«Ես չեմ եղել ամենուր, բայց այն իմ ցուցակում է». երիտասարդ ճամփորդասեր

«Ես չեմ եղել ամենուր, բայց այն իմ ցուցակում է». երիտասարդ ճամփորդասեր

550

Մի աշխարհում, որտեղ սահմանները մշուշոտ են, և մշակույթները միահյուսվում են, գոյություն ունի անհատների մի տեսակ, ովքեր զարգանում են ուսումնասիրություններով և գրկաբաց ընդունում անհայտը: Նրանք ասում են, որ ճամփորդությունը միակ բանն է, որի համար դուք վճարում եք, բայց այն ձեզ ավելի հարուստ է դարձնում: Ճամփորդելը հաճախ դիտվում է որպես ինքնաբացահայտման տեսակ, արկածներ դեպի անհայտություն և տարբեր մշակույթներին առնչվելու տարբերակ: Այսօր մենք հնարավորություն ունենք զրուցելու մի երիտասարդ աղջկա՝ Անի Խաչատրյանի հետ, ում անձնագիրը վկայում է նրա անհագ հետաքրքրասիրության և արկածների ծարավի մասին: Ճամփորդությունը Անիին տարել է աշխարհի տարբեր անկյուններ: Բազմաթիվ փորձառությունների միջոցով նա անգնահատելի դասեր է քաղել և զարգացրել է  գնահատանքը գեղեցկության և բազմազանության հանդեպ, որն առաջարկում է մեր աշխարհը:

-Անի, ինչպե՞ս սկսեցիք ճամփորդել:
-Դեռ մանկուց ինձ շատ է գրավել ճամփորդելու, նոր երկրներ բացահայտելու միտքը։ Երեխա ժամանակից սիրել եմ օտար լեզուներ ուսումնասիրել, իմանալ այլ ազգերի մասին, իսկ երբ մասնագիտություն ընտրելու օրը հասավ, գնացի նախ օտար լեզուների ճանապարհով, հետո որոշեցի միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն ուսումնասիրել, խորացա այդ ոլորտում։ Եվ դա ավելի խորացրեց  ճամփորդելու և  բացահայտումներ անելու նկատմամբ սերս։

-Կարո՞ղ եք պատմել ամենահիշվող ճամփորդական փորձի մասին:
-Շատ հետաքրքիր ու հիշարժան ճամփորդություններ եմ ունեցել, բայց հիմնականում, բոլոր ճամփորդողներն ինձ կհասկանան, ամենաուրախ ու տպավորվողը «փորձանքների» մեջ ընկնելու հետ կապված պատմություններն են․ օրինակ, ընկերներիս հետ Ամստերդամում փետրվարյան ցուրտ եղանակին դրսում ենք գիշերել մի անգամ, քանի որ սենյակ չէինք ամրագրել, ու նաև  շաբաթ–կիրակի էր, բոլոր հյուրանոցներն ամրագրված էին։

-Ինչպե՞ս եք սովորաբար ընտրում Ձեր ճամփորդական ուղղությունը:
-Ինձ հետաքրքիր են աշխարհի բոլոր երկրները․ սոցցանցերի իմ էջերից մեկում նույնիսկ գրված է. «Ես չեմ եղել ամենուր, բայց այն իմ ցուցակում է»։ Ուղղություն ըտնրելիս հաշվի եմ առնում տարբեր հարցեր՝ վիզայի առկայություն, թռիչքների մատչելիություն և այլն։

-Ճամփորդությունները կազմակերպում եք տուրիստական գործակալությունների՞ միջոցով, թե՞ ինքնուրույն:
-Անկեղծ ասած, միշտ խուսափում էի տուրիստական գործակալությունների միջոցով ճամփորդելուց, քանի որ տարբեր փորձառություններից ելնելով՝ չէի հավանում կազմակերպվածությունը։ Սակայն հիմա ունեմ սիրելի գործակալություն (անունը չնշեմ, որ գովազդ չկարծեք), որին հաճախ վստահում եմ իմ ճամփորդությունները։ Սիրում եմ նաև ինքս կազմակերպել, հատկապես եթե Եվրոպա եմ ճամփորդելու։ Անցած տարին ինձ համար նշանակալի էր այն առումով, որ առաջին անգամ փորձեցի միայնակ ճամփորդել (նախկինում միայն գործուղումների համար էի միայնակ ճամփորդել), և հասկացա, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ ցանկացած մարդ պիտի միայնակ ճամփորդի․ մնում ես մտքերիդ հետ, կարողանում ես տնօրինել օրդ՝ ինչպես այդ պահին ուղեղդ կթելադրի, հաղթահարում ես որոշակի բարդույթներ, եթե ունես։

-Ճամփորդելիս հանդիպե՞լ եք որևէ դժվարության և ինչպե՞ս եք այն հաղթահարել:
-Դժվարություններ չեմ մտաբերում․․․ թերևս միայն հետաձգված կամ չեղարկված թռիչքները, որոնք անհարամարավետություն են ստեղծում ու խախտում հետագա պլաններդ, բայց ես անգամ նման իրավիճակներում փորձում եմ «հաղթող» դուրս գալ։ Օրինակ, թռիչքի մի ամբողջ օրվա հետաձգման շնորհիվ բացահայտել եմ Վարշավան ու ծանոթացել երկու հայ աղջիկների հետ, որոնց պլաններն էլ էին խախտվել նույն թռիչքի պատճառով։ Փոխարենը միասին լավ ժամանակ անցկացրեցինք և մինչև հիմա կապ ենք պահում։

-Ո՞րն է եղել այն երկիրը, որտեղ միշտ երազել եք այցելել:
-Վերջերս դպրոցական տարիներից մի տետր գտա, որտեղ վերջին էջին երազանքի երկրների ցուցակ էի կազմել։ Երկու առանձին ցուցակ էի կազմել, որն ինձ շատ զվարճացրեց․ թոփ քսան երկրներ, որ ուզում եմ լինել, և իրագործելի է, և թոփ քսան երկրներ, որ ուզում եմ լինել, բայց իրագործելի չէ (մտածել եմ՝ հեռու են և անհասանելի)։ Ինձ ուրախացրեց փաստը, որ անհնարին թվացող երազանքներիս հասել եմ։

-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր գալիս ճամփորդելիս:
-Նոր միջավայրում հայտնվելն ու նոր մարդկանց բացահայտելը։ Նաև շատ եմ սիրում հենց օդանավ նստել (չիրականացած երազանքներիցս մեկն օդաչու դառնալն է), չնայած որ տարեցտարի ճանապարհներից հոգնածությունը և մեր երկրից մեծ մասամբ գիշերային թռիչքները թույլ չեն տալիս ամբողջովին վայելել ընթացքը։

-Ճամփորդական ինչպիսի՞ խորհուրդներ կտայիք:

-Ինձ միշտ շատ են ասում՝ էլ երկիր մնա՞ց, որ չես եղել։ Իրականում շատ երկրներ կան, որ չեմ եղել, ու ինքս ինձ չեմ համարում գերակտիվ ճամփորդ (չնայած որ կուզեի լինել, պարզապես աշխատանքից բացակայել շատ չեմ կարող, նաև պիտի աշխատեմ, որ ինձ թույլ տամ ճամփորդել), բայց քանի որ սոցցանցերից մեկում նախընտրում եմ միայն ճամփորդություններից նկարներով կիսվել, տպավորություն է, որ միշտ երկրում չեմ։ Ամեն դեպքում, կիսվեմ իմ համեստ (կամ ոչ այնքան) փորձով․

  • ճամփորդելը շատ թանկարժեք չէ, պարտադիր չէ, որ լյուքս պայմաններից օգտվեք ճամփորդելիս, եթե նպատակը հանգիստը չէ, այլ՝ երկրներ բացահայտելը,
  • միշտ ձեր ամսական եկամուտից, թեկուզև շատ փոքր գումար, մի կողմ դրեք, մի քանի ամիս անց կունենաք բավականին կլոր գումար որևէ ուղղությամբ մեկնելու համար,
  • եթե իսկապես ուզում եք ճամփորդել, առօրյա ծախսերից կրճատեք այն ծախսերը, որոնք կենսական նշանակություն չունեն, բայց գումարը խնայելու արդյունքում կարող եք ճամփորդել ու հարստացնել ձեր մտահորիզոնը,
  • եթե մեկնում եք որևէ երկիր, կարող եք այնպես պլանավորել ձեր ճամփորդությունը, որ միանգամից մի քանի քաղաք կամ հարևան երկրներ էլ այցելեք։ Սա հատկապես ճկուն տարբերակ է Եվրոպայում ճամփորդելու համար։
  • Ճամփորդելիս միշտ հիշեք, որ հանգստանալ կարելի է նաև տանը․ ուրեմն, եթե գտնվում եք արտերկրում, օգտագործեք ամեն վայրկյանը։ Ես երկու օրում հնարավոր է երեք քաղաք այցելեմ, երկու երկիր, թեկուզև չհասցնեմ հանգստանալ, բայց արդյունքում հիանալի հուշեր եմ ձեռք բերում։

Եվ եթե մասնակցում եք ինչ–որ ծրագրերի արտերկրում, գործուղման եք մեկնում կամ նման այլ առիթով երկրից դուրս, կարող եք ձեր հաշվին մեկ–երկու օր ավել մնալ և ազատ ճամփորդել տվյալ երկրում։ Ես ինքս շատ երկրներ այդպես եմ բացահայտել։

-Ունե՞ք սիրելի ճամփորդական պատմություն, որով կցանկանայիք կիսվել:
-Իմ վերջին ճամփորդության մասին կպատմեմ․ ընկերուհիներս երկու օրով Աբու Դաբիի տոմսեր էին գնել՝ Սթինգի համերգին գնալու նպատակով։ Արդյունքում հասցրինք և՛ համերգը վայելել, և՛ քաղաքի բոլոր կարևոր տեսարժան վայրերում լինել։ 

-Ո՞ր երկիրն է եղել, որը գերազանցել է Ձեր սպասելիքները, և ո՞ր երկրից սպասումները չեն արդարացել:
-Սպասելիքներս գերազանցեց Սլովակիան․ ընկերներս միշտ ասում էին, որ Բրատիսլավայում երկու ժամից ավել չարժե մնալ, քանի որ շատ ձանձրալի քաղաք է, բայց ինձ անկեղծ շատ դուր եկավ․ սիրում եմ հանգիստ քաղաքներ, որտեղ ավելորդ աղմուկ չկա, ու նաև շտապելու տեղ չկա։ Սպասումները չարդարացնելու մասով չեմ մտաբերում որևէ երկիր, բայց, օրինակ, անցած տարի Գերմանիայի երկու քաղաքում եմ եղել ու երևի հոգնածության պատճառով չեմ ընկալել՝ ինձ դուր եկավ, թե չէ։ Համենայն դեպս՝ Դրեզդենը միշտ Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքների ցանկում է նշվում, իսկ ես այն մի տեսակ չկարողացա վայելել։

-Ի՞նչ դրական ազդեցություն են ունենում ճամփորդությունները Ձեր կյանքում:
-Իմ սիրելի մտքերից է՝ եթե կյանքումդ որևէ լավ բան է լինում, ճամփորդիր, որ նշես, եթե վատ բան է կատարվում, ճամփորդիր, որ մոռանաս, եթե ոչնիչ չի կատարվում, ճամփորդիր, որ լինի։ Առանց ճամփորդելու ինձ չեմ պատկերացնում։

-Նախընտրում եք միայնա՞կ ճամփորդել, թե՞ ուղեկիցների հետ, և ինչու՞:
-Սիրում եմ ճամփորդել և՛ մենակ, և՛ ընկերներիս հետ։ Միայնակ ճամփորդելն օգնում է մտքերս հավաքելու ու իմ ռիթմով շարժվելու հարցում, իսկ ընկերների հետ ճամփորդելն ուղղակի արկածների, հիշողություններ ստեղծելու լավ առիթ է։

-Ո՞ր երկրի խոհանոցն եք ամենաշատը հավանել և ո՞րը չեք հավանել:
-Ես առհասարակ սիրում եմ մեր տարածաշրջանի խոհանոցը, բայց ինձ շատ գրավել են Չեխիայի և Հունգարիայի խոհանոցները։ Չեմ հավանել հնդկական խոհանոցը, չնայած որ համեմունքներ սիրում եմ։

-Ո՞ր ճամփորդական ուղղությունն է, որը, ըստ Ձեզ, թերագնահատված է և արժանի է ավելի մեծ ուշադրության:
-Ինքս չեմ եղել, բայց կնշեմ Միջին Ասիայի երկրները։ Կցանկանայի մոտ ապագայում ինքս բացահայտել դրանք։

-Ունե՞ք ճամփորդական սիրելի ֆիլմ, գիրք կամ բլոգեր, որոնք Ձեզ ոգեշնչում են:
-Միանշանակ «Կեր, աղոթիր, սիրիր»  ֆիլմը և համանուն գիրքը։ Բլոգերների էլ եմ շատ հետևում, հեռուստատեսային հաղորդումներ ևս։ Մեր տանը հեռուստացույցի ալիքներից ամենաշատը ճամփորդական հեռուստաալիքներն են միացված։ Հայաստանից կառանձնացնեմ Ռաֆայել Հովհաննիսյանի՝ «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդումը, որը դասական ճամփորդական հաղորդումներից առաջիններից էր, և դեռ դպրոցական տարիքից ոչ մի եթեր բաց չեմ թողել։ Իսկ մեր օրերում կառանձնացնեմ Վարդան Սարգսյանի նախագծերը, որովհետև տարբերվում են իրենց մոտեցմամբ, ձեռագրով ու բովանդակությամբ։ Այլ երկրներից մի ֆրանսիական հաղորդում կառանձնանցնեմ՝ “Des trains pas comme les autres” (անգլերեն՝ Amazing Train Journeys, իսկ ռուսական տարբերակով՝ Под стук колес)․ շատ եմ հավանում հաղորդման կոնցեպտը՝ կապված գնացքների հետ, ինչպես նաև տեղացիների առօրյա կյանքի վրա շեշտադրման փաստը։

-Ինչպե՞ս եք հաղթահարում լեզվական խոչընդոտները, երբ ճամփորդում եք այն երկրներ, որտեղ Դուք չեք խոսում տեղական լեզվով:
-Ես շատ եմ սիրում օտար լեզուներ ուսումնասիրել, ազատ խոսում եմ մի քանի լեզվով։ Եթե հայտնվում եմ այնպիսի երկրում, որի լեզուն չգիտեմ, հենց ճամփորդելու ընթացքում փորձում եմ մաքսիմալ անհրաժեշտ բառապաշարը սովորել կամ կարդալ, օրինակ։ Ճամփորդություններս նաև նոր լեզու սովորելու ոգեշնչման աղբյուր են շատ հաճախ։ Ցանկացած դեպքում օգնում է նաև այլ լեզուներ իմանալը։ Օրինակ, վերջերս ընկերուհուս հետ Իտալիայում էինք, ինքը գիտի իտալերեն, ես՝ ոչ․ հասկանում եմ, բայց չեմ խոսում։ Ամեն անգամ տեղացիների հետ շփվելիս, երբ ինձ հարցեր էին տալիս, ես պորտուգալերեն էի պատասխանում․ ընկերուհիս ասում էր՝ էդ իտալերեն չի, իսկ ես՝ կարևորը ինձ հասկացավ, ես էլ իրեն։

-Կա՞ որևէ երկիր, որտեղ բազմիցս այցելել եք, և եթե այո, ապա ինչն է Ձեզ անընդհատ հետ բերում այդտեղ:
-Ամենաշատը Բելգիայում եմ եղել, աշխատանքի բերումով։ Շատ եմ սիրում այդ երկիրը, ու մի տեսակ հարազատ կապ կա արդեն։ Որպես զբոսաշրջիկ՝ Իտալիայում եմ եղել երեք անգամ, բայց քանի որ Իտալիան հյուսիսից հարավ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք բացահայտելու երկիր է, դեռ շատ պիտի  լինեմ այնտեղ։ Նախորդ տարի նաև Չեխիայում եմ հասցրել երկար մնալ․ նախ՝ որպես զբքսաշրջիկ, հետո՝ Չեխիայի արտգործնախարարության հրավերով մի ծրագրի մասնակից։ Հասցրել եմ բացահայտել Չեխիայի մի քանի քաղաք ու  բոլոր շրջանները։ Շատ սիրեցի․ իհարկե, հատկապես Պրահան։ 

-Ի վերջո, ի՞նչ խորհուրդ կտաք մեկին, ով ցանկանում է սկսել ճամփորդել:
-Խորհուրդ կտամ չվախենալ և սկսել ճամփորդել։ Կրկին հիշեցնեմ, իհարկե, որ ունեցած գումարով հնարավոր է ճամփորդել․ աստղաբաշխական գումարներ միայն լյուքս ճամփորդությունների համար են անհրաժեշտ։

Հարցազրույցը՝  Անի Մանուկյանի
5-րդ կուրս

Կիսվել