Տեխնոլոգիական վերածնունդ պատերազմի մասնակիցների համար. ԳՏՏԿ-ն մեկնարկել է հերթական անվճար կրթական...

Տեխնոլոգիական վերածնունդ պատերազմի մասնակիցների համար. ԳՏՏԿ-ն մեկնարկել է հերթական անվճար կրթական ծրագիրը

230

Մարտի 2-ին Ազատազենում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը ազդարարեց տեխնոլոգիական և ինժեներական անվճար կրթական ծրագրի մեկնարկը։

Մինչ պաշտոնական հատվածին անցնելը ծրագրի մասնակիցները շրջեցին Ազատազէնի տարածքում, ծանոթացան հասարակական կազմակերպության գործունեությանը, նպատակներին ու խնդիրներին։

Ծրագրի պաշտոնական բացումը արեց ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը՝ հետադարձ հայացք նետելով դեռ 2020 թվականին, երբ պատերազմից հետո արտագաղթը կանխելու, հայ երիտասարդների ներուժը բացահայտելու, նրանց կարիերա ստեղծելու հնարավորություն ընձեռելու և այդ ճանապարհը բացելու ու աջակից լինելու նպատակով ձեռնամուխ եղան սկսելու անվճար տեխնոլոգիական և ինժեներական դասընթացներ Հայաստանում բնակվող պատերազմի մասնակիցների համար։

«Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում» որոշեցինք, որ այսուհետ մեր տեխնոլոգիական ծրագրերը անվճար և հասանելի պետք է լինեն մեր տղաների համար: Երբ մեկնարկ տվեցինք ծրագիրին, ունեինք 100-ից ավելի դիմորդ բայց պետք է ասեմ, որ անտարբերությունը ակնհայտ էր։ Իսկ ահա 6 ամիս հետո բոլորիս համար պարզ դարձավ, որ տեխնոլոգիաները հզոր միջոց են և տղաները 6 ամիս հետո երազում էին ստեղծել սեփական ընկերությունները Հայաստանում, աշխատել տեխնոլոգիական ոլորտում»,- ասաց Ամալյա Եղոյանը։

Նա ներկայացրեց 2024-ի դիմորդների քանակը․ «Երկու շաբաթում ստացել ենք 300 հայտ, ու մեծ մասը նաև Արցախից Հայաստան տեղափոխված մեր տղաներն էին։ 2020-23 թվականների ընթացքում ավելի քան 300 պատերազմի մասնակից մեզ մոտ տարբեր դասընթացների է մասնակցել, որոնց 70 տոկսը արդեն աշխատում է ոլորտում, ընկերություններ են հիմնել, իսկ հիմա երբ հայտարարեցինք նոր ծրագրի մասին 300 դիմորդ ունեցանք 2 շաբաթում»։

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը 2021-ից շարունակաբար իրականացնում է մասշտաբային տեխնոլոգիական կրթական ծրագրեր պատերազմի մասնակիցների համար:

Միջոցառման ընթացքում ծրագրերի ղեկավար Էդգար Չիլինգարյանը հայտնեց, որ դասերը տեղի են ունենալու Երևանում, Գյունրիում, Վանաձորում գործող կենտրոնի աշխատարաններում, իսկ Սյունիքի մասնակիցների համար դասերը իրականացվելու են առցանց ձևաչափով։ Դիմորդներն իրենք են ընտրելու կրթության ուղղությունը, այնուհետև կազմելու են թիմեր, որ միասին մեծ նախագծերի վրա աշխատելու հնարավորություն ստանան։

Ծրագրի արտադրական փուլը իրականացվելու է Երևանում ընկերության կողմից վարձակալված ավտոտնակներում, որտեղ մասնակիցները ստեղծելու են Հայաստանում առաջին no chashe vending մեքենաները։ Դրանք անկանխիկ վճարման տարբերակով են աշխատում,  իսկ հետագայում ստացված արտադրանքը վերածելու են  բիզնեսի։

Միջոցառման ընթացքում ուսանողների համար շարունակական ռազմական դաստիարակությանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ համագործակցության հուշագիր ստորագրեցին GITC-ի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը և Ազատազէնի տնօրեն Նաղաշ Բաղդասարյանը։

Ամալյա Եղոյանի խոսքով՝ կրթական ծրագրի մասնակիցների հետ առաջին հանդիպում-ծանոթությունը և նախագծի մեկնարկը տեղի ունեցավ Ազատազէնում, քանի որ խնդիրը ոչ միայն լավ, այլև որոշակի որակներ կրող մասնագետ պատրաստելն է։

«Մենք Ազատազէն միշտ բերում ենք մեր ինժեներական ծրագրերի ուսանողներին, որովհետև հասկանում ենք, որ այսօր շատ կարևոր է, որ տեխնոլոգիական գիտելիքին զուգահեռ մեր երիտասարդները նաև տիրապետեն զենքով կրակելու արվեստին, հասկանան զենքի օգտագործման կարևորությունը։ Ազատազէնում շատ կարևոր ռազմական դաստիարակություն են փոխանցում մեր երիտասարդներին, և այսօր անգամ հուշագիր ենք ստորագրել, որ համագործակցությունը կրի շարունակական բնույթ»։

Ըստ «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերության գործադիր տնօրեն Նաղաշ Բաղդասարանի՝ սա զենքի առողջ մշակույթի տարածման լավ հնարավորություն է․

«Մենք զբաղվում ենք քաղաքացիական զենքի մշակույթի տարածմամբ, հրաձգարանների ստեղծմամբ, հավատում ենք, որ Հայաստանում պետք է զենքի մշակույթը լինի կենցաղի մաս, ցանկացած հայ ընտանիքում լինի զենք և այն պետք է պահվի անվտանգ ու կիրառվի միայն Հայաստանի սահամններից դուրս։ Մեր նպատակը՝ տեխնոլոգիական աշխարհը զենքի աշխարհի հետ համադրելն է։ Մենք հավատում ենք, որ զենքի մշակույթի առողջ տարածումը հնարավոր է Հայաստանում՝ կրթված և բանիմաց երիտասարդների միջոցով»։

Կենտրոնի կողմից ցանկություն կա բոլոր դիմորդներին ներգրավել ծրագրում, սակայն ռեսուրսները քիչ են, դոնորների պակասը՝ նկատելի:  Ծրագրին այս պահին մասնակցելու են 300 դիմորդներից 120-ը։

Աննա Արզումանյան

Անթառամ Բարսեղյան

3-րդ կուրս

Կիսվել