Երևանը սրտում՝ Երևանի համար․ նկարչուհին վերականգնում է մայրաքաղաքի փողոցների պաստառները

Երևանը սրտում՝ Երևանի համար․ նկարչուհին վերականգնում է մայրաքաղաքի փողոցների պաստառները

262

«Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է»,- կասեր Ֆորշը։ Գույների ու հիացմունքի հարատև քաղաք Երևանի ամեն մի անկյունը օր օրի ծաղկում է իր սիրելիի՝ երևանցու ջանքերի շնորհիվ։ Քսանամյա Մանե Ենգիբարյանը մեկն է նրանցից, ով անսահման սիրում է իր ծննդավայրն ու ապրում նրա ամեն մի շնչով։

«Երևանը կա ու եղել է միշտ խառը գույներով, ձևերով, չափերով քաղաք, ու եթե փողոցով քայլելիս գոնե մեկ անգամ հայացք գցես շուրջդ, հաստատ կտեսնես իրարից տարբեր, բայց իրար նման բազվաթիվ պատառոտված, խունացած, գույնզգույն, հին ու նոր պաստառներ։ Երբ դրանց նայելով քայլում ես, քեզ թվում է, թե հիմա կհիպնոզացվես»,- ասում է Մանեն։

Տարբերվող ձևավորմամբ, բազմերանգ ու հետաքրքիր պաստառների հանդեպ հետաքրքրությունը նկարչուհուն դրդեց ստեղծել դրանցով պատրաստված առաջին կոլաժը։

«Պաստառներով կոլաժ ստեղծելու միտքն անմիջապես է առաջացել։ Մի պահ պաստառների մշակույթն արագ զարգացում ապրեց Երևանում,  ցանկացած  միջոցառման համար տարատեսակ, հետաքրքիր, նոր ու յուրահատուկ պաստառներ էի տեսնում։ Հասկացա, որ դրանք Երևանի հետաքրքիր մաս են դարձել։ Իսկ ես միշտ ցանկանում էի Երևանը կատարյալ նկարագրող նկար ստեղծել։ Ընկերներիս պատմեցի մտահաղացման մասին ու բոլորին խնդրեցի, որ, եթե տեսնեն դրանցից, գոնե մեկը պոկեն ինձ համար»,- պատմում է նա։

Կոլաժը պատրաստելիս Մանեն հստակ որոշել էր․ ֆունդամենտալ մասը պետք է լինեին միայն սիրելի քաղաքի տարբեր անկյուններից հայթայթած պատկերները։ Պետք եղած ժամանակ էլ տարբեր պաստառների վրայից հատ առ հատ կտրել է յուրաքանյուր տառն ու ստացել անհրաժեշտ բառը։ Զարմացած հայացքների ներքո մոտ մեկ ամիս տարբեր փողոցներում անվերջ փնտրտուքից հետո նկարչուհի Մանեն կարողացել է ստանալ յուօրինակ ու ինքնաոճ կցապատկեր։

«Ի պաշտպանություն ինձ ասեմ, որ հավաքել եմ միայն այն պաստառները, որոնց ժամկետն արդեն լրացած էր, կամ նույնից մոտակայքում մի քանի հատ էլ կար փակցված։ Ոչ մի ավելորդ բան չկա կոլաժի վրա, իսկ արդյունքը սպասվածից էլ հետաքրքիր է ստացվել։ Պաստառն ավելի շատ նկարագրում է Երևանի քիչ տեսանելի կողմը՝ ամենահետաքրքիրը, իսկ Երևանն ինքն իրենով արդեն մեծ կոլաժ է»,- նշում է նա։

Հետաքրքրականն այն է, որ որպես նկարչուհի Մանեն կայացել և հաջողության է հասել սեփական ջանքերի շնորհիվ, նկարչության մեջ ամեն բան մեծ մասամբ  ինքնուրույն է սովորել ու հասկացել։

«Դպրոցից հետո ինձ խորհուրդ տվեցին նկարչությամբ չշարունակել, չդարձնել մասնագիտություն, այլ թողնել որպես հոբբի։ Ընդունվեցի քոլեջ, մարքեթինգ էի սովորում ու այդ շրջանում հասկացա, որ միայն նկարչությունով եմ ուզում զբաղվել։ Քոլեջն  ամեն դեպքում ավարտեցի ու ամբողջովին խորացա նկարչության մեջ։ Ու սկսվեցին՝ առաջին կտավս, առաջին պատվերներս, առաջին հեղինակային աշխատանքները ու վաճառքները։ Հետո արդեն սովորեցի սոցցանցերն օգտագործել արվեստս ավելի ճանաչելի ու տեսանելի դարձնելու համար»,- ասում է նա։

Մանեն արվեստի մեջ ազատ է, ստեղծագործում է ազատ ու չի փորձում կանոններին տրվել։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում նկարչության սահմանված կանոնները սերտելով հանդեձ՝ իր իսկ աշխատանքներին վերադառնալիս՝ ակադեմիական ճշգրիտ արվեստը մոռանում է, տրվում ազատությանը։

«Զգացմունք։ Ամենակարևոր բանը արվեստի մեջ զգալն է ու զգացնելը։ Ինքս հենց էդպես եմ գնահատում նկարները՝ ոչ տեխնիկայով, ոչ էլ ճշգրտությամբ։ Այնուամենայնիվ, էքսպրեսիոնիզմը կա ու կլինի իմ սիրտը գրաված  ուղղություններից մեկը։ Որպես էքսպրեսիոնիստ՝ իմ սիրելիների ցուցակում առաջինը Էգոն Շիլեն է»։

Մեր այն հարցին, թե արդյոք նկարչուհին ունի որևէ սիրելի գույն, նա պատսխանեց․

«Չունեմ։ Զգացել եմ, որ ցանկացած մի գույնի վրա կենտրոնանալով դավաճանում եմ մնացած գույներիս»։

Իսկ երազանքների մասին խոսելիս առաջին բանը, որ հիշատակում է, հավերժ ինչ-որ բան ստեղծելն է․ «Որպես  ոգեշնչման աղբյուր ունեմ մեկին, ում դիմանկարներն ամենաշատն եմ նկարել, ու կարծում եմ՝ դեռ շատ եմ նկարելու։ Ասել եմ մի անգամ, որ հենց հոգնեմ իրեն նկարելուց, նկարելը կթողնեմ»։

«Տեսնելով ներկայիս արվեստագետների ձգտումը երկրից դուրս գնալու՝ մի փոքր  շատ գնահատված լինելու համար, կարող եմ ասել, որ այստեղ նպաստավոր պայմանները տեսանելիորեն քիչ են, դրանք փորձում են ստեղծել անձամբ նկարիչները՝ իրենց սեփական ուժերով։ Ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ՝ ոչ։ Մեծ երազանքներիցս մեկը՝ ապրել սեփական երկրում, որտեղ «արվեստագետ» բառը չի ասոցացվում «սոված» բառի հետ։ Ու որ ամենակարևորն է՝ ապրել Հայաստանում։ Հայաստանը դարձնել այն տեղը, որտեղ արվեստագետները չեն գոյատևում, այլ գնահատվում են ըստ արժանվույն»,- ասում է նա։

Սաթենիկ Խալաթյան

4-րդ կուրս

Կիսվել