‹‹Հենց ազատ օր ունենամ, Գորիս պետք է գնամ, կարոտել եմ›› : Ջուլյայից հաճախ կարելի է լսել այս խոսքերը. Գորիսեցի է, ապրում է Երևանում, ասում է՝ հոգին ու սիրտը հարազատ քաղաքում է թողել, կարոտը ստիպում է հաճախ վերադառնալ:
‹‹Կյուրուսեցի ե՞ս, կյուրուսան ե՞ս։ Գորիսեցիները հիմնականում իրար բարբառով են դիմում: Շատ քիչ կնկատեք, որ օգտագործեն Գորիսեցի կամ Գորիս: Դե ինչպես գիտեք, Գորիսը նախկինում Կյորես է անվանվել, և հենց այստեղից էլ մեր մեջ մնացել է կյուրուսեցի ասելը››:
Գորիսը հին քաղաք է, նույնիսկ առանձին հատված ունի, որ կոչվում է Հին Կյորես՝ քարանձավային քաղաք, որտեղ հնում ապրել են գորիսեցիները: Ջուլյան հիշում է իր պապիկի պատմությունները այդ քարանձավների մասին, ասում է՝ ապուպապերը այնտեղ են ապրել, մինչև քաղաքում շենքեր են կառուցվել, պապիկը այնտեղ չի ապրել, բայց իր պապերից լսել է, որ քարանձավը իսկական տան պես է եղել՝ սենյակների բաժանված, մահճակալներով, առանձին թոնրի հատված է եղել, նույնսիկ որոշներն էլ պահպանվել են մինչ օրս:
Այժմ գորիսեցիները ապրում են մի քաղաքում, որտեղ ամեն ժայռ ու սար հսկում է իրենց անդորրը.
‹‹Քաղաքը իր բոլոր կողմերով բարձր ժայռերով ու լեռներով է շրջապատված։ Պաշտպանում են քաղաքը, մեզ են պաշտպանում: Պիտի անպայման մեր Լաստ սարի մասին պատմեմ, որին մենք Լաստի խութ ենք ասում:
Գրեթե բոլոր գորիսեցիների տնից այդ սարը երևում է, տեսարանը շքեղ է տարվա ցանկացած եղանակին, դե իսկ արևածագին գույների ամենագեղեցիկ երանգներով է պատված։ Մեր հպարտությունն է այդ սարը։
Մի անգամ, երբ շատ փոքր էինք՝ երևի 9 կամ 10 տարեկան, ընկերներով որոշեցինք բարձրանալ, իհարկե ծնողներից թաքուն, մոտ 5 հոգով էինք, դումջակներ էինք վերցրել (բրդուջներ) ու սկսել բարձրանալ: Շատ դժվար ճանապարհ անցաք. հող, փշեր, իսկապես դժվար էր այդ տարիքում, բայց բարձրացանք, ու ամենահետաքրքիրն այն էր, որ այսպես ասած գագաթին միայն երկուսով հասանք, դրոշ կար վերևում ու խաչ, չքնաղ տեսարան դեպի շախմատաձև ու կարմիր կտուրների քաղաք: Հիշում եմ՝ շատ սառն էր օդը, բայց օդի մեջ մի տեսակ հպարտության շունչ կար, համառության ու խորը զգացմունքների:
Լավ փորձություն էր, այդ տարիքի համար գուցե նաև լավ հաղթանակ, իհարկե հետո ծնողների բարկությունից վախեցած, բայց հոգու խորքում հպարտ էինք››:
Ի դեպ, Գորիսը հաճախ անվանում են շախմատաձև քաղաք իր տեսքի համար և կարմիր կտուրների քաղաք, քանզի գրեթե բոլոր գորիսեցիների տների կտուրներն այդ գույնն ունեն:
Գորիսի ամենագողտրիկ թաղամասերից «ծտպուներ»-ը : Հետաքրքրեց չէ՞ անունը. ծտպուներ մեր բառբառով է՝ ծտի բույն:
Հիմա կասեք, թե ինչու, ու պատասխանն ամենահետաքրքիրն է, որովհետև այստեղ տներն իսկական ծտպուներ են:
Մարդիկ են ապրում, բնակելի տներ են, բայց երբ հեռվից նայում ես, այնտեղ տները այնքան փոքրիկ են, որ կարծես ծիտիկների բներ լինեն։ Բացի այդ իրար վրա են, այսինքն դասավորված են մեկը ներքև, մեկը վերև, բավականին տարբերվող ու սիրուն է։
Գորիսի սարերին հաճախ պատում է մշուշը, ինչպես տեղացիներն են ասում՝ կյուրուսի թոխպը(մառախուղ) քաղաքի ամենաբնորոշ եղանակն է:
Գորիսը փոսի մեջ է, կարելի է այսպես ասել։ Երբ թանձր մշուշը ժայռերից իջնում է ներքև, քաղաքը փոքր ինչ մռայլվում է՝ չկորցնելով իր գողտրիկ գեղեցկությունը: Այս տեսարանը վերևից է պետք նայել, ու սիրահարվելն անխուսափելի է, վստահեցնում են նրանք:
Գորիսում եղանակը սառն է, բայց մարդիկ՝ ճիշտ հակառակը:
«Մենք համառ մարդիկ ենք, հաճախ ասում ենք՝«մեր սրերի նման հպարտ ու համառ», պինդ ենք, կոպիտ, բայց միևնույն ժամանակ շատ բարի, հյուրասեր ու հոգատար»,- ասում է Ջուլյան:
Տատն ու պապը հյուրասեր գորիսեցու օրինակն են իր համար.
«Մի անգամ հիշում եմ՝ ոտքով ճամփորդող զբոսաշրջիկներ էին անցնում մեր բակով, տատիկս արագ մի տաք հաց ու մի գլուխ պանիր փաթեթավորեց ու վազեց դուրս՝ նրանց փոխանցելու:
Երբ նոր մարդ են տեսնում քաղաքում, անպայման հրավիրում են տուն, սեղան գցում, ու ոնց մեր պապիներն են ասում, «մի մի բաժակ պան խմում»։ Անպայման քրահունջի թոթի արաղ են հյուրասիրում, ճխթթո, խաշիլ, ուտեստներ, որոնք միայն Սյունիքում կփորձեք:
Ճխթթո մենք բազուկի թթուին ենք ասում, գորիսեցիների ամենաասիրելի ուտեստն է: Բոլորի տանը կա ճխթթո ու անպայման հենց իրենց պատրաստածը:
Մեր տանն էլ ճխթթո պատրաստելու ընթացքը մի մեծ արարողակարգ է. տան տղամարդիկ այգուց բերում են մեծ քանակությամբ բազուկ, իսկ տան կանայք «խմբերի բաժանված» մաքրում: Մեկը տերևներն է կտրում, մյուսը՝ կեղևը, էն մեկը տեսակավորում և այսպես միասնական պատրաստում են: Երկար, բարդ ու տանջալի գործընթաց է, բայց ընտանեկան միջավայրում զրույցի բռնված ջերմ ու հաճելի է պատրաստման ընթացքը:
Խաշիլն էլ Գորիսյան ուտելիքներից է, ասեմ ավելին՝ իմ ընտանիքի սիրելի ուտեստներից, բայց ոչ իմ, ու ցավով պիտի նշեմ՝ խաշիլի օրերին ես քաղցած եմ մնում, կամ էլ իր հետ մատուցվող թանն եմ խմում»:
Գորիսի ու նրա ժողովրդի մասին անվերջ կարելի է խոսել, սակայն Ջուլյան ցանկացավ նաև մեզ ծանոթացնել իրենց բնութագրող ու հատկանշանական բարբառի հետ, թե կարող եք հասկացեք՝ ինչ է ասում.
«Տիեր, տվեր դե ասի վերը վերնա՞։ Գիդում եմ թա չես կարա
Ամալա կամ
Տափը եկած
Ղուլդուր ես տու
Բյալքի դուզն էլ տայա
Լոբուն ճախերը տնգիլի ա
Տեն կաց տեսնամ:
Դե վեր էսքանից հետո օզում չես կաս քանք մեր քաղաք, ուրեմն ես իսկականից գիդում չեմ քեզ հինչ ասեմ»:
Մարիամ Վարդանյան
4-րդ կուրս