այնքան, ինչքան պետք է, իսկ ինքը նրանց կխնամի այնքան ժամանակ, որքան պետք լինի: Արագիլներն արդեն բավականին հարմարվել են և՛ իրենց «փրկարարին», և՛ իրենց նոր տարածքին։
Ինձ հետաքրքրեց, թե ինչպես են սնվում թևավորները: Պարոն Մանուկն ասաց, որ նրանց կերակրում է հավի կրծքամսով, ձկան մսով, թեև բնության գրկում նրանք ամենակեր են. ուտում են միջատներ, մորեխներ, մկներ և այլն։
Մեր այցելության ժամանակ նկատեցի, որ բակում նաև շուն կա: Իմ այն հարցին, արդյո՞ք շունը չի վնասում արագիլներին, պարոն Մանուկը պատասխանեց. «Հակառակը, ոչ միայն չի վնասում, այլև շատ ուշադիր է թռչունների նկատմամբ: Երբ երրորդ արագիլին նոր էի բերել, և դեռ շատ թույլ էր ու չէր կարողանում սնվել, իսկ մյուսներն էլ փորձում էին նրանից խլել կերակուրը, Գաբին՝շունը, պաշտպանում ու հոգ էր տանում նրա մասին։ Սկզբում կարծես մի քիչ էլ «խանդում էր», բայց ժամանակի ընթացքում ամեն բան կարգավորվեց»:
Ինձ նաև հետաքրքրեց, թե պարոն Մանուկի այս նախաձեռնությանը պետական կամ հասարակական որևէ կազմակերպություն ինչ-որ կերպ աջակցո՞ւմ է։ Իսկ նա պարզապես ժպտալով ասաց. «Կենդանիների հետ կապված ամեն հարց ինքս իմ ուժերով եմ իրականացնում։ Ես սիրում եմ կենդանիներին, և ինձ մոտ միայն արագիլներ չեն ապաստանել: Այստեղ վիրավոր կամ խնամքի կարիք ունեցող տարբեր կենդանիներ են պարբերաբար հայտնվել ու միայն լիարժեք ապաքինումից հետո վերադարձել բնության գիրկ»։
Կենդանիների խնամքով ինքնակամ և հոգատարությամբ զբաղվող Մանուկ Մանուկյանի այս պատասխանից կարելի է ոչ միայն ենթադրել, այլև համոզված լինել, որ ամռանը նրա տան բակում դարձյալ բազմաթիվ արագիլներ ու տարբեր կենդանիներ կլինեն։
Սիրվարդ Կարապետյան
5-րդ կուրս